Ողբերգական ավտովթար՝ Երևանում. 26-ամյա երիտասարդը BMW-ով հայտնվել էր Գարեգին Նժդեհի մետրոյի գետնանցումում (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 32 շենքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, վարելով BMW մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհ հրապարակում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր հարվածի սկզբնամասից թռել է մեքենայով, բախվել Գարեգին Նժդեհի հրապարակի մեկ այլ քարե պատնեշին և մոտ 6 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել մետրոյի գետնանցումում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ րոպեներ անց մահացել է:
Նշվում է, որ վթարի հետևանքով նյութական վնասներ են կրել գետնանցումի տակ գտնվող մի շարք կրպակատերեր, քանի որ կոտրվել են ապակիներն ու ցուցափեղկերը: Իսկ ավտոմեքենայի շրջվելու հետևանքով անվահեծանը պոկվել և հայտնվել է գետնանցումի մեկ այլ խանութում: