
Ստամբուլում պատարագի ժամանակ հայկական եկեղեցու առջև կրակոցների գործով ձերբակալվել է երկու մարդ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ երեկ կրակոցներ էին հնչել Ստամուլի Գեդիքփաշա թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու առջև, ուր այդ ժամանակ անցկացվում էր պատարագ:
Անհայտ անձինք 7 կրակոց էին արձակել օդ, ինչից հետո չքացել էին դեպքի վայրից: Կրակոցների հետևանքով ոչ ոք չէր տուժել, սակայն դրանք մեծ խուճապ էին առաջացրել եկեղեցում գտնվողների շրջանում:
Միջադեպից հետո դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, որոնք եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել են կրակված փամփուշտները: Հանցագործներին որոնելու աշխատանքներն այսօր արդյունք են տվել:
Ձերբակալվել է երկու մարդ, որոնցից մեկը 16 տարեկան է, իսկ մյուսը՝ 17 տարեկան: Նշվում է, որ 17-ամյա Գ. Մ.-ն ունի հայկական ծագում, իսկ 16-ամյա Մ. Ե.-ն նրա ընկերն է: Նրանք տարվել են ոստիկանության անչափահասների բաժանմունք: Նրանք հայտարարել են, որ օդ կրակելը ոչ մի կերպ կապված չեն եղել եկեղեցու հետ: