ԲՀԿ-ն՝ ընդդեմ ընտրակեղծիքի, և ընտրակեղծիքն՝ ընդդեմ ԲՀԿ-ի
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ԲՀԿ հանրահավաքում ելույթ ունեցողների մեծ մասը խոսում էր Երևանի ավագանու ընտրություններում ընտրախախտումները բացառելու անհրաժեշտության մասին: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ականները համարում են, որ իրենք ընտրություններում հաղթանակ կտանեն, եթե չլինեն ընտրակեղծիքներ:
ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Էնֆիաջյանն ասում է. «Պետք է չթողնենք, որ ընտրատեղամասերում զեղծարարություններ լինեն»: Իսկ մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Վահան Բաբայանը, այս նույն խնդրին անդրադառնալով՝ հայտարարում է. «Միասնաբար պետք է կանգնենք ձայն գողացողների դեմ, միասին պետք է բռնենք ձայն գողացողի ձեռքը»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդհանրացնելով իր կուսակիցներին՝ ավելացնում է. «Մեր հետևում կանգնած է ժողովուրդը, և ոչ թե՝ ընտրակեղծարարների բանդան»:
Բայց ովքե՞ր են այդ ընտրակեղծարարները, ո՞ւմ ձեռքը պետք է բռնեն ԲՀԿ-ականները, ո՞ր քաղաքական ուժի հետևում է, որ ժողովրդի փոխարեն՝ կանգնած է ընտրակեղծարարների բանդան: ԲՀԿ-ականները գերադասում են անուններ չտալ, որովհետև որքան մեղադրանքն անանուն և անհասցեատեր է, այնքան ավելի անշառ է ու անպատասխան: Ինչո՞ւ ենք նշում անուներ տալու անհրաժեշտության մասին: Այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը խոսելով «Ժառանգության» կողմից արվող այն հայտարարությունների մասին, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, պահանջել էր, որ նման մեղադրանքներ հնչեցնելու դեպքում՝ անուններ տրվեն: Ինչո՞ւ ուրեմն նույն Վահան Բաբայանը՝ խոսելով ընտրակեղծարարի ձեռքը բռնելու վճռականության մասին, չի ասում, թե ո՞վ է այդ ընտրակեղծարարը: Չգիտի՞, թե՞ ուղղակի վախենում է անուն տալ:
ԲՀԿ-ականներին իսկապես մտահոգում է ընտրակեղծարարության թեման, բայց ոչ այն պատճառով, որ նրանք սկզբունքորեն դեմ են ընտրակեղծիքին, այլ որովհետև Հայաստանում կա ընտրակեղծարարության մենաշնորհ, և այդ մենաշնորհը պատկանում է իշխող կուսակցությանը`ՀՀԿ-ին: Հարցրեք 1996-98 թթ. ընդդիմության ներկայացուցիչ ԱԺՄ-ականներին, թե այդ տարիներին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ի՞նչ մթնոլորտ էր տիրում Աբովյանում և Առինջ գյուղում, և նրանք կասեն, թե որքանով էր հնարավոր պայքարել ընտրակեղծարարության դեմ: Այնպես որ, կարելի է չկասկածել, որ ԲՀԿ-ականները հասկանում են, թե ինչ մեծ ուժ է ընտրակեղծիքը, չնայած պետք է հասկանան նաև, թե որքանով են լուրջ դրանց դեմ պայքարելու իրենց վճռականության հրապարակային հայտարարությունները:
Մյուս կողմից՝ անհայտ է, թե ինչ պետք է անեն ԲՀԿ-ականները, եթե, այնուամենայնիվ, ընտակեղծիքներ տեղի ունենան, և հենց ընտրակեղծիքը որոշի ընտրության արդյունքը: Այս հարցը ԲՀԿ-ականներին անիմաստ է տալ, քանի որ դրա պատասխանն առավել քան ակնհայտ է: 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ԲՀԿ-ականներ հայտարարեցին, որ ՀՀԿ-ն հաղթել է գողացված քվեների միջոցով: Բայց ի՞նչ արեց ԲՀԿ-ն այդ գողությունը կանխելու կամ գողերին պատասխանատվության ենթարկելու համար: Խոսքը և՛ իրավական, և՛ քաղաքական պատասխանատվության մասին է: ԲՀԿ-ականների կողմից որևէ դիմում չեղավ իրավապահ մարմիններին, որտեղ ընտրակեղծարարության հետ կապված որևէ փաստ կնշվեր: ԲՀԿ-ականները հրապարակայնորեն ընդունեցին ընտրությունների հայտարարված արդյունքները և վերցրեցին իրենց բաժին հասած մանդատները: Կարելի է չկասկածել, որը նույնը տեղի կունենա նաև այս ընտրություններում: