Բաժիններ՝

Ժամանակն է գլխավոր թիրախը դարձնենք Ցեղասպանության հետևանքների վերացումը. Վ. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Ծիծեռնակաբերդից քիչ առաջ վերադարձա, ուր բարձրացել էի հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Այս անգամ այնտեղ բարձրանալիս մոտս մի քանի խոհեր էին միախառնվել:

Կարդացեք նաև

Նախ, որ երկու տարի հետո արդեն կլրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը նույնիսկ նվազագույն հատուցումը դեռևս չի ստացել՝ ոչ միայն Թուրքիայի, այլև առհասարակ մարդկության կողմից: Կասեի անգամ հակառակը՝ Թուրքիայի ժխտողականությունը, Հայաստանի շրջափակումը և միջազգային հանրության անտարբերությունը կարծեք թե 1915 թվականի իրադարձությունների շարունակությունը լինեն: 100-ը, ամեն պարագայում, խորհրդանշական թիվ է, բայց նաև բացարձակ հիշեցում է, որ Ցեղասպանության հիշողություններ ունեցող վերապրողներ արդեն չկան:

Երկրորդ մտորումս այն էր, որ այսօր Մեծ եղեռնի հուշարձան բարձրացող հարյուրհազարավոր մեր հայրենակիցների շարքում նաև Սիրիայի ողբերգությունից Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցներն են: Նրանք Ցեղասպանությունից մազապուրծ եղած, Սիրիայի անապատներում քայլած և Հալեպում ապաստան գտած վերապրողների այն սերունդն են, որը երկրորդ անգամ տեղահան է լինում մի հակամարտության արդյունքում, որի գլխավոր բորբոքողներից մեկը կրկին Թուրքիան է: Համենայնդեպս, նման ողբերգության պայմաններում ինչպիսի բախտավորություն է, երբ այդ մարդիկ անվտանգ գտնվում են իրենց հայրենիքում և այս օրն իրենց ցեղասպանված նախնիներին հարգանքի տուրք են մատուցում մայր հողի վրա:

Երրորդ մտորումս այն էր, որ 100-րդ տարելիցի նախաշեմին մեր և՛ քաղաքական, և՛ հոգևոր, և՛ ընդհանրապես հասարակական մտածողության մեջ Ցեղասպանության և դրա հետևանքների վերացման հարցում շեշտադրումների հստակ փոփոխություն է նկատվում: Իսկապես, արդեն ժամանակն է, նույնիսկ ուշացել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը պահելով մեր տեսադաշտում՝ մեր գլխավոր թիրախը դարձնենք դրա հետևանքների վերացումը: Դա նշանակում է պահանջատեր լինել մեր իրավունքներին, նյութական, հոգևոր, մտավոր և բարոյական կորուստներին:

Իհարկե, խնդիրը այսպիսի հարթության վրա դնելը հայ ժողովրդի կողմից նետված լրջագույն մարտահրավեր է: Սա չի կարող զուտ հայտարարությունների տիրույթում մնալ, այլ ենթադրում է այդ նպատակի հետևողական և գործնական իրագործում:

Այս խնդրի լուծումը ենթադրում է երեք գլխավոր նախապայման.

1. Ուժեղ, միասնական, ժողովրդավար և արդար Հայաստան:

2. Կազմակերպված Սփյուռք, որը հավատում և վստահում է առաջին հերթին Հայաստան պետությանը, պատրաստ է համագործակցության և բոլոր հնարավոր ռեսուրսները ներդնելու:

3. Խնդրի քաղաքական, դիվանագիտական և իրավական այնպիսի ձևակերպում, որը հնարավորություն կտա ապահովել միջազգային առավել լայն շրջանակների համակրանքն ու ներգրավվածությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս