Դիտորդների նախնական գնահատականը. Քվեարկությունն ընդհանուր առմամբ, իրականացվել է խաղաղ, կանոնավոր ձևով
Եվրոպայի Խորհրդի տեղական ու տարածքային մարմինների կոնգրեսը հոկտեմբերին Ստրասբուրգում կհրապարակի Երևանի ավագանու երեկվա ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հիշյալ կազմակերպության պատվիրակության ղեկավար Սթյուարթ Դիքսոնը՝ ներկայացնելով երևանյան ընտրություններում իրենց դիտորդական առաքելության նախնական արդյունքները:
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնող միակ միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք դիտարկում են անցկացրել ընդհանուր առմամբ Երևանի 13 ընտրատարածքների ավելի քան 100 ընտրատեղամասերում՝ դրանց բացման պահից մինչև դրանց փակումը՝ ներառյալ քվեների հաշվման գործընթացը: Բացառությամբ, մի քանի միջադեպերի, քվեարկությունն իրականացվել է խաղաղ, կանոնավոր ձևով, ընտրությունները տեխնիկապես լավ նախապատրաստված էին: Ըստ միջազգային կազմակերպության նախնական գնահատականի՝ քվեարկության գաղտնիությունը մեծամասամբ հարգված էր:
Ս.Դիքսոնը նշեց, որ ընտրությունների ժամանակ ընտրական ծրարների առկայությունը դրական երևույթ է, սակայն միաժամանակ այն դանդաղեցնում ու հոգնեցուցիչ է դարձնում քվեների հաշվման գործընթացը: Ըստ միջազգային կազմակերպության նախնական եզրակացության՝ ավելի լավ էր վերահսկողություն էր սահմանված միաժամանակ ընտրատեղամասում 15 մարդուց ոչ ավելի մարդկանց գտնվելու մասին օրենքի նորմը պահպանելու ուղղությամբ: Երևանի ավագանու անցյալ ընտրությունների համեմատ դրոշմակնիքների թանաքի որակը բարելավվել էր:
Դրական էր նաև ՀՀ նոր ընտրական օրենսգրքով հենց տեղամասում քվեարկողներին պարզաբանումներ տալը թույլատող դրույթի կիրառումը:
Տեղամասերում տեսախցիկների առկայությունը մի կողմից նպաստում է գործընթացի թափանցիկությանը, մյուս կողմից՝ կարող է հակադարձ ազդեցություն ունենալ քվեարկողների վրա՝ գերվերահսկելի լինելը կարող է նրանց մոտ անվստահություն առաջացնել ընտրական գործընթացի հանդեպ: Ըստ միջազգային կազմակերպության՝ միջոցներ պետք է ձեռնարկել նաև քվեների հաշվման ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակելու համար: