«Հեքիաթն իրականություն է, որին հավատալով՝ ցանկանում ես իրականությունն այդպիսին տեսնել»
Ասում է «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպի հեղինակ Արմինե Անդան
Անկիմյուրը մի երկիր-քաղաք է, որը կառուցվել է ձյան փաթիլի պես ու, որի փողոցները ճիշտ նույն փաթիլի տեսքն ունեն: Անկիմյուրում ապրում են տարբեր արարածներ՝ նիմբլյումներ, որոնք մեծ, եռանկյունի ականջներով էություններ են և այդ երկիր-քաղաքում հայտնի են` որպես աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներ: Անկիմյուրի բնակիչներից պերիսետները շատ պստլիկ են՝ ձեռքի ափի չափ, որոնց կողքին նաև ապրում են կոլոսներն ու անտագոնիստ թփաները, վերջինները մշտապես պատերազմ են հայտարարում քաղաքում:
Ընդհանրապես Անկիմյուրում բնակվող ամեն մի արարած արտառոց է, ինչպես, օրինակ՝ խելացի օդապարիկ Սարսունելը, ուսուցչուհի Կակոնան կամ եռանկյունի արարած Դելիմեբրան, որն էլ իր առանձնահատկություններն ունի: Անկիմյուրում ապրում են նաև տասնոտնուկ մաթեմատիկոսներ, որոնք, պարզվում է` ունեն իրենց սեփական մաթեմատիկա գիտությունը: Երկիր-քաղաքում ամեն մի բնակիչ սովորում ու սովորեցնում է պարզ ճշմարտություններ՝ միմյանց հանդեպ սեր, ընկերություն, հոգատարություն և շատ այլ մարդկային արժեքներ, որոնք ընթերցողը յուրացնում է Անկիմյուրի բնակիչների մասին հեքիաթ-վեպն ընթերցելիս: Վերջերս լույս տեսած «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպը գրական բավական հետաքրքիր ժանրով, պարզ երկխոսություններով բացահայտում է այնպիսի ճշմարտություններ, որոնք գուցե իրականության մեջ այլևս մոռացվում են: Հեքիաթ-վեպի հեղինակ Արմինե Անդան վստահեցնում է, որ հարմոնիկ իրականություն վերարտադրող հեքիաթ-վեպը ճիշտ մեր իրականության հակակշիռն է: Անկիմյուրն ընթերցողի մեջ մնում է` որպես մի աշխարհ, որն ունի մեծ շարունակություններ: Գրքի հեղինակ Ա. Անդայի հետ մենք փորձեցինք զրուցել գրական այս ժանրի, Անկիմյուրի բնակիչների և առհասարակ՝ հեքիաթների հանդեպ հասարակական հետաքրքրության մասին:
– Գրքի ստեղծումը շատ երկար պատմություն ունի, որի վրա ես աշխատել եմ երկար տարիներ և փուլ առ փուլ: Միայն կարող եմ նշել, որ Թատերական ինստիտուտի ուսանող էի և պատրաստվում էի դառնալ միմիայն դերասանուհի: «Անկիմյուրի բնակիչները» սկսեցի գրել այն տարիներին, երբ դժվար ձմեռներ էինք հաղթահարում, երբ Հայաստանում ոչինչ չկար՝ մութ էր, ցուրտ էր: Երբ Հայաստանում ոչինչ չկար՝ մութ էր, ցուրտ էր, այդ հրաշք արարածները եկան ինձ համար բերելու մի շատ լուսավոր պատմություն՝ լցված ընկերությամբ, ուրախությամբ, սիրով: Գիրքը վաղուց գրված էր, բայց ես մոտ վեց տարի դրա վրա աշխատում էի, որովհետև այն լեզուն, որով խոսում են արարածները, և՛ շատ ծիծաղելի էր, և՛ անհրաժեշտություն կար այդ հարուստ լեզվի վրա աշխատելու:
Գիրքը թեև վաղուց արդեն պատրաստ էր, այդուհանդերձ, ամբողջական տեսքով տպագրվեց միայն հիմա` 2011-ին, «Օրանժ» ընկերության կողմից «Լավագույն հեքիաթ» մրցանակին արժանանալուց հետո: Գիրքը մի կողմից` նկարազարդված է իմ, մյուս կողմից՝ գրքի հերոսների կողմից: Այն ամենն, ինչ գրքում հեղինակային է՝ ես համարում եմ Անկիմյուրի բնակիչներինը, ոչ թե՝ իմը: Ես հույս ունեմ, որ իմ գրքից ընթերցողին, մանավանդ` երեխաներին, երկու բան հնարավոր կլինի փոխանցել. այն, որ մոլորակի վրա գոյություն ունեցող ցանկացած արարած շատ կարևոր է (Անկիմյուրում այդպես է), և երկրորդը՝ ընկերության, սիրո կարևորությունն է: Գրքում հերոսների ծիծաղելի երկխոսությունների միջոցով ճշմարտություններ են պատմվում:
– Հայաստանյան գրական կյանքում ֆենթզի ժանրը նորամուծությո՞ւն է:
– Որքան տեղյակ եմ՝ «Անկիմյուրի բնակիչները» Հայաստանում գրական ֆենթզի ժանրում հրատարակված առաջին հեքիաթ-վեպն է: Աշխարհում ֆենթզի ժանրում գրող առաջին մարդը Թոլքինն է, որի հայտնի «Մատանիների տիրակալը» վերջին տարիներին վերածվեց ֆիլմի: Հոբիթների մասին գիրքը 21-րդ դարում հեղինակային հեքիաթում ստեղծվեց որպես ժանր, որը սերտորեն կապ ուներ միֆոլոգիայի հետ: Հոբիթների մասին պատմություններն այնքան ուժեղ ռեզոնանս ունեցան, որ գրական այդ նյութը նոր ժանրի սկիզբ հանդիսացավ: Ֆենթզի ժանրն այսօր նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում վիզուալ արվեստների միջավայրում:
Առաջին ֆիլմը, որն այս ժանրը շատ պոպուլյար դարձրեց՝ դա Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներն» էր, որն, ի դեպ, նույն Թոլքինի հոբիթների մասին շարքից, թե՛ միֆոլոգիայից, թե՛ ասիական տարբեր փիլիսոփայություններից մեծ ազդեցություն էր կրում: Ինչ վերաբերում է «Անկիմյուրի բնակիչներին», ապա այն միայն հեքիաթային պատմությունների շարք չէ՝ վեպ է: Այդ շարքը կամաց-կամաց ամբողջանում, վերածվում է մի միկրոտիեզերքի՝ պատմելով ամբողջական մի աշխարհի մասին:
– Անկիմյուրն` իր բնակիչներով, հերոսներով ու նրանց աշխարհընկալմամբ` գոյություն ունի Ձեր ենթագիտակցությա՞ն մեջ, թե՞ դա ծայրից ծայր հորինվածք է:
– Նայած, թե ընթերցողն ինչպես է վերաբերվում գրական այս ժանրին: Այն հորինված է իմ կողմից, բայց ես շատ մեծ, հզոր հեքիաթներին վերաբերվում եմ այնպես, որ ոչ ոք չգիտի` իրականում դրանք իսկապե՞ս չկան: Միֆոլոգիայից սկսած՝ լեգենդներ, հեքիաթ, ֆենթզի՝ այս ամբողջի մեջ կա բավական մեծ ճշմարտություն և մեծ իրականություն: Այլ հարց է, որ այս ամենին խառնված է մարդու երևակայությունը, որն, իմ կարծիքով՝ նույնպես իրականություն է, պարզապես իրականություն է ուրիշ հարթություններում: Հորինվածքն ինձ համար նույնպես իրականություն է, և մենք՝ մեր կյանքում շատ բաներ ունենք մեզ շրջապատող, որոնք իրականություն են այլ հարթությունում: Մեկին` ավելի լուրջ, մյուսին՝ ավելի քիչ լուրջ ենք վերաբերվում, բայց այս ամբողջ իրականությունները միասին են ստեղծում մեզ շրջապատող տիեզերքը:
– Կպատմե՞ք Անկիմյուրի մասին:
– Անկիմյուրը քաղաք է, որը միաժամանակ երկիր է և, որը կառուցված է փաթիլի պես: Այնտեղ ապրում են ամենատարբեր արարածներ՝ նիմբլյումներ, պերիսետներ, թփաներ, կոլոսներ, և այլք: Գիրքը կառուցված է հետևյալ կերպ՝ ամեն հաջորդ պատմություն ի հայտ է բերում այդ երկրից որևէ մի նոր բնակչի կամ բնակիչների մի ամբողջ ցեղի: Իրենք էություններ են, օրինակ՝ ինչպես միֆոլոգիայի, լեգենդների ժամանակներում շատ արարածներ են եղել, որոնք հորինվել կամ չեն հորինվել, իսկ հետագայում դրանց գոյությունը մեզ համար բնական է համարվել: Ընդհանրապես ես «հորինել» բառին մեծ վերապահումով եմ վերաբերվում, որովհետև հորինել` չի նշանակում, որ այն չկա, որովհետև գուցե հորինում ես մի բան, որը կա, բայց առաջին անգամ դու ես դրա մասին իմացել: Ֆենթզի ժանրը ես շատ կարևորում եմ հատկապես երեխաների համար, որովհետև երևակայությունը քեզ տանում է մի տարածք, որն անսահման է, և բացված երևակայությունը ցանկացած ասպարեզում շատ կարևոր է: Նոր տարածություններն ամենատարբեր ոլորտներում թույլ են տալիս նորից նոր տարածություններ բացել:
– «Անկիմյուրի բնակիչները» վեպ-հեքիաթը տարիքային ո՞ր խմբի համար է նախատեսված, կամ արդյո՞ք այն մատչելի կլինի փոքրիկների համար:
– Իմ գիրքն ամենատարբեր տարիքի երեխաների համար կարող է հետաքրքիր լինել, այլ հարց է, որ կլինեն փոքրաթիվ մեծահասակներ, ովքեր սիրում են այդպիսի գրականություն: Օրինակ՝ կան մեծահասակներ, ովքեր սիրում են «Վիննի Թուխ» կարդալ, և նման մարդկանց համար իմ գիրքը հետաքրքիր կլինի: «Ալիսը», «Փոքրիկ Իշխանը», «Մատանիների տիրակալը» հետաքրքիր են թե՛ 5 տարեկանի, թե՛ մեծահասակների համար:
– Կարծում եք՝ այս բարդ ու խարխլված արժեքային համակարգով հասարակական կյանքում մարդիկ հավատո՞ւմ են հեքիաթներին:
– Եթե չեն հավատում՝ դա մեծ դժբախտություն է: Իրականության մեջ լիքը հեքիաթ կա, և դա հաստատ էդպես է: Հեքիաթներին հավատալով ես կարողանում այսօրվա իրականությունը փոխել, հակառակ դեպքում՝ ինչի՞ն հավատալով փոխես իրականությունը: Հեքիաթը մի բան չէ, որը հորինված է և ճշմարիտ չէ: Այն իրականություն է, որին դու հավատում ես և ուզում ես իրականությունն այդպիսին տեսնել: Մարդկության ստեղծման պահից սկսած՝ ստեղծվել է նաև հեքիաթը, որովհետև մարդկությունը միշտ ձգտել է իրականությունն ավելի լավը դարձնել: Եթե մարդը հավատում է իր ստեղծած իրականությանն, ապա աշխատում է իրականությունն այդպիսին դարձնել: Անկիմյուրն այն աշխարհներից է, որի նմանը ես կուզենայի, որ աշխարհը լիներ:
Շատ կցանկանայի, որ «Անկիմյուրի բնակիչների» ընթերցողը ցանկանար, որ աշխարհն Անկիմյուրի նման լիներ՝ ներդաշնակ, լուսավոր, որտեղ հարաբերություններն ընկերության սկզբունքով են կառուցված:
«168 ԺԱՄ»