Նաիրա Զոհրաբյան. Ո՞նց է լինում, որ մարդը դառնում է նախարար ու երկու-երեք ամիս հետո գնում է Փոքր Կենտրոնի ամենաթանկ մի քանի բնակարանները

«Մենք բոլորս էլ գիտենք, որ ձեզ ավելի շատ գլոբալ խնդիրներ են հետաքրքրում և ոչ թե կոնկրետ տեղական մարմինների ընտրության խնդիրներ»,- Զեյթուն համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ մրցակից քաղաքական ուժերն իրենց բազմիցս հարցնում են, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի խոսում գազոնից, ասֆալտից, այլ` խոսում է արտագաղթից կամ աղքատությունից:

Իսկ պատասխանը Նաիրա Զոհրաբյանի համար միանշանակ է. «Ժողովուրդը կարող է վատ ասֆալտ հանդուրժել, վատ լուսավորված փողոց հանդուրժել, բայց Հայաստանում տիրող իրավիճակը հանդուրժել չի կարող: Այսպես ապրել այլևս հնարավոր չէ. այս խայտառակ վիճակը, որը տիրում է երկրում անհանդուրժելի է: Դրա համար ենք մենք ասում, որ երկրի կառավարումն է սխալ. իսկ երկրի կառավարիչներն էլ սխալ ուղղության են տանում երկիրը»:

Ըստ Ն. Զոհրաբյանի՝ կառավարությունն ասում է, թե  լուծել է իր առջև դրված խնդիրները, այնինչ որևէ խնդիր իրենք չեն լուծել, հակառակ դեպքում, պատգամավորի համոզմամբ, հայաստանցին չէր արտագաղթի:

Կարդացեք նաև

Դիմելով հավաքված բնակիչներին` Ն. Զոհրաբյանն ասաց, թե համոզված է, որ նրանց «ընտանիքի հայրը տանը չէ, գնացել է խոպան` գումար հայթայթելու», ինչը վկայում է այն մասին, որ երկիրը գոյատևում է արտերկրից «եկող տրանսֆերտների հաշվին»:

«Այդ ի՞նչ պայմաններ եք ստեղծել, որ ասում եք, մենք լուծել ենք առաջին սերնդի բարեփոխումների խնդիրը, որ հիմա հնարավորություն տանք Տիգրան Սարգսյանին, ով իմ համոզմամբ՝ կործանել է այս երկիրը… Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարությունը: Այդ ո՞նց է լինում, որ բոլոր հայտարարագրերով Տիգրան Սարգսյանը, որը ստանում է այնքան աշխատավարձ կամ մի քիչ ավել, որքան ես` որպես շարքային պատգամավոր, իր հայտարարագրերով իր և իր ընտանիքի եկամուտները աճում են:

Ո՞նց է լինում, որ մարդը դառնում է նախարար ու երկու-երեք ամիս հետո գնում է փոքր կենտրոնի ամենաթանկ մի քանի բնակարանները: Իսկ ինչի՞ հաշվին է սա լինում: Լինում է ժողովրդի գրպանների հաշվին, որովհետև պետական բյուջեն գողանում են ծայրից ծայր: Իսկ ատկատն այսօր դարձել է քաղաքակլան կատեգորիա»,- մասնավորեցրեց Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ վերոնշյալ խնդիրներից հետո վստահության քվե խնդրելու համար «աննախադեպ ցինիզմ»  պետք է ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս