
Գուրգեն Արսենյան. Ո՞նց է եղել, որ այսօր մարդկանց իրար հետ թշնամացնում են ընտրությունների խաթր

Այսօր Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ փոքր-ինչ ուշացումով ներկայացավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Իր ուշացման պատճառը պատգամավորը բացատրեց խցանումների առկայությամբ, որոնք նրա համոզմամբ, Երևանի խնդիրներից են: Գուրգեն Արսենյանն իր ելույթում անդրադարձավ ընտրություններից առաջ մարդկանց մեջ սերմանվող «թշնամանքին»:
«Ե՞րբ եք տեսել, որ մենք մեր հարևաններին իրար հետ թշնամացնենք: Չեք տեսել, չէ՞: Իսկ ո՞նց է եղել, որ այսօր մարդկանց իրար հետ թշնամացնում են ընտրությունների խաթր: Ինչի՞ համար են այսօրվա ընտրությունները դարձել մի գործողություն, երբ հարևանը հարևանին թշնամացնում է: Ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր ընտրությունների խաթր մարդկանց հանում են իրար դեմ: Եթե մեզնից տենց բան տեսել եք, ասեք:
Ընտրություններից հետո նրանք իրար հետ աշխատում են, իսկ հարևանները մնում են թշնամի, որովհետև իրանց բարիշացնող չկա: Էդ դառել ա մեթոդ՝ կառավարելու երկիրը, քաղաքը, մեզ: Ես այդ մեթոդին համաձայն չեմ»,- նշեց նա` ավելացնելով, որ իր մատնանշած մեթոդը փոխելու հնարավորությունը մայիսի 5-ն է:
Նրա հավաստմամբ, մյուս ընտրությունների ժամանակ որպես ոչ թե «նաչալնիկ» այլ կառավարիչ դարձած ԲՀԿ-ն, լինելու է քաղաքացու գործընկեր ու չի աշխատելու մարդկանց «իրար հագցնելու» մեթոդով:
«Ձայն ես ուզում տաս դաշնակցությանը, քո ցավն էլ տանեմ: Ես կփորձեմ քեզ համոզել, բացատրել, որ ես ավելի ճիշտ եմ: Ձայն ես ուզում տաս Հանրապետականին` կբացատրեմ, որ ես ավելի ճիշտ եմ, բայց չեմ սպառնա, որ եթե հանկարծ գնացիր ու մեզնից բացի ուրիշին ձայն տվեցիր, ուրեմն թշնամու կարգավիճակի մեջ ես»,- հայտարարեց Գ. Արսենյանը:
Նա նաև նշեց, որ հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական համակարգում աշխատողին կարող են հեռացնել աշխատանքից միայն նրա համար, որ վերջինս իրենց ձայն չի տալիս: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ պետական այդ հիմնարկի ղեկավարները մտածում են, որ դա արդեն իրենց սեփական հիմնարկն է: «Իսկ մեր երկիրը որևէ մեկի սեփականությունը չէ: Դա մեր երկիրն է»,- ասաց նա: