Բաժիններ՝

Դավիթ Հարությունյան. Ոտքներս պետք է մեկնենք մեր վերմակին համապատասխան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր հայտարարել էր, թե ՀՀ արդարադատության նախարարությունն ինքնուրույն կառույց չէ: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ նա կարող էր մարդկանց ուղղակի չընդունել ՁՊՎ-ներ (ձերբակալվածների պահման վայր), քանի որ այնտեղ մարդկանց թիվը գերազանցում է սահմանված թվին:

168.am-ը ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է նա կիսում այդ կարծիքը:

«Այն մեկնաբանությունը, որը հնչեց, ինձ համար, իհարկե, ընդունելի չէ: Դարձյալ ես կարծում եմ, որ փոքր-ինչ չափազանցված մոտեցում է, և քանի որ գաղութներում քառակուսի մետրի նորմատիվը խախտվել է, ապա դատական ակտը չպետք է կատարվի: Դատական ակտը ոչ պակաս ուժեղ ակտ է, քան այն նորմատիվը, թե քանի քառակուսի մետր է հասնում յուրաքանչյուր կալանավորի:

Իհարկե, դա վատ է, դա խախտում է, որի համար անգամ փոխհատուցում կարող է վճարել երկիրը, և մենք ունեինք անգամ նախադեպեր, երբ Եվրոպական դատարանը նման դեպքերում որոշումներ է կայացրել, որ պետք է փոխհատուցում վճարվի, համարել է դա խոշտանգում:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, ասել, որ արդարադատության նախարարությունը պետք է լինի ինքնուրույն և դատական ակտը չկատարի, քանի որ, ենթադրենք, սպանության մեջ կասկածվողին, օրինակ, չընդունի քրեակատարողական հաստատություն, կալանավորների պահելու վայր միայն այն պատճառով, որ նորմատիվը խախտված է, ես կարծում եմ՝ դա ծայրահեղություն է»:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ խնդիրն ակնթարթորեն չի լուծվի, այն պահանջում է լուրջ ֆինանսական ներդրումներ. «Դա պահանջում է շատ լուրջ ֆինանսական ներդրումներ, և այդ առումով, ինչպես ժողովրդական խոսքն է՝ ոտքներս մեկնենք մեր վերմակին համապատասխան: Մենք էլ ենք անում դա՝ շատ լավ հասկանալով, որ խնդիրն առկա է: Այս պահին իրականացվում է մեկ լուրջ, մեծ քրեակատարողական հաստատության կառուցում, հետո կառուցվելու է երկրորդը, ընդհանուր առմամբ 5 նոր քրեակատարողական հաստատություններ են կառուցվելու, իսկ հները վերացվելու են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս