Հովտաշուշան՝ առասպելական բուժարարը
Հովտաշուշանի ցեղն ընդգրկում է հինգ տեսակ, պատկանում է շուշանազգիների ընտանիքին։ Բազմամյա, կոճղարմատավոր բույսեր են։ Ծաղկակիր ցողունն աճում է անմիջական կոճղարմատից և կրում է միակողմանի ծաղկաողկույզ։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին։ Պտուղը գնդաձև կարմրանարնջագույն հատապտուղ է, որը պարունակում է երեք սերմ։
Առավել հայտնի են մայիսյան, հյուսիս-ամերիկյան, մանջուրական տեսակները։ Մայիսյան տեսակը հանդիպում է Կովկասում, Փոքր Ասիայում, Եվրոպայում` անտառներում, թփուտներում, ձորերում։ Հյուսիս-ամերիկյանը ծաղկում է ձմռանը, մանջուրականի ծաղիկներն ավելի խոշոր են։
Մշակվում է դեղագործության և օծանելիքի արտադրության համար անհրաժեշտ հումք ստանալու նպատակով. հայտնի են Համբուրգի, Դրեզդենի, Լայպցիգի, Բեռլինի շրջակայքում գտնվող հովտաշուշանի ցանքադաշտերը։
Անչափ գեղեցիկ, բուրավետ, սպիտակ հովտաշուշանն ամենասիրելի ծաղկաբույսերից մեկն է, հանդիպում է մեր հայրենիքի բնական պայմաններում և մշակվում է ծաղկանոցներում։ Գրանցված է «Կարմիր գրքում»։
Բույսի գիտական` Convallaria, անգլերեն` «Lilly of the valley» և հոլանդերեն` «liliet je der dalen» անվանումները կրում են «Հովիտների շուշան» իմաստը։ Հայերեն այլ անվանումներն են` հովտած, մշկածաղիկ, քողահերձ։
Մայիս ամսվա առաջին կիրակին
Հնագույն ժամանակներից համարվել է սիրո, մաքրության, հավատարմության և նաև տխրության խորհրդանիշ։ Պայծառատեսները կարծում են, որ հովտաշուշանը և երիցուկը կամ դրանց նկարն ունեն հուռութի ուժ, սակայն զգուշացնում են, որ չար մարդու ձեռքով անցածը` տխրություն կբերի։
Ըստ ավանդազրույցի` Իշտար աստվածուհուն նվիրված տոնին խարույկներ են վառել և շուրջը պար բռնել` ձեռքում ունենալով հովտաշուշանի փնջիկներ, թառամած ծաղիկները նետել են կրակի մեջ։
17-րդ դարի կեսերից Ֆրանսիայում վերածնվել է կելտական հնագույն տոներից մեկը։ Մայիսի առաջին կիրակի օրը բնակարանները և հատկապես պատուհանագորգերը զարդարում են ծաղիկներով, այդ օրը համարվում է «Հովտաշուշանի օր»։ Կազմակերպվում են մեծ տոնախմբություններ, պարահանդեսներ, որոնց ժամանակ նաև ամուսնության առաջարկներ են արվում։ Եթե աղջիկն ամրացնում է սպիտակ ծաղկաողկույզը կրծքին, դա փոխադարձ սիրո նշան է, հակառակ դեպքում ծաղիկը հայտնվում է հատակին։
Ըստ ավանդույթի` աճող Լուսնի օրերին քաղած ծաղիկն ամրացնում է ամուսնական կապը. դրեք այն մահճակալի մոտակայքում, սակայն ոչ երկար ժամանակով։
Մայիսը հինգերորդ ամիսն է` 5=2+3, ըստ հնագույն ուսմունքի (կաբալա)` երկուսը հավասարակշռության թիվն է, իսկ երեքը խորհրդանշում է ժամանակի եռանկյունին` անցյալ, ներկա, ապագա։
Կա կարծիք, որ մայիսին պետք չէ դիմել կտրուկ քայլերի կամ ընդունել կարևոր որոշումներ։ Սակայն, եթե որոշել եք այնուամենայնիվ ամուսնանալ մայիսին, ապա շրջապատեք ձեզ միայն սպիտակ ծաղիկներով, իսկ աջ ձեռքին կապեք կարմիր թել։
Արևելյան Հայաստանում` Սուրբ Հարության տոնից 40 օր հետո, ուխտ էին գնում Արա լեռան Ծաղկեվանք կոչվող քարայր-սրբավայրը։
Դա Բարեկենդանի տոնն էր և շուրջբոլորը զարդարված էր ծաղիկներով։ Այդ տոնակատարության ընթացքը և բնույթը նկարագրված է Խ. Աբովյանի «Առաջին սեր» վիպակում և Գ.Ա. Ղափանցյանի «Արա Գեղեցիկի պաշտամունքը» գիտական աշխատությունում։
Հովտաշուշանը` բժշկության մեջ
Բույսի բոլոր մասերը, նույնիսկ ծաղկամանի ջուրը, թունավոր են, սակայն հատկապես այդ թույների շնորհիվ է, որ բույսն օգտագործվում է բժշկության մեջ։
Կարևոր է իմանալ, որ` ի տարբերություն շատ այլ բույսերի, հովտաշուշանի թույները չեն կուտակվում օրգանիզմում։
16-18-րդ դարերում հովտաշուշանը բժշկության խորհրդանիշ էր համարվում, օրինակ, քչերին է հայտնի, որ Ն. Կոպեռնիկոսը եպիսկոպոս Վինդերոդեի մոտ ոչ միայն անձնական քարտուղարի, այլ նաև բժշկի պաշտոն էր զբաղեցնում։ Պահպանվել է նրա դիմանկարը, որի վրա պատկերված են նաև հովտաշուշաններ։ Նման օրինակները բազմաթիվ են։
Անգլիայում հովտաշուշանի ծաղկային թուրմը պահվում էր արծաթով պատված կամ ոսկեզօծ տարաներում և կոչվում էր «ոսկյա ջուր»։ Թուրմն օգտագործվել է նյարդային խանգարումների և գլխացավի բուժման համար։
Արևմտյան Եվրոպայում հայտնի էր Հարթմանի ծաղկաթուրմը, որն օգտագործում էին կաթվածի (պարալիչ) բուժման համար։
Հարբուխի և գլխացավի բուժման նպատակով շնչում էին հովտաշուշանի և շագանակի պտղի փոշիների խառնուրդը։
Գերմանիայում գինու մեջ թրմված ծաղիկի ոգեթուրմը կիրառվել է պարալիչի բուժման և հիշողությունը լավացնելու համար։
Հովտաշուշանի վերգետնյա մասը պարունակում է սրտի աշխատանքը կարգավորող գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, ասպարագին, խնձորի և կիտրոնի թթուներ։ Ծաղիկներում շատ են եթերային յուղերը։
Բույսն ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկերում, պարունակվում է վալոկորդինի, կորվալոլի, կարդիովալենի կաթիլների մեջ։
Որպես բուժիչ հումք` մթերում են տերևը, ցողունը, ծաղիկը։ Հավաքում են ծաղկման սկզբում, թառամած ծաղիկները պիտանի չեն բուժման համար։
Չորացրած տերևները պետք է ունենան կանաչավուն երանգ։ Հովտաշուշանն ունի արտահայտված հակավարակային, նյարդային համակարգը հանգստացնող, մարսողությունը և միզարձակությունը կարգավորող, միզամուղ, այտուցումը նվազեցնող, քնաբեր հատկություններ։
Ժողովրդական բժշկությունում բույսից ստացված պատրաստուկները կիրառվում են տախիկարդիայի, սուր և քրոնիկ բնույթի սրտի աշխատանքի անբավարարության, նևրոզների, խոլեցիստիտի, ընկնավորության, տենդի, այտուցվածության, վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար։
Բույսի մեջ պարունակվող ասպարագին թթուն ունի հակաուռուցքային և հակաբիոտիկ հատկություններ։ Սապոնինները կարգավորում են խոլեստերինի բաղադրությունը և նպաստում անոթների պատերի ամրացմանը։
Ժողովրդական դեղատոմսեր
Կարդիոնևրոզ. Կես լիտր տարողությամբ ապակե տարայի մեջ շերտ առ շերտ լցրեք շաքարավազ և հովտաշուշանի ծաղիկներ, փակեք տարան, մեկ ամիս թրմեք մութ տեղում։ Խմեք գոյացած կանաչավուն հեղուկը` 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, ուտելուց հետո։
Սրտի անբավարար աշխատանք. Վեց հատ թարմ ծաղիկները 1 ժամ թրմեք 200 մլ ջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
Միզապարկի բորբոքում. 15 գ ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 2-ական թ/գ` օրը 3 անգամ։
- Նույն չափաբաժիններով խմում են ընկնավորության դեպքում։
Կարդիոսկլերոզ, սրտի անբավարարություն. 1 ճ/գ չորացրած ծաղիկը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Կարգավորում է խոլեստերինի մակարդակը, խորհուրդ է տրվում` որպես աթերոսկլերոզը կանխարգելող միջոց։
Ոգեթուրմ. 20 գ չորացրած ծաղիկները 21 օր թրմեք 200 մլ
70-տոկոսանոց սպիրտի մեջ։ Խմեք 10-15 կաթիլ` օրը 2-3 անգամ։ Խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի, տիրեոտոքսիկոզի, ընկնավորության, անքնության, միզուղիների հիվանդությունների դեպքում։
Սրտի հիվանդություններ, նյարդային անհանգստություն, անքնություն. 1 թ/գ առյուծագի խոտը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրում, քամեք։ 100 մլ թուրմի մեջ լուծեք 30 կաթիլ հովտաշուշանի ոգեթուրմ։
Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, անքնության դեպքում, նաև քնելուց 1 ժամ առաջ (2 թ/գ)։
Ոգեթուրմ. Ապակե տարայի 3/4-ը լցրեք թարմ ծաղիկներով (ոչ խիտ), մնացած ծավալը լրացրեք օղիով, 2 շաբաթ թրմեք, քամեք, հումքը մզեք ոգեթուրմի մեջ։ Խմեք 10-15 կաթիլ, օրը 2-3 անգամ` վերոգրյալ հիվանդությունների դեպքում։
Զգուշացում։ Հովտաշուշանի ոգեթուրմի մեկ օրվա առավելագույն չափաբաժինն է` 30-ական կաթիլ, օրը 3 անգամ։ Բուժման առավելագույն ժամկետը 28 օր է։
Գլաուկոմա. Խառնեք 100 գ եղինջի մանր կտրատած խոտ, 1 թ/գ հովտաշուշանի թարմ ծաղիկ, 1ճ/գ ջուր, 8 ժամ թրմեք, ավելացրեք 1 գրամ սննդային սոդա։ Համասեռ զանգվածը փաթաթեք թանզիֆով և դրեք կոպերի վրա։ Կատարեք օրը 2 անգամ, պահեք 2-3 րոպե։
Կոնյուկտիվիդ. 10 գ ծաղիկը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, լվացեք աչքերը։
Վահանագեղձի հիվանդություններ. Մանրացրեք, խառնեք հովտաշուշանի ծաղիկը, մաղադանոսի և դառնափուշի տերևները (1։1։1)։ 1 ճ/գ հումքը լցրեք եռացող ջրի մեջ` 200 մլ, եփեք 10 րոպե։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։ Կարգավորում է գեղձի աշխատանքը։
Հիպերտիրեոզ. Տրորեք հովտաշուշանի տերևը, փաթաթեք թանզիֆով. դրեք թրջոց վզի վրա` գեղձի հատվածում։
Միզամուղ. Մանրացրեք, խառնեք հովտաշուշանի և կեչու տերևներ, մաղադանոսի, հոռոմ-սամիթի և գիհի սովորականի պտուղներ (6։6։1։1։1)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ։
Նևրոզ. Մանրացրեք, խառնեք կատվախոտի արմատ, դաղձի տերև, հոռոմ-սամիթի պտուղ, հովտաշուշանի խոտ (4։3։2։1)։ 1 ճ/գ հումքը լցրեք 200մլ եռացող ջրի մեջ, տարան փաթաթեք լաթով, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 50 մլ` օրը 1 անգամ, ըստ անհրաժեշտության։
Գլխացավ, ստենոկարդիա. Փոշիացրեք, խառնեք կատվախոտի արմատ, դաղձի տերև, հոռոմ-սամիթի սերմ, առյուծագի խոտ, հովտաշուշանի ծաղիկ, օշինդրի արմատ (3։3։2։2։2։1)։ 1 ճ/գ հումքը (փոշիացրած) 8 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։ Օգտակար է ընկնավորության, դեպրեսիայի դեպքում։
Հիպերտոնիա. Մանրացրեք, խառնեք կատվախոտի արմատ, պատրինջի տերև, արոսենի սևապտղի տերև, հովտաշուշանի ծաղիկներ (3։3։2։1)։ 2 ճ/գ հումքը 3 ժամ թրմեք 500 մլ եռջրում, 3 րոպե եռացրեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 7-8 անգամ։
Հիպոտոնիա։ Հիվանդությունն առավել դժվար է բուժել, երբ խախտված է նաև սրտի գործունեությունը, և կան ցավեր։ Նման դեպքում դեղաբուսային փնջի մեջ ընդգրկվում են ալոճի պտուղ կամ հովտաշուշանի խոտ և ծաղիկ։
- Խառնեք 2 թ/գ հովտաշուշանի խոտ և ծաղիկ (1։1), 3-ական ճ/գ իշառվույտի խոտ և ծաղիկ, օշինդրի խոտ, երիցուկի ծաղիկ, սրոհունդի և առյուծագի խոտեր։ 2 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 250 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Ալոճի դեպքում կիրառվում են այլ խոտաբույսեր։
Դիմակ. Հովտաշուշանի պտուղները հին ժամանակներից օգտագործել են թարմացնող դիմակներ պատրաստելու համար։ Շիլայատիպ մանրացրած հատապտուղներին ավելացրեք (1։5) ձվի դեղնուց կամ թթվասեր։ Շատ բարակ շերտով քսեք թանզիֆի վրա, պահեք 10-15 րոպե։ Դիմակը հանեք խոնավ բամբակե խծուծով։ Հարթեցնում է կնճիռները, լավացնում է դեմքի գույնը։
Զգուշացում։ Հովտաշուշանը` որպես դեղամիջոց, կարելի է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։ Արտադրվում և վաճառվում են հովտաշուշանի 10-տոկոսանոց ոգեթուրմը, կատվախոտի և հովտաշուշանի խառնուրդից ստացված կաթիլներ, արյան շրջանառությունը կարգավորող «Կորգլիկոն» և բրադիկարդիայի և սրիտ-անոթային նևրոզների բուժման համար կիրառվող` «Վալոկորմիդ» դեղամիջոցները։
Հովտաշուշանից ստացված պատրաստուկները խստորեն հակացուցված են ինֆեկցիոն միոկարդիտի, արտահայտված աթերոսկլերոզի, տիրեոտոքսիկոզի դեպքում, լյարդի և երիկամների հիվանդությունների սրացման շրջանում և հղիներին։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: