ԲՀԿ-ն՝ «Ժառանգությանը». Դե անուններ տվե՛ք, ինչի՞ եք լռում
««Ժառանգությունը» կախվում է փրփուրներից, որովհետև իրենց այլ բան չի մնում անել, քան կպնել ԲՀԿ-ին, գիտակցել, որ իրենք տանուլ են տալու այս ընտրությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով «Ժառանգության» անդամների պնդումներին, թե ԲՀԿ-ն նախընտրական փուլում ընտրատեղամասից դուրս վարում է ՀՀԿ-ին մոտ քաղաքականություն, իսկ տեղամասերի ներսում ցանկանում է քաղաքականություն վարել ընդդիմության պես:
Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ դա սև PR-ի արդյունք է ԲՀԿ-ի դեմ. «Մենք ունենք մրցակիցներ, որոնցից ոմանք, ովքեր տպավորություն են ստեղծում, թե իրենք արդար են, պայքարող են, բայց հասկանում են, որ կա այլ ուժ, որն ավելի շատ մարդկային ռեսուրս ունի, էլեկտորատ, հնարավորություն ու փորձ, իրենք փրփուրներից կախվելով՝ վարկաբեկում են այդ ուժին՝ հասկանալով, որ ԲՀԿ-ն իրենց համար էլ այն կառույցն է, որ կարող է հաղթել»:
Բաբայանն ընդգծեց, որ եթե «Ժառանգության» անդամները փաստեր ունեն, ապա թող հրապարակեն ու «օդից չխոսեն», և խախտումներ արձանագրելուն պես՝ դիմեն Ոստիկանություն, Դատախազություն կամ ԿԸՀ. «Հիմա ոնց որ ես ասեմ, որ «Ժառանգությունը» դուռը փակել է, բոլորը գնացել են տուն, իրենց գրասենյակում մարդ չկա, մայիսի 1-ն է, բոլորը գնացել են: Ես ստեղ նստած, պատկերացնո՞ւմ եք, նման հայտարարություն անեմ, ասեմ՝ տարածեք: Հիմա դուք պարտավո՞ր եք ինձ հավատալ: Ես գոնե անշառ հայտարարություն եմ անում՝ դատի չեմ տալիս իրենց, չեմ ասում՝ օրենք են խախտել: Իսկ իրենք եկել, ասում են, թե ԲՀԿ-ն փող է բաժանում, բայց իրենք վախենում են անուններ տալ: Դե տվե՛ք, ինչի՞ եք լռում: ԲՀԿ-ն ինչո՞ւ պետք է փող բաժանի: Գագիկ Ծառուկյանն այսօրվա դրությամբ ամեն հնարավորություն ստեղծել է, որ կուսակցությունը հզորանա, տարբեր քաղաքական շերտերի հետ տարբեր հանդիպումներ է ունեցել, հասարակական ներկայացուցիչների հետ մշտապես շփվում է: Ինչո՞ւ պետք է պարոն Ծառուկյանը փող տա, որ իրեն ընտրեն»:
Մեր դիտարկմանը, թե «Ժառանգությունում» «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը նույնացնում են ԲՀԿ-ի քարոզարշավի հետ, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
«Պարոն Ծառուկյանը վերջին տասնհինգ տարիներին էլ բարեգործությամբ է զբաղվում, ու դա որևէ կապ չունի քաղաքականության հետ: Ի տարբերություն շատ-շատերի՝ պարոն Ծառուկյանը բարեգործությունը չի անում կուսակցական սկզբունքով: Երբևէ մի մարդ այս երկրում չի կարող լինել, որ ասի, թե պարոն Ծառուկյանը գումարը կամ օգնությունը տվել է մեկին օգնելու համար, որովհետև ինքը ԲՀԿ նախագահն է: Օրինակ, վերցնենք գյուղատնտեսության ոլորտը. կարող ա՞ պարոն Ծառուկյանը հաշվում է, թե տվյալ գյուղում քանի՞ «Բարգավաճ» կամ քանի Հանրապետական կա, կամ ինչ-որ մեկին օգնելուց առաջ հարցնում է՝ ով՝ ինչ է: Դա պարզապես սև PR է»:
Բաբայանը կարծում է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ հիմնական մրցակցին իրենց մեջ են տեսնում: