Հրայր և Աննա Հովնանյանները կտրամադրեն ավելի քան կես միլիարդ դոլար
Էդիլ Հովնանյանը, Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամի անունից, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ իր ծնողները` Հրայր և Աննա Հովնանյանները, ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ակտիվներ կփոխանցեն Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամին: Հովնանյան Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ. և իր առաքելություն է հռչակել «բարեգործական, կրթական, հոգևոր, գիտական, գրական և այլ նպատակներով ֆինանսավորումը, առաջնային ուշադրություն դարձնելով ամբողջ աշխարհում հայկական համայնքներին` վերջիններիս նվիրատվությունների, դրամաշնորհների, ավանդների և ծրագրային ներդրումների տեսքով աջակցություն ցուցաբերելու միջոցով»:
Վերջնական նվիրաբերությունից հետո, Հովնանյան Հիմնադրամը կլինի պատմության մեջ ամենամեծ մասնավոր հիմնադրամը, նվիրված հիմնականում հայությանը: Հովնանյանների հինգ զավակներից և նրանց երեք ավագ թոռներից կազմված Հիմնադրամի խորհուրդից կպահանջվի բաշխել տարեկան 25 միլիոն ԱՄՆ դոլար գումար: Այս արտառոց նվերը, որը Հովնանյանների ողջ կյանքի հայանվեր գործունեության գագաթնակետն է, այս յուրահատուկ զույգին և նրանց անցած ոգևորող ուղղուն արժանի ժառանգություն է:
Հրայր Հովնանյանը հայտնի է որպես մեծահասակների համար անհատական հողամասերի վրա կառուցված առանձնատներից բաղկացած խոշոր համայնքների ստեղծման գաղափարի ներմուծողներից մեկը: Տասնյակ հազարավոր տներ են կառուցվել Հրայր Հովնանյանի կողմից, իսկ նրա ձեռնարկատիրական գուծունեությունը դիվերսիֆիկացվել է, ներառելով առողջապահական հաստատությունների, խոշոր մանրածախ առևտրի կետերի, գրասենյակային համալիրների, վարձակալությամբ տրվող բնակարանների նախագծում և կառուցում և հանքավայրերի շահագործում ավելի քան 7000 ակր տարածության վրա:
Հաջողություններին զուգահեռ սկսվել է Հովնանյանի կյանքի բարեգործական շրջանը: 1972թ. մի շարք այլ հիմնադիրների հետ միասին նա ստեղծել է Ամերիկայի Հայկական Համագումարը և ներկայումս այդ կառույցի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հրայրը նաև 90-ականների սկզբներին ստեղծված Հայաստան Համահայկական Հիմնադրամի հիմնադիր անդամներից է և 1997թ. ստեղված ՀԱԻ-ի` Հայկական Ազգային Ինստիտուտի հիմնադիրը (ANI):
Մինչ օրս Հրայր Հովնանյանի բարեգործական ներդրումները գերազանցել են 50 միլիոն ԱՄՆ դոլարը: Բայց զարմանալի է ոչ միայն նվիրաբերված գումարի չափը, այլ նաև այն նվիրումը, որով սովորաբար ուղեկցվում է նրա բարեգործությունը: Օրինակ` 1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, Հրայր Հովնանյանն առաջին ԱՄՆ քաղաքացիներից էր, ով անձամբ եկավ աղետի գոտի գնահատելու վնասի չափը և Հայկական Համագումարի անունից Գյումրիում կառուցեց չորս գործարաններ, որոնք երկրաշարժից տուժածների համար արտադրում էին բնակարանների կառուցման համար անհրաժեշտ բաղադրիչներ` բետոնե բլոկներ, դռներ, պատուհաններ և այլն: Նա ամբողջությամբ կոորդինացնում էր գործարանների կառուցման ահռելի գործընթացը, մինչևիսկ անձամբ ղեկավարելով հավաքովի գործարանային շինվածքների բարձումը սովետական բեռնային ինքնաթիռների վրա: Նա շարունակ ճանապարհորդում էր Հայաստան, որպեսզի ապահովեր գործարանների հաջող շահագործումն ու ներդրված յուրաքանչյուր դոլարի առավելագույն արդյունավետությունը: Այդ գործարաններն աշխատում են մինչ օրս:
Ներկայումս, Հրայր Հովնանյանը Երևանի կենտրոնում կառուցում է եկեղեցի ի պատիվ իր տիկնոջ` Աննայի, և հայրապետական նստավայր: Նախագծի նախնական արժեքը 5 միլիոն ԱՄՆ դոլար է, նախագիծ, որը պարոն Հովնանյանն անձամբ է ղեկավարում:
Աչալուրջ վերահսկողությունը, ինչը Հրայրի բիզնես և բարեգործական գործունեության փորձադրոշմն է, կդառնա Հովնանյան Հիմնադրամին առաջնորդող փիլիսոփայությունը: Հովնանյանի բոլոր հինգ զավակները` Սիրանը, Էդիլը, Տանյան, Լիլան և Արմենը, ում վստահված է Հիմնադրամի միջոցների բաշխումը, տարբեր հանձնաժողովների և համազգային խնդիրներն ուսումնասիրող խոշոր խմբերի միջոցով, կբացահայտեն կարևորագույն խնդիրը ու կհետևեն, որ յուրաքանչյուր նվիրաբերված դոլարը խոհեմաբար ծախսվի: Հիմնադրամը գրասենյակներ ունի թե Նյու Ջերսիում և թե Երևանում:
«Մեր երեխաները դեռ փոքրուց գիտեին, որ սա է լինելու իրենց ճակատագիրը և նրանք մեծ ոգևորությամբ են ստանձնել այս պարտականությունը»,- ասում է Հրայրն իր Հայաստանի տնից, որն այժմ նրա բնակության հիմնական վայրն է:
«Նրանք բոլորն ունեն բարձրագույն կրթություն և հսկայական փորձ բարեգործության ոլորտում և վայելում են իմ անսահման վստահությունն ու հավատը: Իմ բոլոր զավակները նյութապես ապահովված են իրենց կյանքի ընթացքում և անգամ կյանքից հետո, այնպես որ մեր կարողության զգալի մասի նվիրաբերումը Հիմնադրամին կլինի Աննայի և իմ ապրած երջանիկ կյանքի բնական ավարտը»:
Հիմնադրամի առաքելության մի մասն էլ Նյու Ջերսի նահանգի Օշըն կոմսության առջև հանձնառությունն է, որտեղ դեռևս 1958թ. սկսվեց Հրայրի հաջող վերելքը և նույն նահանգի Մոնմաութ կոմսության առջև հանձնառությունը, որտեղ մեծացել են Հրայրի և Աննայի զավակները և որտեղ այսօր էլ շարունակում են բնակվել նրանց մեծ մասը: Համաձայն իր առաքելության, Հիմնադրամը նաև «կաջակցի բարեգործական կամ կրթական այն կազմակերպություններին, որոնք գտնվում են Օշըն կամ Մոնմաութ կոմսություններում և որոնց հիմնական գործունեության շրջանակները ներառում են դրույթներ առողջապահության, կրթության և անշարժ գույքի կառավարման վեաբերյալ»:
Այդ նպատակով, 2008թ. Հիմնադրամը 2,5 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Մոնմաութի բժշկական կենտրոնում նորածինների բաժանմունքի ստեղծման համար, իսկ վերջերս էլ 5 միլիոն ԱՄՆ դոլար` Օշընի բժշկական կենտրոնում շտապօգնության նոր բաժանմունքի ստեղծման համար:
Վերջերս, պարոն Հովնանյանը ավելացրել է նաև իր մայր բուհին` Վիլանովայի համալսարանին տրվող նվիրատվությունը, հասցնելով այն 1,7 միլիոն ԱՄՆ դոլարի և բարձրացնելով Հովնանյանի անվան կրթաթոշակը, որը կարող են ստանալ հայկական ծագումով բոլոր ուսանողները:
Ներկայումս, Հիմնադրամը բարեգործական նպատակներով բաշխում է տարեկան 3 միլիոն ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում և հանձնառություններ ունի 2013թ. համար: Սակայն առաջիկա տարիներին, Հիմնադրամը նպատակ ունի ընտրել համայնքների ղեկավարների և, ելնելով վերջիններիս գաղափարներից, մշակել մոտեցումներ այս աննախադեմ նվիրատվության ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար:
Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամին առնչվող հարցումները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին: