Facebook-ի գործադիր տնօրենի բիզնես-կանոնները
Forbes ամսագիրը կազմել է Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգի բիզնես-կանոնները:
- Ինքներդ ձեզ հարցրեք՝ ի՞նչ կանեիք, եթե չվախենայիք: Հետո արե՛ք դա:
- Հեշտ է չսիրել կին ղեկավարներին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք քիչ են: Եթե կին ղեկավարներն ավելի շատանան, դժվար կլինի այդքան շատ մարդկանց չսիրելը:
- Այլ կազմակերպություններ ինձ հրավիրում էին՝ գլխավոր տնօրենի պաշտոնում աշխատելու համար, սակայն ես դարձա Facebook-ի գործադիր տնօրենը: Սկզբում ինձ անընդհատ հարցնում էին՝ ինչո՞ւ աշխատանքի անցա ավելի ցածր պաշտոնում, այն էլ՝ 23 տարեկան երիտասարդի ղեկավարության ներքո: Հիմա այլևս այդ հարցը չեն տալիս:
- Աշխատանքը Facebook-ում ինձ դուր է գալիս՝ բացառությամբ այն օրերի, երբ աշխատակիցներն ինձ դիմում են հետևյալ խնդրանքով՝ մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչպե՞ս կվերաբերվեն այս ֆունկցիային մեծ սերնդի ներկայացուցիչները:
- Բոլորս էլ ցանկանում ենք զբաղեցնել այն պաշտոնն ու դերը, որը մեզ հետաքրքրում է: Դրա համար ես միշտ երկու բան եմ խորհուրդ տալիս՝ երազանք՝ հեռավոր ապագայի, և պլան՝ մոտակա կես տարվա համար:
- Ես խնդրել եմ Մարկ Ցուկերբերգին՝ յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ կիսվել ինձ հետ իմ աշխատանքի մասին իր տպավորություններով, որպեսզի հասկանամ այն ամենը, ինչ նրան անհանգստացնում է: Տարիների ընթացքում կարծիքների փոխանակումը դարձավ մեր հարաբերությունների մի մասը. այժմ մենք բարձրաձայնում ենք այն ամենը, ինչ մտածում ենք՝ առանց սպասելու շաբաթվա ավարտին:
- Միայն բիզնես մոտեցումը հաճախ այնքան էլ լավ չէ բիզնեսի համար:
- Ես նախկինի նման ստիպված եմ յուրաքանչյուր օր զոհել ինչ-որ բան, կիսվել ընտանիքիս և աշխատանքիս միջև: Սրա հետ բախվում է յուրաքանչյուր կին, և ես ամենալավ վիճակում եմ՝ համեմատած մեծամասնության հետ:
- Ես և իմ ընկերները միամտաբար հավատում էինք, որ ֆեմինիստուհիներն այլևս պետք չեն: Մենք սխալմամբ ենթադրում էինք, որ այլևս ոչնչի համար պետք չէ պայքարել:
- Մարդիկ հաճախ ձևացնում են, որ իրենց մասնագիտական որոշումները կապված չեն անձնական կյանքի հետ: Ես ճանաչում եմ բազմաթիվ կանանց, ովքեր ոչ մի դեպքում աշխատավայրում չեն խոսի իրենց երեխաների և ընտանեկան կյանքի մասին՝ վախենալով, որ աշխատակիցները սխալ կարծիք կկազմեն իրենց կյանքի մասին: