
Շրջանառության հարկը՝ արտագաղթի պատճառ

Շրջանառության հարկը ստիպո՞ւմ է փոքր բիզնեսով զբաղվողներին լքել երկիրը 2012 թվականին ուժի մեջ մտած շրջանառության հարկն իսկական գլխացավանք է դարձել փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների համար: Ինչպես գրում է Aravot.am-ը, այսօր «Ֆորում» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Վաճառականների միություն» հ/կ-ի նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը: «Երբ նայում ենք 3.5 տոկոսին, թվում է՝ հնարավոր է տալ: Երբ տնտեսագիտական վերլուծություն ենք կատարում, 3.5 տոկոս հարկը շատ ավելի բարձր է, քան ավելացված արժեքի հարկը»,-նշեց Վաճառականների միության նախագահը՝ ասելով, որ չի հասկանում՝ ինչը կարող է ստիպել 12 տարվա մեջ չորս անգամ փոխել փոքր բիզնեսին վերաբերող օրենսդրությունը: Տիկին Գեւորգյանի խոսքով, շրջանառության հարկի մուծել չկարողանալու պատճառով որոշ տնտեսվարող սուբյեկտներ նախընտրում են լքել երկիրը: «Կառավարությունը հատկապես սահմանամերձ գյուղերում եւ քաղաքներում փոքր բիզնեսը պիտի ազատի հարկերից: Ինչ-որ ժամկետ դնեն՝ երեք տարի, հինգ տարի, ասեն՝ մնացեք աշխատեք, բայց հարկ մի մուծեք»,-այսպիսի առաջարկով հանդես եկավ բանախոսը:
Իսկ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, փոքր բիզնեսը պետք է ունենա «թթվածին», որովհետեւ, ըստ նրա, այն հիմք է հանդիսանում միջին եւ մեծ բիզնեսի համար: «Մենք ամեն մի փոփոխության մեջ պիտի առաջընթաց ունենանք, այլ ոչ թե հարված կամ հետընթաց»,-նշեց տնտեսագետը՝ հավելելով. «Թող ստվերից բոլորի ականջները քաշեն, բերեն հարկային դաշտ»: