Հայոց ցեղասպանությունը և դրա շուրջ առաջացած միֆերը
Մինչ հոդվածս սկսելն ասեմ. եթե դուք լավ տեղյակ եք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա կարող եք հանգիստ անցնել հաջորդ հոդվածին, քանի որ այստեղ խոսվելու է պատմական միֆերի մասին։
Մի քանի տարի առաջ մեր լրատվամիջոցներից մեկը հարցում էր անցկացրել Երևանի փողոցներում։ Պարզվել էր, որ երևանցիների բավական զգալի մի հատված համոզված է, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել հենց մեկ օրվա ընթացքում` 1915 թվականի ապրիլի 24-ին։ Կրկին մեծ տոկոս էին կազմում այն մարդիկ, որոնց համոզմամբ` կոտորածները տեղի են ունեցել միայն 1915 թվականին։
Նմանատիպ միֆեր շատ տարածված են հենց մեր հասարակության մեջ, որը, թվում է թե, պետք է Մեծ եղեռնի մասին քաջատեղյակ լինի։ Պարզվում է, սակայն, որ մենք ավելի շատ մի քանի միֆեր գիտենք, քան բուն իրականությունը։ Որոշեցի կիսվել մի քանի այդպիսի կլիշեներով, որոնց ինքս շատ հաճախ հանդիպում եմ։
Եթե մինչև 2015 թվականը Թուրքիան և աշխարհը չճանաչեն Ցեղասպանությունը` ժամանակը կգնա, քանի որ հարյուր տարի հետո ուժը կորցնում է։ Սա բավականին հաճախ հանդիպող թյուր կարծիք է։ Իրականում, հարյուր տարին զուտ հոգեբանական շեմ է հանդիսանում։ Ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ հանցագործություն, չունի վաղեմության ժամկետ։ Նույնիսկ հազար տարի հետո այս հանցագործությունը մնալու է հանցագործություն։
Այստեղ հարկ է նշել պատմական մի փաստի մասին, որը քիչ հայտնի է (ինչը նույնպես զարմանալի է): Իսկ փաստը նրանում է, որ հենց Թուրքիան է եղել առաջին երկիրը, որը քրեորեն պատժել է Ցեղասպանություն պլանավորողներին և իրագործողներին։ 1919-1920 թվականների թուրքական ռազմական տրիբունալը մահապատժի դատապարտեց մի քանի տասնյակ անձնավորությունների, որոնց ցանկում էին Թալեաթը, Էնվերը, Ջեմալը։ Պարզապես վերջիններս արդեն հասցրել էին փախչել երկրից, և դատավճիռը կայացվել է իրենց բացակայությամբ։
Այսպիսով, «Նեմեսիս» գործողության ընթացքում հայ վրիժառուներն ի կատար էին ածում թուրքական դատարանի որոշումը. 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում` Թալեաթին, 1922 թվականի հուլիսի 25-ին` Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը` Ջեմալին, 1922 թվականին Հակոբ Մելքումովը` Էնվերին` Տաջիկստանում: Քեմալիստները, որոնք Թուրքիայում եկան իշխանության, արեցին ամեն ինչ, որպեսզի այս դատավարությունը մոռացվի։ Բայց մենք սա պետք է լավ հիշենք։
Հաջորդ տարածված «տեսակետը». Թուրքիան հենց ճանաչեց Ցեղասպանությունը` կվերադարձնի մեզ մեր հողերը։ Սա, անկասկած, մեխանիկական նման լուծման ենթակա խնդիր չէ։ Ընդհանրապես, հողերի հարցը բավական խառն է, քանի որ, օրինակ, Կարսը կամ Արարատ լեռն ընդհանրապես չեն գտնվել Արևմտյան Հայաստանում, մենք այդ հողերը չենք կորցրել Մեծ եղեռնի ժամանակ։ Սա հետևանք է Մոսկվայի և հետագայում` Կարսի պայմանագրի, որոնց պայմաններից մեկն էլ այն էր, որ Արևելյան Հայաստանի մի մասն անցավ Թուրքիային, բոլշևիկները մեր հաշվին նվեր արեցին իրենց թուրք եղբայրներին։
Հաջորդը. ԱՄՆ-ի նախագահները խուսափում են «ցեղասպանություն» բառը գործածելուց։ Իհա՛րկե, խուսափում են, գրեթե միշտ երդվում են, որ հենց ընտրվեն` 1915թ. հայերի դեմ կատարվածը կճանաչեն` որպես ցեղասպանություն, բայց հենց ընտրվում են` անմիջապես մոռանում են խոստումների մասին:
Եվ ինչ բառ ասես` գործածում են, միայն թե հենց «ցեղասպանություն» բառը չասեն (քանի որ «ցեղասպանություն» բառն արդեն իրավական եզր է, իսկ «կոտորած», «ողբերգություն», «Մեծ եղեռն» արտահայտություններն ընդամենը հետևանք չպահանջող բառեր են)։ Սակայն, իրականում, 1981թ. Ռոնալդ Ռեյգանը գործածել է «ցեղասպանություն» բառը, և ընդհանրապես ԱՄՆ-ը առնվազն երեք անգամ ընդունել է փաստաթղթեր, ուր այս բառը նշվել է։
Այսպես կարելի է երկար շարունակել, փաստեր հիշատակել։ Օրինակ, Հայաստանում շատերը չգիտեն, որ Քրեական օրենսգրքում մի քանի տարի առաջ ավելացում է կատարվել, ըստ որի` ցեղասպանությունը հերքելը համարվում է քրեորեն պատժելի հանցագործություն։ Ընդ որում, դա չի վերաբերում միայն Հայոց ցեղասպանությանը, քանի որ հատուկ նշում չկա։ Այսինքն` սա վերաբերում է նաև, օրինակ, հրեաների Հոլոքոստին, կամ Հարավսլավիայի պատերազմի ժամանակ կատարված ոճրագործություններին։ Ավարտելով միտքս` մեջբերեմ համապատասխան հոդվածը.
Հոդված 397 (պրիմ 1). Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը
Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որևէ այլ ձևով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա` անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
«168 ԺԱՄ»