Բաժիններ՝

Ֆուձիյամա լեռը հունիսին ընդգրկվելու է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի Ֆուձիյամա հանրահայտ լեռը հունիսին ընդգրկվելու է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում: Այս մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան.

«Դա շատ ուրախալի լուր է: Կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները՝ UNESCO-ի Համաշխարհային ժառանգության գծով հանձնաժողովի պաշտոնական որոշմանն աջակցելու համար, որը պետք է տեղի ունենա հունիսին»:

Ճապոնիան UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում Ֆուձիյամայի ներառման հայտը ներկայացրել էր նախորդ տարվա հունվարին՝ պնդելով, որ լեռն իր տարածքում միավորում է 33 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև հանդիսանում է ճապոնացիների ավանդական դավանանքների վայր:

Ֆուձիյաման նախկինում նույնպես հավակնել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության թվում ներառվելուն, սակայն մերժում է ստացել զբոսաշրջիկների թողած աղբի մեծ քանակի պատճառով: Ֆուձիյաման Ճապոնիայի ամենաբարձր լեռն է՝ 3776 մետր: Եղանակային լավ պայմանների դեպքում այն տեսանելի է իրենից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տոկիոյից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս