2013 թ. առաջին եռամսյակում Թուրքիայի ու Հայաստանի միջև արտաքին առևտրի ծավալը կազմել է 29.859 դոլար. Թուրքիայի առևտրի նախարար

Թուրքիայի Haber3 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի առևտրի նախարար Հայաթի Յազըջըն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել է Ղարաբաղյան գործոնով (հայկական զորքերի դուրս բերմամբ):

Նա ընդգծել է, որ հավատում է իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում մնայուն և տևական խաղաղության հաստատմանը. «Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը (1991 թվականի դեկտեմբերի 16):

ԽՍՀՄ փլուզումից հետո Կարս-Գյումրի (Աքքայա-Ախուրյան) սահմանային անցակետը վերածվեց Թուրքիայի ու Հայաստանի միջև ընկած սահմանային անցակետի, սակայն Ղարաբաղյան պատերազմի պատճառով այն փակվեց 1993 թվականի ապրիլի 3-ին:

Դրանով իսկ վերացվեց Թուրքիայի ու Հայաստանի միջև ցամաքային ճանապարհով ուղիղ առևտուր անելու հնարավորությունը: 2013 թվականի առաջին եռամսյակում Թուրքիայի ու Հայաստանի միջև արտաքին առևտրի ծավալը կազմել է 29.859 դոլար»:

Նախարարը նման գրավոր պատասխան է տվել քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) ներկայացուցիչ, Կարսից ընտրված պատգամավոր Մյուլքիյե Բիրթանեին:

Վերջինս ցանկություն էր հայտնել, որ բացվի հայ-թուրքական սահմանը, որով և վերջ կտրվի նրան, որ Կարսի նահանգը Թուրքիայի նահանգներից միակն է, ով ունի փակ սահման (ընդհանուր առմամբ, Թուրքիան ունի 81 նահանգ):

Քուրդ պատգամավորը հիշեցրել էր, որ թեև 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ, սակայն դրան հաջորդած շուրջ 4 տարում որևէ առաջընթաց չի գրանցվել տվյալ ուղղությամբ: Նա պահանջել է խորհրդարանի քվեարկությանը դնել այդ արձանագրոթյունների վավերացումը:

Տեսանյութեր

Լրահոս