Սպանության մեջ մեղադրվողին փնտրում էին Լիտվայում, գտան Հայաստանում
Դեռևս 2001թ. մարտի 30–ին Լիտվայի Հանրապետությունում քրեական գործ էր հարուցվել լիտվական քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով, այն է` դիտավորյալ սպանություն: Նախաքննության ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ քաղաքացի Խաչիկ Գևորգյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում և քննությունից թաքնվելու կապակցությամբ հայտարարվել հետախուզում: Այս մասին հաղորդում է Pastinfo.am կայքը:
2011 թվականի սեպտեմբերի 15–ին ՀՀ Գլխավոր դատախազության պահանջով Լիտվայից ստացվել է սույն քրեական գործը, որը ներպետական նախաքննական մարմնի կողմից ընդունվել է վարույթ: 2012թվականի փետրվարի 7–ին ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանը հայտնաբերվել է Երևանում և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Գործի քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանը և հանգուցյալ Արամ Մանվելյանը մանկուց ճանաչել են միմյանց, Հայաստանի Հանրապետությունում բնակվել նույն թաղամասում և գտնվել մտերիմ փոխհարաբերությունների մեջ: 1995թ. Ա.Մանվելյանը մշտական բնակության է մեկնել Լիտվայի Վիլնյուս քաղաք, որտեղ ամուսնացել է Ակվիլե Մանվելյանի հետ և բնակվել Վիլնյուսում: Խ.Գևորգյանն ևս հաճախակի է գնացել Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս և զբաղվել առևտրով:
2001թ. մարտի 29–ին ժամը 2230–ի սահմաններում, Ա.Մանվելյանի հրավերով Խ.Գևորգյանը հերթական անգամ այցելել է Ա.Մանվելյանին է պատկանող «Արմենիա» խորտկարան, որտեղ Ա.Մանվելյանի և նրա ծանոթ, գործով վկա Ալեքսեյ Ռոգաչևի հետ օգտագործել են ոգելից խմիչքներ: Ժամը 23–ի սահմաններում Ա.Ռոգաչևը հեռացել է սրճարանից, իսկ Ա.Մանվելյանը և Խ.Գևորգյանը շարունակել են ալկոհոլային խմիչքներ օգտագործել: Ժամը 23.20–ի սահմաններում, Ա.Մանվելյանը և Խ.Գևորգյանը գնացել են գործով վկա Վազգեն Ղազարյանին պատկանող «էդեստել» սրճարան, որտեղ մոտ մեկ ժամ շարունակել են գարեջուր և այլ խմիչքներ օգտագործել:
Ժամը 00.30–ի սահմաններում, Վ.Ղազարյանն իր ավտոմեքենայով Ա.Մանվելյանին և Խ.Գևորգյանին տարել է «Արմենիա» խորտկարան և հեռացել: Խորտկարանում նրանք կրկին շարունակել են ոգելից խմիչքներ օգտագործել և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Ա.Մանվելյանը վիճաբանել և անձնական վիրավորանք է հասցրել ամբաստանյալ Խ.Գևորգյանին: Ա.Մանվելյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, Խ.Գևորգյանը վիճաբանության ընթացքում սուր, կտրող–ծակող գործիքով` դանակով, հինգ անգամ դիտավորությամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, պատճառելով թոքերի, սրտապարկի, վերևի կողային երակի, վահանաձև գեղձի, տրախեայի և կերակրափողի վնասվածքներ, վերջինիս ապօրինի զրկելով կյանքից: Դիտավորությամբ Ա.Մանվելյանին սպանելուց հետո, ամբաստանյալ Խ.Գևորգյանը ժամը 08–ի սահմաններում դուրս գալով տանից, դիմել է փախուստի:
Նույն օրը, ամբաստանյալ Խ.Գևորգյանը զանգահարել է գործով վկա Իբրահիմ Գուլիևին և հայտնել, որ գտնվում է Բելոռուսիայի Հանրապետությունում, քանի որ վախենում է Արամ Մանվելյանի հոր, գործով վկա Ստեփան Մանվելյանից, որը կարող է հաշվեհարդար տեսնել որդու սպանության համար: Դեպքից հետո ամբաստանյալ Խ.Գևորգյանը Լիտվա չի վերադարձել և թաքնվել քննությունից: Միաժամանակ նա Ի.Գուլիևին հայտնել է, որ կուզենար հանդիպել, բացատրեր տուժողի հորը, թե ինչ է իրականում կատարվել և ինչպես է սպանվել Ա.Մանվելյանը: Ինքը հեռախոսազանգի մասին տեղյակ է պահել Արամի հորը` Ստեփան Մանվելյանին և դրանից հետո որևէ կապ չի ունեցել Խ.Գևորգյանի հետ:
Դատարանն ապացուցված է համարել ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանի կատարած արարքը՝ գտնելով, որ նախաքննական մարմնի կողմից արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ որակում և այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին:
Պատժի տեսակ և չափ նշանակելիս, դատարանը հաշվի է առել, մասնավորապես, որ ամբաստանյալ Խաչիկ Գևորգյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, զղջացել է կատարած արարքի համար, բնութագրվում է դրականորեն: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դատարանը համարել է տուժողի վարքագծի հակաբարոյականությունը: Որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք դատարանը համարում է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Հաշվի առնելով, որ ամբաստանյալ Խ.Գևորգյանի կողմից հանցանքը կատարվել է 2001թվականի մարտի 30–ին, երբ Հայաստանի Հանրապետությունում գործել է 1961թ. ՀՀ քրեական օրենսգիրքը, որի 100 հոդվածով նախատեսված է եղել քրեական պատասխանատվություն դիտավորյալ սպանության համար: Տվյալ հոդվածի սանկցիան պատիժ է նախատեսել ազատազրկման ձևով` հինգից մինչև տասներկու տարի ժամկետով:
Նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալ Խ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003թ. ՀՀ–ում ընդունված և 01.08.2003թվականից ՀՀ–ում գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1–ին մասով, որը սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու համար ազատազրկման ձևով պատիժ է սահմանում ութից մինչև տասնհինգ տարի ժամկետով:
Նշված հանգամանքը վատթարացրել է ամբաստանյալ Խ.Գևորգյանի դատավարական կարգավիճակը: ՀՀ քրեական օրենսգրքի 13 հոդվածի 2–րդ կետի համաձայն, արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալ Խ.Գևորգյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 13 հոդվածի 1–ին կետի դրույթներով:
Բացի այդ, դատարանը գտել է, որ ամբաստանյալ Խ.Գևորգյանի նկատմամբ պատժի չափ սահմանելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ գտնվելով միջազգային հետախուզման մեջ, 2011թվականի մայիսի 27–ից մինչև 2011թվականի հունիսի 26–ը` Լիտվայի քրեական հետապնդման մարմիններին հանձնելու նպատակով, ամբաստանյալ Խ.Գևորգյանը Հայաստանի Հանրապետությունում գտնվել է էքստրադիցիոն կալանքի տակ և անազատության մեջ գտնվելու այդ ժամկետը պետք է հաշվակցել նշանակվող պատժի ժամկետին:
Ելնելով վերոհիշյալից՝ Խաչիկ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1–ին մասով նախատեսված հանցանքում և ՀՀ քրեական օրենսգրքի 12, 13-րդ հոդվածների կիրառմամբ, 1961թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի սանկցիայի շրջանակներում նա դատապարտվել է ազատազրկման 9 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի 3–րդ կետի համաձայն, նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է Հայաստանի Հանրապետությունում 30 օր էքստրադիցիոն կալանքի տակ գտնվելու ժամկետը և Խաչիկ Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի 11 ամիս ժամկետով:
Սոնա Մաշուրյան