Ստրուկների իշխանությունը
Հայաստանի համար ամենակենսական խնդիրներից, մարտահրավերներից մեկը, անշուշտ, արտագաղթն է: Այն հասել է այնպիսի ծավալների, որ անգամ իշխանությունները չեն կարողանում շրջանցել այդ թեման: Արտագաղթի մասին խոսում են բոլորը, հրապարակվում են պաշտոնական՝ նվազեցված, ոչ պաշտոնական՝ ավելի իրական թվեր, որոնք իսկապես սարսափելի են: Տարեկան Հայաստանից արտագաղթում է նվազագույնը մի քանի տասնյակ հազար քաղաքացի, որոշ գնահատականներով, վերջին տարիներին՝ ավելի քան 100 հազար մարդ:
Բոլոր քննարկումներում, բանավեճերում խոսվում է արտագաղթի, այսպես ասած, «մեխանիկական» կողմի մասին՝ ո՞ր ժամանակահատվածում որքա՞ն մարդ է լքել երկիրը, ինչպե՞ս դա կանդրադառնա դեմոգրաֆիական վիճակի վրա, և այլն: Արտագաղթի այլ ազդեցությունների, ավելի խորը շերտերի մասին գրեթե չի խոսվում: Նաև այն օբյեկտիվ պատճառով, որ արտագաղթի բազմաշերտ ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ են մասնագիտական հետազոտություններ, որպիսիք Հայաստանում բացակայում են:
Սակայն առանց ուսումնասիրությունների էլ ակնհայտ է, որ բացի ֆիզիկական հետևանքներից՝ արտագաղթը թողնում է նաև շատ լուրջ սոցիալ-հոգեբանական ազդեցություն՝ բազմաթիվ դրսևորումներով: Այդ դրսևորումներից մեկն էլ այն իրողությունն է, որ բազմաթիվ քաղաքացիներ ֆիզիկապես գտնվելով Հայաստանում՝ իրականում արտագաղթել են հոգեպես:
Ընդ որում, եթե ֆիզիկապես արտագաղթողների զգալի մասը Հայաստանից հեռանում է սոցիալական պատճառներով, ապա «հոգեպես արտագաղթածների» մեծ մասը համեմատաբար ապահովված, իրենց գործունեության ոլորտներում որոշակի հաջողությունների հասած մարդիկ են, այսինքն՝ պայմանականորեն ասած, հասարակության ավելի որակյալ հատվածը:
Նրանք հոգեպես արտագաղթել են ոչ թե՝ որովհետև վատ են ապրում, ֆինանսական խնդիրներ ունեն, այլ՝ որովհետև չեն կարողանում ինտեգրվել այն սոցիալական միջավայրին, արժեքային համակարգին, վարքուկանոնին, հարաբերություններին, որոնք իշխում են Հայաստանում: Իշխում են ոչ միայն ու ոչ այնքան այն պատճառով, որ դրանք մեծամասնության նորմերն են, այլ՝ որովհետև այդ նորմերով ապրում են իշխանությունները, մարդկանց այն հավաքական խումբը, որը պաշտոնի, փողի, որպես դրանց արդյունք՝ ունեցած կարգավիճակի պատճառով կոչվում է՝ «վերնախավ»:
Արժեքային համակարգի տեսանկյունից ունենալով «լյումպենային մակարդակ», մարդկանց այդ խումբն այսօր սոցիալական հարաբերությունների սանդղակի վերին հարթությունում է:
Եվ հենց այդ «բարձրարժեք» դարձած, սակայն իրականում՝ ցածր, հաճախ՝ ապամարդկային արժեքների հիման վրա էլ կառուցվում է իշխանության հիերարխիկ համակարգը: Այդ համակարգում առաջնային տեղում են քծնանքը, անձի պաշտամունքը, բնազդային հավատարմությունը, ստորաքարշությունը և այլն: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են իրենց արժանապատվության հաշվին ընդունել խաղի այդ կանոնները, տեղ ունեն իշխանական համակարգում. սկսած կուսակցական ղեկավար պաշտոններից՝ մինչև պետական կառավարման համակարգ:
Բավական է նայել իշխանության ներկայացուցիչներից շատերի դեմքի ոչինչ չասող արտահայտություններին՝ վերը նշված երևույթները գործնականում տեսնելու համար: Հենց դա է պատճառը, որ համեմատաբար նորմալ, որոշակի արժեքներ, մարդկային որակներ ունեցող քաղաքացիներն այսօր հայտնվել են հասարակական հարաբերությունների լուսանցքում:
Ներկայիս քաղաքական զարգացումները նշված համատեքստում դիտարկելու դեպքում պարզ է դառնում, թե ինչո՞ւ է Հայաստանում «իշխանության որակ» կոչվածն այդքան ցածր: Մի քանի օր անց ձևավորվելու է նոր կառավարություն, մամուլում, քաղաքական կուլիսներում շրջանառվում են դրա հավանական անդամների անունները: Այդ բոլոր անուններին միավորում է իշխանական համակարգի մաս դառնալու պատրաստակամությունը, վերը նշված «արժեքները» կրելու կարողությունը:
Հաճախ է հարց հնչում՝ մի՞թե Հայաստանում նորմալ մարդիկ չկան, ինչո՞ւ, ի վերջո, իշխանությունը կարևոր պաշտոններում չի նշանակում ավելի ազնիվ, ավելի բարոյական ու ընդունելի կերպարների:
Այդ հարցի պատասխանը որքան՝ բազմաշերտ, նույնքան էլ՝ պարզ է: Հայաստանում, իհարկե, կան նորմալ մարդիկ, ստեղծագործ քաղաքացիներ, ազնիվ մասնագետներ: Բայց այդ մարդիկ իրենց չեն կարող թույլ տալ սեփական արժանապատվությունը ոտնահարել այն աստիճանի, որ պատրաստ լինեն ապրել «իշխանության կանոններով»: Նույնիսկ՝ հանուն սոցիալական դիրքի ու նյութական բարեկեցության:
Իշխանությունն այնքան է հեղինակազրկված, որ դրան մաս կազմելու համար մարդիկ ստիպված են հաճախ ստորացուցիչ բարդույթներ հաղթահարել: Եվ քանի որ Հայաստանում իշխանությունը, վերջինս կրողների հետևողական գործունեության պատճառով՝ նույնացվում է պետության հետ, այդ երևույթը տարածվում է նաև պետական կառավարման համակարգի վրա: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք. իշխանական և պետական կառավարման համակարգ, որի ներկայացուցիչներից շատերը նորմալ հասարակություններում կհայտնվեին լուսանցքում:
Այն լուսանցքում, որտեղ այսօր գտնվում է քաղաքացիների, ավելի որակյալ մարդկանց մեծամասնությունը: Հայաստանում, լայն իմաստով, խախտված է հենց այս հավասարակշռությունը. մեծամասնությանը «ներկայացնում են» մարդիկ, ովքեր առողջ հասարակություններում պետք է լինեին փոքրամասնության կազմում:
Կարող է հարց առաջանալ՝ մի՞թե իշխանությունը չի գիտակցում սա և արդյո՞ք անկարող է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ավելի արժանապատիվ, ավելի բարոյական մարդիկ հայտնվեն պետական կառավարման համակարգում: Իհա՛րկե գիտակցում է, և այդ պատճառով՝ անում է ամեն ինչ, որպեսզի այդպիսի քաղաքացիները հնարավորինս հեռու մնան պետական կառավարման համակարգից:
Որովհետև նորմալ մարդն առաջին հերթին՝ արժանապատվություն ունեցող մարդն է, ով կարող է լինել լավ պետական ծառայող, առաջադեմ կուսակցական, ստեղծագործ անհատ, և այլն, բայց ոչ երբեք՝ ստրուկ: Հոգեպե՛ս ստրուկ: Իսկ իշխանության համար նման մարդիկ ավելորդ գլխացավանք կստեղծեն, քանի որ շատ ավելի հեշտ է ղեկավարել անինքնասեր, արժանապատվությունից, մտքից զուրկ մարդկանց: Նաև սա է պատճառը, որ կառավարությունները փոխվում են, փոխվում են դրանց անդամների անունները, նույնիսկ՝ ազգանունները, սակայն իշխանության որակը, լավագույն դեպքում, մնում է անփոփոխ, հաճախ ավելի վատանում է:
Դժբախտաբար, իշխանության հավակնող ուժերի մեծ մասը որակական հատկանիշներով գրեթե չի զիջում իշխանությանը:
Ընդդիմադիր ու այլընտրանքային կուսակցություններում ևս իշխում է քծնանքը, անձի պաշտամունքը, սեփական կարծիքն արտահայտելու անթույլատրելիությունը: Այնպես որ, քաղաքական համակարգի ներկայիս որակներով նույնիսկ իշխանափոխությունը Հայաստանում «լավ իշխանություն» ունենալու երաշխիք չէ: Այդ է պատճառը, որ նրանք, ովքեր, բարեբախտաբար, պատրաստ չեն ֆիզիկապես արտագաղթել, գերադասում են արտագաղթել հոգեպես, և ապրում են յուրաքանչյուրն՝ իր միկրոմիջավայրում: Իշխանությունից ու ընդդիմությունից, ժողովրդական խոսքով՝ շառից-փորձանքից հեռու:
Հ.Գ. Նվիրվում է նոր կառավարության հին և նոր անդամներին: Վարչապետի գլխավորությամբ: