Կառավարության նոր կազմը
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր կողմից ձևավորած նոր կառավարության կազմը: Ըստ Սահմանադրության` կառավարությունը ձևավորում է վարչապետը, սակայն փաստ է, որ իրականում կառավարության կազմը ձևավորելը նախագահի մենաշնորհն է: Իսկ կառավարությունը նորը կլինի միայն խիստ վերապահումով, քանի որ կլինի հնի կրկնությունը, խիստ մասնակի փոփոխություններով: Իսկ ինչպիսին են լինելու այդ մասնակի փոփոխությունները:
Սպասվող ամենամեծ փոփոխությունն այն է, որ կառավարությունը դառնալու է երկբևեռ. կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանին լուրջ հակակշիռ է հայտնվելու` ի դեմս ՊԵԿ ներկայիս նախագահ Գագիկ Խաչատրյանի, ով ղեկավարելու է կառավարության կազմում ձևավորվելիք Ֆինասների սուպերնախարարությունը: Այն ստեղծվելու է ՊԵԿ-ից անջատված հարկային տեսչության և Ֆինասների նախարարության միաձուլման արդյունքում:
Այսպիսով` Տիգրան Սարգսյանը ոչ միայն կորցնում է իր վստահելի նախարարներից մեկին` ներկայիս ֆինասների նախարար Վաչե Գաբրիելյանին, այլ նրա փոխարեն` ստանում է ազդեցիկ մի հակառակորդ, ում հետ նրա անձնական հարաբերությունները, մեղմ ասած, այնքան էլ բարեկամական չեն: Գագիկ Խաչատրյանը՝ լինելով նորացված Ֆիննախի ղեկավարը, միաժամանակ զբաղեցնելու է նաև փոխվարչապետի պաշտոնը: Փոխվարչապետի լիազորությունները վերցվելու են Արմեն Գևորգյանից, ով լինելու է սոսկ Տարածքային կառավարման նախարար:
Այս փոփոխությունը հետաքրքիր է նաև նրանով, որ վերջին շրջանում հանրային քննարկման թեմա էր դարձել այն հարցը, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունից հաջողություն ակնկալելու համար պետք է ավելի մեծ ազատություն տալ նրան, «ազատել ձեռքերը»: Եթե այս փոփոխությունը և նշանակումը տեղի ունենա, Սարգսյանի ազատության շրջանակն ընդարձակվելու փոխարեն` անհամեմատ կփոքրանա: Եվ եթե Հայաստանի տնտեսական կյանքում առաջընթաց արձանագրվի, ապա հնարավոր կլինի ասել, որ դա Տիգրան Սարգսյանի գործունեության սահմանափակման արդյունքն է: Նշենք, որ ՊԵԿ-ից անջատված մաքսային ծառայությունը կղեկավարի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Ասում են, որ նա այս պաշտոնին ձգտում էր վաղուց:
Կառավարության կազմում սպասվող մյուս փոփոխությունը կապվում է Սփյուռքի նախարարությանը: Հաստատվում են այն տեղեկությունները, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխարինելու է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Սա երևի կապված է այն հանգամանքի հետ, որ առաջիկա երկու տարիներին Հայաստանը պատրաստվելու է Ցեղասպանության 100-ամյակին, և Սփյուռքի հետ կապերի հիմնական թեման վերաբերելու է հենց այդ միջոցառումների կազմակերպմանը: Երևի համարվում է, որ Դեմոյանն ավելի իրազեկ է Ցեղասպանության հետ կապված խնդիրներին և ավելի լավ կկազմակերպի նախարարության գործունեությունը: Ամենայն հավանականությամբ, երկրի բարձրագույն իշխանությունը Հրանուշ Հակոբյանին անգործ չի թողնի, և նա իր կուտակած փորձն ու հմտությունները կկարողանա օգտագործել որևէ երկրում Հայաստանի դեսպանի պաշտոնում:
Սպասվում է, որ փոփոխություն կլինի նաև Բնապահպանության նախարարությունում: Այս նախարարության գործունեությունից դժգոհությունները միշտ էլ շատ են եղել, սակայն վերջին շրջանում դրանք ավելի մեծ հասարակական հնչեղություն են ստանում: Մասնավորապես` Հայաստանի համար չարիք են դառնում փոքր հէկ-երը, որոնք իբրև թե կառուցվում են էկոլոգիապես ավելի մաքուր էներգա ստանալու նպատակով, բայց էկոլոգիային և շարքային մարդկանց ավելի մեծ վնաս են հասցնում, քան բոլոր ջէկ-երն ու աէկ-ները` միասին վերցրած: Ո՞վ կփոխարինի Արամ Հարությունյանին, մեզ չհաջողվեց պարզել: Ավելի վաղ մամուլում, որպես այս պաշտոնի հավակնորդ շրջանառվում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը:
Չնայած անընդհատ խոսվում էր, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա Սպորտի և Երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ակտիվորեն ներգրավված էր ԲՀԿ Երևանի ավագանու քարոզարշավում, բայց նա կպահպանի իր պաշտոնը, և ի դեմս նրա` ԲՀԿ-ն կառավարությունում ներկայացված կլինի մեկ նախարարով: Իրենց պաշտոնները կպահպանեն նաև ՕԵԿ-ական նախարարները, քանի որ ՕԵԿ-ը շարունակում է մնալ կոալիցիայի անդամ:
Նախագահական ընտրություններից հետ որոշ ՀՀԿ-ականներ հայտարարում էին, որ իշխանության դեմքը փոխվելու է: Արդյո՞ք մի երկու-երեք նախարարի փոփոխությունով հնարավոր է հասնել իշխանության դեմքի փոփոխության: Սա նույնիսկ կոսմետիկ վիրահատություն չէ, առավել ևս՝ դեմքի փոփոխություն:
«168 ԺԱՄ»