Այս ընտրություներին iditord-ը ավելի շատ ընտրախախտում է գրանցել, քան նախագահական ընտրությունների ժամանակ

Երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների iditord.org-ն ավելի շատ ընտրախախտում է գրանցել, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց iDitord.org կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը՝ ներկայացնելով կայքում հավաքագրված խախտումների ընդհանուր պատկերը:

Նշենք, որ ավագանու ընտրություններում մինչ այս պահը iditord-ը գրանցել է ընտրախախտումների 417 հաղորդագրություն, մինդեռ նախագահական ընտրությունների ժամանակ կայքը գրանցել էր ընտրախախտումների 394 հաղորդագրություն:

«Երկու ընտրությունների ժամանակ էլ ընտրախախտումները հիմնականում գրանցվել են հենց ընտրությունների օրը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենց մոտ գրանցված ընտրախախտումները Ոստիկանությունը և ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք տալիս են, օրինակ, ըստ նրա՝ նախորդ ընտրություններում այդ ամենի արդյունքում երկու գործ է հարուցվել:

«Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա դեռևս շուտ է խոսել այդ մասին, սակայն մեր արձանագրած ընտրախախտումները նրանց կողմից ենթարկվում են մոնիտորինգի»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Տեղեկացնենք, որ արդեն երկրորդ տարին է՝ iDitord համակարգի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի, ով վկա է եղել ինչ-որ ընտրակեղծիքի, կարող է ահազանգել և տեղեկացնել այդ մասին ինտերնետային կայքի միջոցով՝ այցելելով iDitord.org կայք:

Կայքն ունի լրագրողների թիմ, ովքեր կոնկրետ ահազանգերի դեպքում գնում են տվյալ դեպքի վայր, ստուգում դրանք և նյութեր են հրապարակում, որից, ըստ Ս. Մարտիրոսյանի՝ կարող են ազատորեն օգտվել լրատվամիջոցները և հրապարակել դրանք:

Տեղեկացնենք, որ iDitord.օrg-ում առկա է նաև ահազանգերի քարտեզ: Կայքից կարելի է բեռնել նաև iOS-ի և Android-ի օպերացիոն համակարգերի համար նախատեսված հավելվածներ: Ընտրախախտումների մասին կարելի է տեղեկացնել նաև Twitter-ի միջոցով՝ #iditord: Ինչպես նաև՝ iDitord.org թեժ գիծ՝   077 93-83-66, SMS` 055 34-86-73:

Տեսանյութեր

Լրահոս