«Թատրոնով ապրում եմ, երգով՝ շնչում, պարով՝ հոգեպես հանգստանում» (լուսանկարներ)
Դերասան, երգիչ Սենիկ Բարսեղյանը, բացի այն, որ մասնակցել է երաժշտական նախագծերի («Հայաստանի ձայնը», «Հայ Սուպերսթար»), գրեթե վեց տարի է՝ ապրում և ստեղծագործում է թատերական միջավայրում:
– Սենիկ, մի փոքր կպատմե՞ք` որտեղի՞ց և ինչպե՞ս սկսվեց Ձեր ստեղծագործական ճանապարհը:
– Եթե անկեղծ՝ ես իմ ստեղծագործական կյանքը սկսել եմ մանկուց, սակայն չէի որոշել, որ պիտի շարունակեմ ու իմ հետագա կյանքն անցկացնեմ թատրոնում: Կյանքն ինձ թելադրեց, և, ինչպես տեսնում եք, ես արդեն թատրոնում եմ:
– Որքա՞ն ժամանակ եք աշխատում Կամերային թատրոնում: Ինչպե՞ս մուտք գործեցիք այնտեղ:
– Ես սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որն ավարտելուց հետո շատ պատահական ընդունվել եմ Կամերային թատրոն: 2007 թվականից աշխատում եմ՝ որպես դերասան, սիրում եմ իմ թատրոնը, և թատրոնս սիրում է ինձ:
– Աշխատում եք այնպիսի դերասանների հետ, ովքեր ավելի շատ տարիների փորձ ունեն: Ինչպիսի՞ն է Ձեր շփումը, նրանցից ինչ-որ բաներ սովորո՞ւմ եք, կամ նրանց օգնության կարիքը երբևէ զգո՞ւմ եք:
– Աշխատում և բեմ եմ բարձրանում շատ տաղանդավոր դերասանների հետ, որոնք ինձ շատ են օգնել թատրոն ընդունվելու սկզբնական շրջանում: Սրա համար նրանց շնորհակալ եմ: Հիմա էլ ես՝ իմ հերթին, օգնում և նեցուկ եմ կանգնում նոր դերասաններին, ովքեր ցանկանում են մուտք գործել Կամերային թատրոն:
– Այս ընթացքում արդեն ձևավորված կլինի Ձեր հանդիսատեսը: Ովքե՞ր են Ձեր հանդիսականները, և առհասարակ ի՞նչ կարծիքներ եք մարդկանց կողմից լսում:
– Սիրում եմ իմ հանդիսատեսին, որովհետև նրանց սերն ու ցավերն են իմ կենսակերպի ու կյանքի մի մեծ մասը… Շատ բազմաբովանդակ կարծիքների հետ համաձայնում եմ, քննադատությունների հետ՝ բանավիճում: Լսում եմ նաև շատ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ կարծիքներ, բայց հիմնականում ես ինքնաքննադատ եմ:
– Երգի ասպարեզում չե՞ք ցանկանում ինչ-որ քայլեր ձեռնարկել:
– Երգի ասպարեզում պատրաստվում եմ իմ ակտիվ գործունեությունը ծավալել, ինչպես ասում են՝ երգ, հետո՝ տեսահոլովակ: Թերևս, մինչև տարվա վերջ նորություն կլինի: Երգի մասին դեռևս չեմ կարող մանրամասներ ասել, բայց այն, կարծում եմ՝ կլինի ջազ կամ բլյուզ կատարում:
– Ձեզ որտե՞ղ եք ավելի լավ զգում` թատրոնի՞, թե՞ երգի ասպարեզում:
– Ես ինձ համարում եմ, իհարկե, դերասան, հետո նոր՝ երգիչ, թեպետ նաև ասում եմ՝ երգող արտիստ: Եթե ավելի անկեղծ՝ թատրոնով ապրում եմ, երգով՝ շնչում, պարով՝ հոգեպես հանգստանում: