«Ժողովրդին արդեն դարձրին թաղային հեղինակություննե՞ր»

Քաղաքական կուսակցություններն ու գործիչները արդեն իրենց գնահատականն են տալիս Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: ՀՀԿ-ի բնորոշմամբ` Երևանի ավագանու ընտրությունները շատ մրցակցային էին և տրամաբանված հաղթանակ է տարել ՀՀԿ-ն:

Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, ինչպիսի՞ն էին Երևանի ավագանու ընտրությունները Ձեր գնահատմամբ:

-Ես կարծում եմ` շատ համաչափ, տրամաբանական ընտրություններ էին, բավականին ներկայանալի, մրցակցային…Դրական եմ գնահատում:

-Քաղաքական ուժերը և շատ քաղաքական գործիչներ քննադատում են, կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքները և մտադիր են բողոքարկելու դրանք:

-Այդ սցենարը գիտենք` անընդհատ է և կրկնվող: Շնորհակալություն եմ ուզում հայտնել և շնորհավորել մյուս կուսակցություններին, որ մասնակցեցին, որ փորձեցին ավելի ակտիվացնել ընտրությունները: Մնացածը՝ հայաստանյան իրավիճակում կրկնվող, անընդհատ պրոցես է: Փոխանակ մեղքը որոնեն իրենց ներսում, իրենց պայքարի շրջանակներում, անընդհատ փորձում են բամբասանքի վերածել՝ իրենց ցանկացած տպավորություններով հասարակությանը ներկայանալի դառնալ: Ի դեպ, հենց սա էր պատճառը, որ նաև մի շարք ուժեր ձախողվեցին: Որովհետև փոխանակ զբաղվեին իրենց գործունեությամբ, ստեղծել էին մի վիճակ, որը դարձավ գաղափարախոսություն իրենց համար. ամեն ինչ անեն Հանրապետականի դեմ և վերջիվերջո, պարզ դարձավ, որ հասարակությունը այնքան էլ տրամադրված չէ տեղ տալ այն մեսիջներին, որն ընդհանրապես հարիր չէ որևէ քաղաքական ուժի:

-Զարմանալի է շատերի համար հատկապես ՀԱԿ-ի ցուցանիշը: Շատերն համարում են ապշեցուցիչ, քիչ հավանական է թվում` անգամ անցողիկ շեմ չի ապահովել:

-Մոտավորապես նույն վիճակն էր, ինչ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պատճառն այն էր, որ փոխանակ լուրջ մրցակցային իրավիճակ ստեղծեին, փորձում էին իմիտացիա ստեղծել, որ ճշմարտության գաղտնիքները ամփոփված են հենց իրենց քաղաքական ուժի ներսում, որը կեղծ էր, և ժողովուրդը շատ ճիշտ կողմնորոշվեց:

-Պարո՛ն Սահակյան, անդադար խոսվում էր և տարբեր լրատվամիջոցներ ու քաղաքական ուժեր անդրադարձան նաև, որ գումար է բաժանվել 10-20 հազար դրամի չափով, ո՞ր քաղաքական ուժն է եղել գումար բաժանողը:

-Իմիջիայլիոց, նախքան ընտրություններն էլ՝ դեռևս մեկ ամիս առաջ, նույն երգն էր երգվում: Փոխանակ լացուկոծի ճանապարհով գնան, թող փորձեին ինչ-որ մի բան կարողանային անել, որ ժողովուրդը իմանար, որ դա ճշմարտություն է: Այսինքն, եթե համատարած իրողություն լիներ, նաև փաստարկներ պետք է բերվեին: Այս գործով խոսելը նաև վարկաբեկելը քաղաքական ուժի համար կեղծ կատեգորիաներ էին, դրանից օգտվողները միշտ էլ պարտություն են կրում:

-Ի՞նչ չափով էին ընտրություններում ներգրավված թաղային հեղինակությունները կամ այսպես ասած՝ գողականները, որովհետև կան բազմաթիվ տեսաձայնագրումներ, որտեղ հիշատակվում են, որ հեղինակությունները հատուկ մասնակցություն են ունեցել, և որ նրանք ՀՀԿ-ի օգտին են աշխատել:

-Ես կարծում եմ, որ դա էլ մի վարկաբեկման ճանապարհ է: Ընտրություններին մասնակցում են բոլորը և բոլոր մարդիկ իրավունքներ ունեն: Փաստորեն, հատուցման պահը եկավ և այն քաղաքական ուժերը,որոնք վարկաբեկմամբ էին տարված… իսկ ինչ մնում է թաղային հեղինակությունները, գողականները…ես զարմանում եմ՝ ժողովրդին արդեն դարձրին թաղային հեղինակություննե՞ր: Դրանք տարածողները փորձում են ինքնամխիթարման գնալ, որը ավելի է թուլացնում ընդդիմությունը:

Քրիստինա Մկրտչյան

Տեսանյութեր

Լրահոս