Արամ Մանուկյան. Իշխանությունների կողմից թույլ տրված «լուրջ կիքսերն» ամենևին էլ պատահական չեն
168.am-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դանդաղել է: Ավելին, ըստ նրա՝ Հայոց մեծ եղեռնի ընդունման գործընթացը դրական այն տեմպերով չի շարժվում, որը հնարավորություն կտա հարյուրամյակին ընդառաջ լուծել կամ բավարարել խնդիրը: Իսկ դրա պատճառը, ՀԱԿ փոխնախագահի խոսքով, իշխանության թույլ տված քաղաքական սխալներն են:
«Սխալ եղավ, երբ հայ-թուրքական արձանագրությունների մեջ ցեղասպանության ուրացման կետ ընդգրկվեց, որը վնասեց գործընթացին: Պատմաբանների հանձնաժողով ստեղծվեց, որը կասկածի տակ դրեց Ցեղասպանության փաստը: Այն իշխանությունը, որը պետության ներսում վստահություն չի վայելում, չի կարող դրսում վստահությամբ հանդես գալ: Մեր իշխանությունն այնքան թույլ է, որ չի կարողանում միջազգային հանրությանն այս հարցում համոզել»,- նշեց նա:
Արամ Մանուկյանն ընդգծեց, որ այս հարցը կարող է լուծվել իշխանության հետևողականության ու ուժեղ համակարգի արդյունքում, իսկ Սերժ Սարգսյանն, ըստ նրա, հիմա ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ հնարավորություն: «Եթե նա ցանկություն ունենար, կարծում եմ՝ տղամարդ կպահեր իրեն ու հայ-թուրքական արձանագրությունների մեջ պատմաբանների հանձնաժողովի կետը չէր մտնի: Իսկ դա խայտառակություն է: Ո՞նց կարող էր Հայաստանի իշխանությունը համաձայնել ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը պետք է քննարկի Ցեղասպանության գոյության հարցը: Սա ամոթ է, ամոթ է Ցեղասպանության նկատմամբ»,- շեշտեց նա:
ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ իշխանությունների կողմից թույլ տրված նման «լուրջ կիքսերն» ամենևին էլ պատահական չեն. «Եթե Օբաման ու Պուտինը մատնացույց են անում, ասում են՝ խնդրեմ, եթե հայերը մտածում են՝ արդյոք ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, ուրեմն՝ մեզ համար դա չպետք է լինի քննարկման առարկա: Սա է պատճառը, որ մասնավորապես՝ ԱՄՆ-ը, ի դեմս նախագահ Օբամայի, սկսեց ավելի մեղմ արտահայտվել այս հարցի շուրջ՝ անգամ բառապաշարից հանեց «ցեղասպանություն» բառը»:
Միակ ելքը Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, Արամ Մանուկյանի հավաստմամբ, մեկն է՝ ուժեղ իշխանություն, արդար երկիր, արդար ընտրություն: Նրա խոսքով՝ միայն արդար պետությունը կարող է ուժեղ լինել, իսկ խոցելի երկրները, որոնց արտագաղթի թիվը մեծ է՝ թույլ են: «Ոչ մի թույլ երկիր դրսում չի կարող իր հարցերը լուծել, իսկ ուժեղ երկիրը՝ կարող է: Սա պարզ բանաձև է: Ասենք՝ Հայաստանի արտգործնախարարը գնում է եվրոպական որևէ երկիր ու ներկայացնում, որ տեղի է ունեցել այլանդակ ցեղասպանություն, զոհվել են 1,5 մլն հայեր, և այլն, իրենք էլ կարող են պատասխանել, թե՝ մարդկանց ապրելու վիճակը ձեր երկրում հիմա նորմա՞լ է, երբ այդքան մարդ է արտագաղթում, այդ դեպքում ավելի լավ չէ՞ զբաղվեք ձեր ներքին խնդիրներով: Եվ ի՞նչ կպատասխանի մեր արտգործնախարարը՝ ոչինչ: Այն երկիրը, որտեղից տարեկան հարյուր հազար մարդ է արտագաղթում, ավելի կարևոր խնդիր չի ունենա, քան քաղաքացուն իր երկրում պահելը»,- եզրափակեց նա: