Կոնգրեսը հորդորում է ՀՀ իշխանություններին օգտվել ԵԽ-ում նախագահության հնարավորությունից` ընտրողների վստահությունը բարձրացնելու համար
Երևանի ընտրություններից հետո` Կոնգրեսը հորդորում է հայկական իշխանություններին օգտվել Եվրոպայի խորհրդում նախագահության հնարավորությունից` ընտրողների վստահությունը բարձրացնելու համար:
Եվրոպայի խորհրդի կոնգրեսի 12 անդամներից բաղկացած պատվիրակությունը, ովքեր ներկայացնում են եվրոպական 9 երկրներ, ներառյալ ԵՄ տարածաշրջանների հանձնաժողովից երեք անդամներ, դիտարկել է Երևանի Ավագանու ընտրությունները 2013թ. մայիսի 5-ին:
Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատվիրակության ղեկավար և զեկուցող Ստյուարտ Դիքսոնը (ՄԹ, ILDG) ներկայացրեց քվեարկության դիտարկման նախնական եզրակացությունները, որի արդյունքում ընտրվել է նաև Երևանի քաղաքապետը:
Կոնգրեսի զեկուցող Դիքսոնը նշեց, որ որոշ ընտրատեղամասերում նկատված առանձին միջադեպերի բացառությամբ, ընտրություններն ընթացել են հանգիստ և բնականոն եղանակով, և որ քվեարկությունը տեխնիկապես լավ էր պատրաստված, չնայած որ ձայների հաշվարկի գործընթացը` երբեմն քաոսային և դանդաղ, հետագա բարելավման կարիք ունի: Նա ընդգծեց նաև, որ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը /ըստ Ընտրական օրենսգրքի պահանջի ԱԺ-ում ներկայացված յուրաքանչյուր կուսակցություն և դաշինք այնտեղ ունի մեկ ներկայացուցիչ, ինչպես նաև կա երկու ներկայացուցիչ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից/ ավելի մեծ հնարավորություն էր ընձեռում մրցակցող կողմերին դիտարկել միմյանց:
Նա նաև հիշատակեց յուրաքանչյուր ընտրատեղամասում առկա տեսախցիկները և լայնածավալ տեսանկարահանումները, որոնք ստեղծում էին չափից ավել վերահսկվող գործընթացի տպավորություն, ինչպես նաև տեղական դիտորդների մեծ թիվը, որոնց պատկանելությունը որևէ ՀԿ-ի կամ մամուլի կասկածելի մնաց Կոնգրեսի պատվիրակության համար:
Արդեն իսկ նախքան ընտրությունների օրը, պատվիրակությունը հասկացավ, որ կուսակցությունների և դաշինքների միջև առկա է բավական բարձր քաղաքական մրցակցություն, սակայն որոշ հանդիպումների ընթացքում նաև լսեց, որ պետական սեկտորի աշխատակիցների նկատմամբ եղել են ճնշումներ` քվեարկելու որոշակի ձևով և նույնի մեջ համոզելու նաև այլ ընտրողների, ինչպես նաև եղել է ձայների վաճառքի կրկնվող խնդիրը:
Առկա է նաև այն քաղաքացիների հարցը, ովքեր այլևս չեն բնակվում Երևանում, սակայն մնացել են գրանցված բնակչության ռեգիստրում, և այդպիսով նաև ընտրացուցակներում: «Կարծում եմ՝ այդ խնդիրներին պետք է շտապ լուծում տրվի հայկական իշխանությունների կողմից. տեղային խնդիրները պետք է լուծվեն որոշակի համայնքում իրապես բնակվող քաղաքացիների կողմից, և առանց սպառնալիքների կամ դրամական խրախուսանքի ընտրական մթնոլորտը խիստ էական է քվեարկողների վստահության համար»,- ընդգծեց Դիքսոնը:
Նա հորդորեց իշխանություններին օգտվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի առաջիկա նախագահության փաստից բարելավելու համար ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: «Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը նշել է, Հայաստանի ընտրական նոր օրենսգիրքը ունի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ներուժ, սակայն միայն օրենքը չի կարող ապահովել դա: Փոփոխությունը կարող է ի հայտ գալ բոլոր շահագրգիռ կողմերի` այսինքն և իշխանությունների և ընդդիմության կողմից ցուցաբերված քաղաքական կամքի շնորհիվ: Պետք է լինի արդար խաղ առանց ընտրությունների օրվան նախորդող սպառնալիքների և այլ խախտումների, ինչպես նաև պետք է լինի արդյունավետ բողոքարկման ընթացակարգ, որի նկատմամբ քաղաքացիները կունենան վստահություն: Միայն նման միջավայրը կարող է ապահովել իրապես ժողովրդավարական ընտրություն և այդպիսով բարձրացնել ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ: Ես լիահույս եմ, որ Հայաստանի նախագահությունը մեկ քայլ առաջ կնշանավորի այս առումով»,- ամփոփեց Դիքասոնը:
Երևանում ԵԽ գրասենյակ