«Աղաբաբյանի գիրքը անբարոյականության նմուշ է»
Ասում է պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը
– Անցած տարի Դուք եղել եք Շվեյցարական գիտության բիենալեում` (գիտության Դավոս) գլխավոր բանախոսներից մեկը, և այն նվիրված էր Տիեզերքի հետազոտությանը: Ի՞նչ հարցեր էին ընդգրկված օրակարգում:
– Երկու տարին մեկ տեղի ունեցող այդ միջոցառումները նվիրված են լինում գիտության առավել բուռն զարգացող բնագավառներին, քննարկվում են ընթացիկ և, հատկապես, սպասվելիք տենդենցները, բացի մասնագետներից, մասնակցում են նաև մշակույթի, բիզնեսի, քաղաքական գործիչներ:
Տվյալ դեպքում` Տիեզերքին նվիրված բիենալեին հրավիրված հինգ բանախոսներից երկուսը նշվում էին` որպես գլխավոր (keynote speaker). դրանք էին բրիտանացի Սըր Ռոջեր Պենրոուզը և ես: Տեղի ունեցավ նաև հատուկ քննարկում (panel discussion)` բրիտանացի Սըր Մալքոլմ Լոնգեյրի նախագահությամբ և հինգ բանախոսների մասնակցությամբ, քննարկվեցին տիեզերական հետազոտություններում հաջորդ տասնամյակում սպասվելիք գործընթացները:
– Մամուլից նաև հայտնի է, որ վերջերս Դուք մասնակցել եք եվրոպական նոր տիպի արբանյակի արձակմանը: Կպատմե՞ք այդ մասին:
– Արբանյակն արձակվեց Ֆրանսիական Գվիանայում (Հարավային Ամերիկա) գտնվող Եվրոպական տիեզերական գործակալության Կուրու կայանից` նոր սերնդի կրող հրթիռի միջոցով: Ես ներգրավված եմ այդ արբանյակի գիտական ղեկավար կազմում, իսկ ծրագրի նպատակն է` ստուգել Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումները մեծ ճշտությամբ: Սա ներկայումս ունի մեծ կարևորություն Տիեզերքի ընդարձակման, այսպես կոչված` մութ էներգիայի` Տիեզերքի հիմնական բաղադրիչի բնույթի, կամ, օրինակ, գալակտիկաների միջուկներում տեղի ունեցող երևույթների պարզաբանման համար:
– Ժամանակին Ձեր հոր` Գրիգոր Գուրզադյանի ղեկավարած Գառնիի Տիեզերական աստղագիտության ինստիտուտում իրենց նախաթռիչքային պատրաստությունն էին անցում տիեզերագնացների խմբերգ Ի՞նչ վիճակում է այսօր այդ ինստիտուտը:
– Իրոք, հորս գլխավորած մասնագետների խումբը` 1960-70-ական թվականներին, այսինքն` տիեզերական հետազոտությունների արևածագին, ունեցավ նշանակալից մասնակցություն տիեզերական աստղագիտության և սարքաշինության բնագավառում: Որպես մասնագետ, արդեն այսօրվա տեսանկյունից` կարող եմ ասել, որ դա հայ գիտության մնայուն արժեքներից է, խորհրդային գաղտնիության պատճառով առայսօր ոչ հայտնի մեր հասարակությանը: Դատեք ինքներդ, հայ մասնագետները Տիեզերք էին արձակում իրենց ստեղծած սարքերը` Եվրոպայում նման արձակումներից շատ առաջ, ինչը անգամ մեր նորագույն պատմության հպարտանալու էջերից է:
Այո, Գառնիում նախաթռիչքային պարապմունքներն են անցել տասնյակ տիեզերագնացներ, նրանց թվում, օրինակ, ներկայումս գեներալ-գնդապետ Պյոտր Կլիմուկը, Գագարինի անվան Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի հրամանատար Սերգեյ Կրիկալյովը, որ վեց (!) անգամ ճանապարհվել է Տիեզերք: 2001 թվականին Գառնիում Տիեզերքի թանգարանի բացմանը տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Վալենտին Լեբեդևն իր հուզիչ ելույթում ասաց, որ իր ճանապարհը դեպի Տիեզերք` սկսվել է Գառնիից, իր ուսուցչի` Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ: Այսօր այդ թանգարանում պահվում են տիեզերական հետազոտությունների այդ վաղ շրջանի բացառիկ նմուշներ: Ցավոք, ներկայումս, բացի հայելիների արտադրամասից, այդտեղ չկա գիտական հիմնարկություն, ինչը պայմանավորված է հանրապետության վերջին երկու տասնամյակների իրավիճակով, այդ թվում` գիտության կազմակերպման հարցում: Սակայն դա առանձին, ավելի տարողունակ հարց է:
– Վերջերս Ձեր և ևս մի քանի գիտնականների զայրույթն առաջացրեց Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» գիրքը: Նույնիսկ բաց նամակ գրեցիք, որը տպագրվեց «Ազգ» օրաթերթում: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
– Կատարվածն անօրինակ է իր անբարոյականությամբ: Պատկերացրեք` մեկը գրում է վեպ, իբր, Մարտիրոս Սարյանի մասին, իբր հիմնված «իրական» փաստերի վրա, թե իբր` մեծ նկարչին հոտընկայս ողջունում է Ֆրանսիայի պրեզիդենտը, Սենատը, նրա նկարները կախվում են Լուվրում` Մոնա Լիզայի նկարի փոխարեն, և այսպես այս ոճով… Ցնորք է, չէ՞, որի կարիքը մեծ նկարիչը բնավ չունի:
Նմանապես, այս գրքում, իբր հիմնված «Գրիգոր Գուրզադյանի հայտնագործությունների» և «իրական դեպքերի» վրա, նկարագրվում է` ինչպես էին հայ գիտնականին հոտընկայս դիմավորում Կրեմլում, Բրեժնևը Քաղբյուրոյում մտահոգ է նրա անվտանգությամբ` նախատելով Քոչինյանին, Սուսլովին, նման ցնորային, ծաղրանկարային կերպարներով են ներկայացված հայազգի և օտարազգի խոշոր գիտնականներ Կորոլյովը, Կելդիշը, ռազմական գործիչները, մարշալներ Ուստինովը, Սոկոլովը, որոնց կենսագրականները բերվում են գրքի վերջում` ստեղծելով պատրանք փաստերի իրականության: Անթույլատրելի վարկաբեկիչ է ներկայացված Վիկտոր Համբարձումյանի կերպարը. իրականում վերջինիս հուժկու աջակցությամբ է հնարավոր եղել Գուրզադյանի այդ գործունեությունը:
– Դուք տեղյակ չէի՞ք, որ այդպիսի գիրք է գրվում:
– Լավ հարց եք տալիս: Հայտնի է, որ նման գիրք կամ, ասենք, ֆիլմ ստեղծելիս` հեղինակները խորհրդակցում են մասնագետների հետ: Տվյալ դեպքում` ճիշտ հակառակը, այն գրվել է գաղտնի թե՛ մեզնից` Գուրզադյանի ընտանիքից, թե՛ հորս գործընկերներից`մասնագետներից: Նշված զայրույթի նամակն ինձ հետ միասին ստորագրել էին ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ Ալեքսանդր Կաշինը և Աշոտ Զախարյանը` «Օրիոն» ծրագրի առաջատար մասնագետները: Ավելին, գուցե չհավատաք, սակայն, մի քանի տարի առաջ, Աղաբաբյանի մի հոդվածից հետո, ես նրան հատուկ զգուշացրել էի մեզ հետ խորհրդակցել այդ թեմային անդրադառնալիս, ինչը, բնականաբար, անում էին այլ լրագրողները, կամ, օրինակ, ռեժիսոր Արմեն Խաչատրյանը` Գուրզադյանի մասին վավերագրական ֆիլմի հեղինակը:
– Իսկ գրքի տպագրվելուց հետո՞:
– Իսկ հետո, Գրողների միության նախագահի առանձնասենյակում, Զորի Բալայանի ներկայությամբ, ես փաստեցի Աղաբաբյանին, որ ի լրացումն իրական դեմքերի վարկաբեկիչ ներկայացմանը, իրականությանը չի համապատասխանում մնացածը, ասենք, տիեզերագնացների կամ տիեզերանավերի ընտրության սկզբունքները` մանրամասն շահարկված գրքում, և այլն:
Պատկերացրեք, այս ամենից հետո, գաղտնի պահելով մեր` մասնագետների կարծիքը, Աղաբաբյանը կազմակերպում է գրքի շնորհանդես, ԵՊՀ ուսանողներին իր գրքի նվիրման արարողություն, փաստելով, որ գործ ունենք ոչ թե նրա ցավալի սխալի, այլ անբարոյականության երևույթի հետ. հարստանալ` շահարկելով Գուրզադյանի անունը:
Սա մասնավոր հարց չէ` օտարազգի լրատվամիջոցներին հասու լինելու դեպքում` պետական, գիտության գործիչների այդ վարկաբեկիչ ներկայացումը կարող է շահարկվել` ի վնաս մեր մշակույթի, գիտության վարկի: Վերադառնալով մեր զրույցի հաճելի մասին. Գրիգոր Գուրզադյանի ղեկավարած գործունեությունն իրոք նշանակալից և հետաքրքրական թեմա է, պայմանով, որ ներկայացվի հիմնված սոսկ փաստագրերի վրա:
«168 ԺԱՄ»