Վերլուծումներ, միտումներ և արդյունքներ
Աշխարհաքաղաքական ծրագրերի մասին ուսումնասիրություն կատարող տարբեր վերլուծական կենտրոնների և միջազգային մամուլի աշխատակից Ալեքսանդրա դել Վալը գիտահետազոտական աշխատասիրություններ ունի հետքեմալական Թուրքիայի, Եվրոպական Միության համարկման ճիգերի և ընդհանրապես իսլամական աշխարհում կատարվող զարգացումների մասին։ Սիրիայի խնդիրներին վերաբերող իր վերջին հրապարակումով Ալեքսանդրա դել Վալը շեշտել է սիրիահայության նկատմամբ Անկարայի կողմից գալիք վտանգը։ Այստեղ կա ծայրահեղացման միտում։ Դել Վալը «վկայակոչում է» սիրիահայ համայնքը և խոսում հարյուրավոր սպանվածների և հայկական Քեսաբ գյուղի դեմ իրականացված հարձակման մասին. վերլուծումը հանգում է այն ենթադրության, որ հոգուտ կառավարական ուժերի հայերի կողմնորոշման դեպքում, նրանց սպառնում է նոր ցեղասպանություն Սիրիայում ապրող թուրքմենների ձեռքով, որոնք զինվում և ֆինանսավորվում են Անկարայի կողմից։
Մի պահ անտեսենք դել Վալի հաղորդածների ծայրահեղացված լինելու փաստը և քաղաքական միտումի համոզումը և տեսնենք երկրում ծարահեղ իսլամականության կայացման դրսեւորումները, հակաքրիստոնյա մոլուցքի երևույթները, քրիստոնյա հոգևոր առաջնորդների առևանգումները և նմանատիպ դեպքեր, որոնք հիշեցնում են Իրաքի քրիստոնյաների նկատմամբ կիրառված քաղաքականությունն ու դրա արդյունքը։ Բնական է, որ ճգնաժամը, անապահովությունը, պատերազմական գործողությունները կհանգեն բնակչության որոշ տեղաշարժերի։ Իսկ երբ նախադրյալները հուշում են ազգաբնակչության որոշ խավի թիրախաւորված լինելու մասին, տեղաշարժի մղումները բազմապատկվում են։ Տեղաշարժը կարող է լինել ներքին, Իրաքի դեպքում դեպի ինքնավար Քուրդիստան, և հատկապես արտաքին, մասնավորաբար դեպի Եվրոպա և դեպի Շվեդիա։
Քրիստոնյա տարրը շրջանից դատարկելու քաղաքականության կիրառման մասին մտածելու որոշ տվալներ կան անշուշտ։ Խուճապային տրամադրություններ ստեղծելը, դեպքերը խոշորացույցի տակ առնելը և արագ եզրակացություններ կատարելը, ընդհուպ մինչև յուրաքանչուր քրիստոնյայի սպանության դիմաց փրկագների ճշտում կամ նոր ցեղասպանության նախապատրաստություն, այս բոլորը անշուշտ զուտ տեղեկատվական կամ ապատեղեկատվական պարագայական արտադրություններ չեն, այլ նախանշում են որոշ ուժերի քաղաքական մի վարքագիծ։
Հրապարակագրական ենթադրությունները, վերլուծումները քաղաքական ոսպնյակների ազդեցություն են կրում անշուշտ։ Փաստերը սակայն մանավանդ արդյունքները մտածել են տալիս այդ բոլորի քաղաքական շարժառիթների մասին։ Թե՛ Իրաքի և թե՛ Սիրիայի դեպքում քրիստոնյա ազգաբնակչություններին դեպի Շվեդիա ուղղորդելու համար ընծայված դյուրությունները հեռու են պատահականության տեսությունից։
Որոշ սիրիահայերի դեպքում հայաստանյան քաղաքացիության շատ արագ տրամադրումը առաջին դուռն է Երևանի ժամանակաւոր կանգառից դեպի Շվեդիա կամ այլուր մեկնելու։ Համապատասխան գրասենյակները արագ են գործում այս ուղղությունները ապահովելու համար։ Վճարները որոշված են և ընթացակարգը հայտնի։
Բայց նախքան այդ ամբողջ գործընթացի սկսելը նախ համոզումը պետք է ձևավորել։ Եվ այստեղ է, որ Ալեքսանդրա դել Վալի հոդվածների կարիքն է զգացվում։ Անկարա, թուրքմեններ, հարձակում հայկական գյուղի վրա և նոր ցեղասպանության սպառնալիք։
Առանց թերագնահատելու թուրքական գործոնի վտանգը՝ դել Վալի մատնանշած սպառնալիքը տեսանելի չի թվում։ Բայց կա քրիստոնյա տարրի հեռացումը երկրից և շրջանից։ Իսկ այստեղ է ահա, որ պարզեցված կարգով և հատուկ դյուրությամբ ու արագությամբ քաղաքացիություն շնորհելը ինքնին կարող է նպատակին չծառայել, եթե չկա համալիր ծրագիր՝ ճգնաժամի հետեւանքով հայրինիքում հայտնված հայ մարդուն ոչ ժամանակավոր հայրենադարձի կարգավիճակ ապահովելու համար։
Ստեղծված պայմաններում առաջադրված ելքը դեպի Հայաստանն է, ուր քաղաքացիություն ստանալը և կեցության օրինականացումը բաւարար չեն անշուշտ։ Բնակարանային հարցի լուծումը ինքնին չի նպաստում ճգնաժամային պայմանների բերումով սկսած հայրենադարձության սահմանափակ գործընթացին։ Աշխատանքի ապահովումը, արդարացված աշխատավարձը, կենցաղային խնդիրների լուծումը ավելի քան անհրաժեշտ գործոններ են, որոնց ապահովումը այս բոլոր բարդ և անկանխատեսելի իրավիճակներում կարող է առավել իրականանալի թվա պետական մակարդակի վրա հակաճգնաժամային ծրագիր գործադրելու համար։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր