Բաժիններ՝

«Անհաջողակները կասեն, որ քեզ մոտ չի հաջողվի, պարզապես մի լսիր նրանց, արա քո գործը». Google-ի ներկայացուցիչ

Չնայած տեխնոլոգիաների արագ զարգացմանը, այդուամենայնիվ, մենք չենք կարող իրականում ասել՝ ինչն է հնարավոր, և ինչը՝ ոչ, եթե այդ ամենը չենք փորձել: Եթե դու սիրում ես ինչ-որ բան և այդ ամենի հանդեպ իրականում կիրք ես զգում, ապա դու կարող ես դա անել: Պետք չէ լսել, թե այլ մարդիկ ինչ են ասում կամ ինչ են մտածում այդ ամենի մասին: Երբ ես գնացի Սիլիկոնային հովիտ, այդ վայրում գտնվող մարդկանց բնորոշ էր մի կարևոր յուրահատուկ գիծ. Սիլիկոնային հովտում մարդիկ չեն մտահոգվում, թե ինչ եք մտածում դուք, նրանք պարզապես անում են այն, ինչ պետք է անեն: Նրանց մտածելակերպն է այդպիսին՝ անել ինչ-որ բան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դեյվիդ Գարսիա Քուինտասը: Նա 2012թ. հոկտեմբերից աշխատում է Google-ում (Google Ads-ի տվյալների պլատֆորմի թիմում)՝ որպես ծրագրավորող: Մինչ Google-ում հայտնվելը Քուինտասն աշխատել է Բերքլիի ազգային լաբորատորիայում (Բերքլի, Կալիֆոռնիա) և Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում (CERN):

«Ես Իսպանիայում եմ ծնվել և մեծացել, չգիտեմ՝ Հայաստանում ինչպես է, սակայն այնտեղ մարդիկ չեն ուզում ինչ-որ բան փորձել անել՝ վախենալով անհաջողության մատնվել, որովհետև չեն ուզում, որ անհաջողություն ասվածը որևէ կերպ կապված լինի իրենց անվան հետ: Մինչդեռ իմ փորձառությունից կարող եմ ասել, որ ԱՄՆ-ի և նմանատիպ երկրների տարբերությունն այն է, որ ամերիկացիները չեն մտահոգվում անհաջողության մատվելուց. եթե դու անհաջողության ես մատնվել, դա նորմալ է, վեր կաց և  կրկին փորձիր, կրկին փորձիր, կրկին փորձիր՝ մինչև որ կհաջողես»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մարդիկ ավելի շատ բան սովորում են հենց անհաջողությունների շնորհիվ, քան հաջողությունների և հաղթանակների դեպքում:

«Որքան շատ են անհաջողությունները, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ շուտով հաջողելու ես: Մարդիկ հաճախ մտածում են՝ հետևել ամբոխին և շարունակել այդպես ապրել ու միգուցե մի օր հաջողության կհասնեն, սակայն դա այդպես չէ: Օրինակ, եթե մարդիկ անհաջողակ են, ապա նրանք քեզ կասեն, որ դա հնարավոր չէ, և քեզ մոտ էլ դա չի հաջողվի. պետք չէ նրանց չափորոշիչներով շարժվել, պարզապես մի լսեք նրանց և շարժվեք առաջ»,- ասում է Դեյվիդ Գարսիա Քուինտասը: Ուսումնասիրելով Սիլիկոնային հովտում այդքան շատ ընկերությունների ու մարդկանց աշխատանքը՝ նա հանգել է  հետևյալ երեք եզրակացություններին, որոնք բնորոշ են այդտեղի մարդկանց. «Նախ՝ ինքնավարություն, անել մի բան, որն ինքդ ես ուզում անել՝ առանց ազդվելու այլ մարդկանցից, վարպետություն՝ ավելի լավ անել և լավացնել հմտություններն այն ամենի մեջ, ինչ անում ես, և նպատակ, այն ինչ անում ես, ինչ-որ նշանակություն ունի քեզ համար, կամ այն հանրույթի համար, որին պատկանում ես: Այս ամենը բնորոշ է այդ յուրահատուկ վայրին, որը համախմբում է բազմաթիվ տեխնոլոգիական ոլորտի հսկաների»,- ասաց Google-ի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ մեր զրուցակցի՝  Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, և այստեղ կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր իսկապես մոտիվացված են և պատրաստ են փոփոխություններ կատարելու, նրանց պետք է պարզապես անել այդ ամենը՝ դադարելով մտածել, թե արդո՞ք իրենք կարող են դա անել, թե՞ ոչ, ենթակառուցվածքներն ինչպիսին են, կամ այլ մարդիկ ինչ են մտածում այդ ամենի մասին:

«Մի մտածիր այդ ամենի մասին, պարզապես արա այդ, որովհետև իրականում ոչ ոք չի կարող ասել, դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Անտեսեք բոլորի ասածը և միգուցե հենց դուք մի օր անհնարինն իրականություն դարձնեք»,- ասաց Դեյվիդ Գարսիա Քուինտասը:

Նշենք, որ նա այս օրերին գտնվում է Հայաստանում՝ մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2013-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս