Բաժիններ՝

Թամարա Յայլոյանի պատասխանը՝ Շիրակի դատախազին. «Ես ահավոր վիճակի մեջ էի, ես մտածում էի՝ արժի՞ հայտարարություն անել, թե՞ չարժի»

Արդեն տեղեկացրել էինք, որ օրերս փաստաբան Թամարա Յայլոյանը հայտարարել էր, որ Գյումրիի ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իր մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում:  Թամարյա Յայլոյանը ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների գործի քննության ժամանակ ներկայացել է որպես վկա՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան:

Դեպքին անդրադարձել էր նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը՝ ասելով, թե Գյումրիում կատարված առնաձնապես ծանր հանցագործության դեպքը փորձում են վերածել PR-ի: Այս հայտարարության առնչությամբ 168.am-ը զրուցեց փաստաբան Թամարա Յայլոյանի հետ:

– Տիկի՛ն Յայլոյան, սպառնալիքներ հնչեցնելու մասին բարձրաձայնելուց հետո Ձեր նկատմամբ նման գործողություններ կրկին եղե՞լ են:

– Ո՛չ, այս ընթացքում իմ նկատմամաբ սպառնալիքներ չեն եղել:

Կարդացեք նաև

– Ձեր հայտարարությանն ի պատասխան՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ասել էր. «Տեսնում եմ մի երևույթ, երբ որ քաղաքում կատարված առանձնապես ծանր դեպքը փորձում են վերածել PR-ի: Չի կարելի»…

– Ես ասեմ, որ ես PR-ի կարք ընդհանրապես չունեմ: Ես մարզում բավական հայտնի փաստաբան եմ, և ինձ թվում է, որ ոչ մի փաստաբան էլ, ըստ էության, հայտնի լինելն էլ թողնենք մի կողմ, այդ եղանակով իր համար PR չէր ուզենա անել: Կարող էի ես այդտեղից դուրս գալ, ասել, հայտարարել, որ տեսաք՝ ում համար որ ես գնացել էի, ինքը վկայի կարգավիճակով էր (ես չեմ ուզում՝ անունը շեշտադրվի, որովհետև շատ մարդիկ նաև շահարկում են այդ հանգամանքը, որ իբր թե սա կազմակերպված էր և այլն) ում համար որ գնացել էի, փաստաբանի համար ավելի լավ է դուրս գար, ասենք, մամուլին հրավիրեր, ասեր՝ տեսեք անձը վկայի կարգավիճակով էր, վկայի կարգավիճակով էլ մնաց, դա իմ շնորհքն է և այլն, և այլն: Կարող էր այդպես PR անել, սա կլիներ արդեն PR: Բայց դուրս գալ՝ ասել, որ, գիտեք՝ ինձ վախեցրել են, իմ նկատմամբ անօրինական գործողություններ են կատարել, և ես թողել, հեռացել եմ, չեմ կարծում, որ դա որևէ փաստաբանի համար PR է: Դա կանխակալ կարծիք է իմ ասածի վերաբերյալ: Ի սկզբանե փաստերը ստուգե՞լ է, հայտարարվում է, որ իբր ես սուտ եմ խոսում: Եթե փաստերը չեն ստուգել, և ոչ մի քննություն չի կատարվել, եթե ոչինչ չի ստուգվել, ինչի՞ց է ենթադրվում, որ իմ ասածը PR է և ոչ թե իրականությանը համապատասխանող լուր:

– Ւսկ ինչ-որ բան արվե՞լ է Ձեր հայտարությունների ճշմարտացիությունը ճշտելու համար:

– Ես դիմել եմ փաստաբանների պալատին: Ես փաստաբան եմ և քանի որ ես դա դիտարկել եմ իմ մասնագիտական գործունեության դեմ ոտնձգություն, խոչընդոտ, առաջին բանը, որ ես արել եմ՝ դիմել եմ փաստաբանների պալատին, որպեսզի խորհրդակցեմ պալատի հետ և հասկանամ իմ անելիք քայլերը: Պալատի կողմից ստեղծվել է նախաձեռնող խումբ, խումբը ղեկավարում էր պալատի նախագահի տեղակալը: Նրանք ներկայացրել էին Գյումրի, այսօր հանդիպում ունեցանք Գյումրիում ոստիկանության բաժնի պետի հետ: Ի պատիվ նրան՝ շատ լավ ընդունեց, շատ մարդկային, շատ հասկանալի: Նա նշեց, որ կբացառվեն երբևիցե այդպիսի դեպքերը  ոստիկանությունում: Հետո գնացինք մարզի դատախազի մոտ, սակայն պետք է ասեմ, որ, որքան էլ զամանալի է՝ լավ չէր ընդունելությունը, չգիտեմ՝ ինչու: Որովհետև այս պարագայում դատախազությունը պետք է որ ավելի չեզոք դիրքում լիներ և, ըստ էության, հաղորդագրություն էր կատարվել և համապատասխան քննություն կկատարվեր: Ինձ թվում է, որ դատախզությունը պետք է ձեռնպահ մնար նախ PR-ի վերաբերյալ հայտարարություն կատարելուց: Մենք գնացինք դատախազություն՝ փաստաբանության հարցը քննարկելու, բայց այնպես ստացվեց, որ դատախազությունն ուզեց ցույց տալ, որ իրեն ավելի բարձր է դասում, քան փաստաբաններին:

– Իսկ Ձեր նկատմամբ սպառնալիքների հարցը չե՞ք  քննարկել դատախազի հետ:

– Դե, բնականաբար, նաև այդ հարցով: Ընդհանուր առմամբ՝ գնացել էինք քննարկելու այն հանգամանքը, որ բացառվի երբևիցե որևիցե փաստաբանի նկատմամբ որևէ գործողություններ կատարելը ու Զուրաբյան Արան լավ արտահայտվեց այս կապակցությամբ, թե վերջապես դադարեցրե՛ք փաստաբանին նույնացնել այդ գործի, այդ գործով անցնող անձանց հետ: Ամեն անգամ, երբ մենք ներկայանում ենք ինչ-որ գործով, անկախ նրանից այդ մարդը մեղավոր է, թե անմեղ, մարդիկ սկսում են վերաբերել փաստաբանին, ինչպես վերաբերվում են այդ մարդուն: Բայց փաստաբանը գնում է իր աշխատանքը կատարելու:

Գիտեք՝ այսքան տարիներ աշխատելով՝ շատ քիչ եմ տեսել, որ ընդհանրապես անմեղ մարդկանց բռնեն, տանեն, և այդ լրիվ անմեղ մարդկանց նկատմամբ սկսվի ինչ-որ գործ հարուցվել: Իսկ մարդկանց որ մնա, անընդհատ ասում են, թե՝ այս մեղավորներին ինչո՞ւ եք պաշտպանում: Զարմանալի է՝ չնայած այդ գործով ես վկայի  փաստաբան եմ ներկայացել, բայց ամեն դեպքում մարդը լավն է, վատն է,  սխալ է, ճիշտ է և այլն, մեր մասնագիտությունն է պաշտպանել մարդուն և ասոցացնել, թե գիտեք ինչ՝ եթե դու այս մարդու փաստաբանն ես, ուրեմն՝ կարելի է քեզ վատ վերաբերվել, մեկ ուրիշինն ես, ուրեմն՝ պետք է լավ վերաբերվի, դա ճիշտ չէ:

– Ասացիք, որ դատախազը ձեզ լավ չի ընդունել: Ի՞նչ նկատի ունեք: Դատախազը չի՞ լսել Ձեր բողոքները, թե այլ բան է տեղի ունեցել:

– Հարցը բողոքները լսելուն կամ չլսելուն չի վերաբերվում: Ավելի շատ երևի թե դատախազը  խոսեց, քան թույլ տվեց, որ մենք խոսեինք: Հարցը վերաբերում էր նրան, որ ամբողջ վարքագիծը և ամբողջ իր խոսելաոճը բերեց նրան, որ դատախազության համակարգն ավելի բարձր է կանգնած, քան, ասենք, փաստաբանական համակարգը: Կարծես ստորադասեց փաստաբանական համակարգին,  այսպես ասեմ: Ավելի մանրամասն, իհարկե, մեր նախաձեռնող խումբը կամ պալատը հանդես կգա այս կապակցությամբ, ես ընդամենը հիմա դա կասեմ: Իսկ ինչ վերևաբերում է իմ անձին, երևի թե նրան վրդովվեցրել էր այն հանգամանքը, որ ես մամուլով եմ հանդես եկել և չեմ գնացել, իրեն չեմ դիմել: Ես ասացի, որ որոշ հանգամանքներ ու պատճառներ կային, որ ես պալատին դիմում եմ տվել և դիմումի մեջ էլ նշել եմ այդ հանգամանքներն ու պատճառները:

– Շիրակի մարզի դատախազը նաև զարմանալի համարեց այն փաստը, թե՝ ինչո՞ւ եք կատարվածի մասին բարձրաձայնել 10 օր անց:

– Նախ՝ ուշ չեմ դիմել: Այդ օրը զանգահարել եմ լրատվամիջոցին, դրանից հետո խոսել եմ մեր պալատի նախագահի հետ: Այնքան զբաղված էի, որ չկարողա ներկայացնել ամբողջ խնդիրը, ինքը ասաց՝ արի Երևան, հանդիպենք և գրավոր դիմումդ ներկայացրու: Ես Երևան գնացել եմ, իսկ մինչ այդ ես զբաղված եմ եղել նաև գործերով: Ես պետք է ասեմ, որ ես չեմ կարող միայն իմ մասին մտածել: Ես դատական նիստ եմ բաց թողել, բայց եկե՛ք իմ կողմին հարցրե՛ք՝ գո՞հ են, որ  այսօրվա դատական նիստին ես չներկայացա: Ես չէի կարող այդ շաբաթվա բոլոր գործերը թողնել և գնալ, միայն իմ գործով զբաղվել: Ամսի 29-ին է հարմար ժամանակահատվածը եղել՝ առաջիկա ամենամոտ հատվածը, և ամսի 29-ին դիմումը պալատին տրամադրած եմ եղել: Մինչև պալատ գնալը ինձ համար շատ դժվար էր: Մինչև գնալ, գրել և հայտարարություն անելը… Նորից եմ կրկնում, որ ասում է՝ ցանկանում էիք PR կազմակերպել… Ես ահավոր վիճակի մեջ էի, ես մտածում էի՝ արժի՞ հայտարարություն անել, թե՞ չարժի, լռե՞մ, ձայն չհանե՞մ, ինչպես նախորդ անգամներն եմ լռել և ձայն չեմ հանել, որովհետև ոչ մեկին հաճելի չէ ելնել, ի լուր աշխարհի ասել՝ գիտեք, ինձ վատ են վերաբերվում: Բոլորն էլ կուզեն ասել՝ գիտեք՝ ես որ մտնում եմ ոստիկանություն, դատախազություն կամ չգիտեմ ինչ-որ մի տեղ, ինձ այնպես հարգանքով, այնպես լավ են ընդունում, հատկապես ինձ, որ ես 16 տարի շարունակ աշխատել եմ, երևի թե շատ քիչ մարդիկ լինեն, որ ասենք դժգոհ լինեն:

Նույնիսկ իրենք՝ ոստիկանները, շատ անգամ դիմել են ինձ՝ իրենց բարեկամների, ազգականների, իրենց խնդիրներով քաղաքացիաիրավական և քրեական գործերով: Ես չեմ կարծում, որ դժգոհ են մնացել ինձանից, և այդքան բանից հետո հայտարարել, որ գիտեք՝ ոստիկանությունում ինձ լավ չեն վերաբերվել, այնքան էլ երևի թե լավ բան չէ: Դրա համար մտածում էի՝ գնա՞մ, ասե՞մ, հայտարարե՞մ, թե՞ չհայտարարեմ: Ամսի 24-ին զանգահարել, պալատի նախագահի հետ խոսել եմ, բայց դրանից հետո մինչև պալատ գնալը ես մտորումների մեջ էի՝ արդյոք ճի՞շտ կլինի, թե՞ սխալ: Վերջում մտածեցի, որ ամենաճիշտ տարբերակն է, որովհետև եթե ես հիմա լռեմ, հետագայում կարող է նույն բանը նորից կրկնվել:

– Ասացիք, որ նույնիսկ քննիչներն են Ձեզ դիմել փաստաբանի ծառայությունների համար: Դա արդյո՞ք նշանակում է, որ սպառնալիքները կապված էին Գյումրիում հնչած կրակոցների գործի հետ:  

– Ոստիկանությունում կան մարդիկ, որոնց շատ հարգում եմ, իրենք շատ լավ մարդիկ են: Ես ասեմ, որ քննչականի և դատախազների հետ էլ որևէ խնդիր չկա, բայց ոստիկանությունում կան մարդիկ, որոնք ամեն անգամ, երբ որևէ աղմկահարույց գործով մտնում եմ, սկսում էին ինձ կատակով կամ անուղղակի խոսքի ձևով, ինչ-որ չափով նաև, այսպես ասած՝ սպառնալ: Երևի նպատակն այն էր, որ ես որոշակի գործերով չմասնակցեմ, մասնակցություն չունենամ: Եվ այս անգամ ուղղակի հասավ գագաթնակետին այս ամեն ինչը: Գիտեք՝ ամեն անգամ լսել այդպիսի բան, թեկուզ կատակի ձևով՝ հաճելի չէ, իհարկե, տհաճ է:

Բայց ես մտածել եմ, որ խոսք էր, ասեցին, անցավ, վերջացավ, բայց այս անգամ այլևս լռել հնարավոր չէր, որովհետև ես մտածեցի՝ եթե այս անգամ լռեմ, ապա հաջորդ անգամ ավելի ուրիշ քայլեր գուցե լինեն: Ես ուզում եմ ասել, որ իմ նպատակը որևէ մեկի նկատմամբ քրեական գործ հարուցելը չէր: Իմ նպատակն այն չէր, որ ինչ-որ մեկը գնա և չգիտեմ ինչ պատասխանատվություն կրի: Իմ նպատակը կայանում էր զուտ նրանում, որ ես վերջապես հասկացնեի այդ մարդկանց, որ ես կատարում եմ իմ աշխատանքը: Բարի՛ եղեք դուք էլ կատարե՛ք ձեր աշխատանքը օրենքի սահմաններում և մի՛ խոչընդոտեք իմ աշխատանքին:

Ընդամենը այսքան բան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս