Եղվարդի հրշեջ-փրկարարները, Երևանից ժամանած ջրասուզակն ու գյուղացիները ջրանցքում որոնում են երիտասարդին
Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Օպերատիվ կառավարման կենտրոն, որ ըստ տեղեկությունների՝ Եղվարդ քաղաքի գերեզմանների մոտով հոսող ջրանցքում քաղաքացի է ընկել, և նրան հայտնաբերելու համար անհրաժեշտ է հրշեջ փրկարարների և ջրասուզակի օգնությունը:
Ինչպես Եղվարդից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Եղվարդի հրշեջ-փրկարարները Երևանից ժամանած ջրասուզակի և գյուղացիների օգնությամբ 5 կմ երկարությամբ ջրանցքում որոնողական աշխատանքներ են կատարում:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում են, որ Կարենը, որին փնտրում են, ամուսնացած է և իր խոշոր եղջերավոր անասունին բերել էր արոտավայր, և անասունն ընկել էր ջրանցքը: Սակայն անասունը կարողացել է դուրս գալ, իսկ մոտ 30-ամյա Կարենից դեռևս տեղեկություն չունեն, ինչն էլ կասկած է հարուցում, որ հնարավոր է՝ ջուրը տարած լինի:
Արդեն ժամանել են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը և Եղվարդի շտապ օգնության բրիգադը: