Բաժիններ՝

Բացթողումը ոչ թե դատական ակտերի ձգձգումն է, այլ՝ արդարադատության բացակայությունը

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դատական իշխանության վերաբերյալ հնչեցրած գնահատականներին՝ վստահեցնում է, որ հանրապետության նախագահը ոչ միայն պատշաճ տեղեկացված չէ, այլև՝ նրան անարժանահավատ տեղեկատվություն են փոխանցում դատական ատյանների գործունեության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթներում Ս. Սարգսյանը քանիցս ընդգծել է, որ դատական համակարգի ամենամեծ թերությունը դատական ակտերի ձգձգումն է, որի արդյունքն ուշ վճիռներ կայացնելու պրակտիկան է: Փաստաբան Տ. Հայրապետյանը վստահեցնում է, որ նախագահի մոտ ձևավորված այդ համոզմունքն իրականությանը չի համապատասխանում, քանի որ դատական ակտերն իրականում արագ են ավարտվում, չեն ձգձգվում: Մասնավորապես, ըստ նրա, եթե համեմատենք Եվրոպական դատարանի հետ, ապա դատական ակտերը ողջամիտ ժամկետներում են ավարտվում: «Իրականում սա մեր դատական համակարգի ամենաանմեղ մասն է, բայց նախագահին զեկուցել են, իբրև հասարակության դժգոհությունը դատական համակարգից պայմանավորված է այս խնդրով:

Եթե դիտարկենք եվրոպական դատարանի վճիռներն, ապա կհամոզվենք, որ մեզ մոտ ամենապահպանված մասը սա է, պարզապես խնդիրն այն է, որ մեր դատական համակարգում դատական ակտեր ընդհանրապես չեն կայացվում, արդարադատություն չի իրականացվում: Մեր դատական համակարգում առհասարակ ոչ մի նորմ չի պահպանվում, և դա պետք է զեկուցել նախագահին»,- հայտարարում է Տ. Հայրապետյանը` իր ասածը մասնավորեցնելով նախկինում Արամի 38 հասցեի բնակիչ Տիգրան Փիլոյանի և նրա ընտանիքի անդամների` 2005թ.-ից դատարանից դատարան թափառող գործի օրինակով:

Հիշեցնենք, որ Արամի 38 հասցեն ճանաչվել էր պետության հանրային գերակա շահ, որի արդյունքում տարածքի սեփականատիրոջը չնչին փոխհատուցում տրամադրելուց հետո անտեսվել էր ընտանիքի չորս անդամ հողօգտագործողների փոխհատուցում ստանալու իրավունքը: Մի քանի տարի շարունակ դատական երեք ատյաններում կարուսելի պես պտտվում է նույն հասցեի նախկին բնակիչներ Նարինե Վասիլյանի, Իրինա, Քրիստինա Փիլոյանների և Սուրեն Փիլոյանի հայցն` ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության՝ պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում ՀՀ կառավարության կողմից սահմանված փոխհատուցման գումարի, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձման պահանջի մասին հայցը:

Piloyan (2)«Չի կարելի էսպես, հասկանո՞ւմ եք, մարդիկ վարձով են ապրում, դիմում են՝ ասելով, որ ապրելու տեղ չունենք, փոխհատուցում ենք պահանջում, բայց դատական վեճն այդպես էլ չի հանգուցալուծվում: Էլ չեմ խոսում այն մասին, որ այս տարիների ընթացքում օրենսդրությունը փոխվեց, Կառավարության որոշումը հակասահմանադրական ճանաչվեց, բայց Կենտրոնի ժողովրդի իրավունքը մնաց օդում:

Ասեմ ավելին՝ Տ. Փիլոյանի տան տարածքում առայսօր որևէ կառուցապատում չեն իրականացրել, այսինքն՝ դա պետական շահ չէր՝ պետական չինովնիկների շահ էր, որովհետև մինչև հիմա այդ տարածքների նկատմամբ վեճ կա:

Սրանից վերցնում` նրան են տալիս, Արա Աբրահամյանը նրա հետ է վիճում, մյուսը` էն մյուսիգ Արդյունքում՝ ՀՀ քաղաքացու փոխհատուցում ստանալու իրավունքն այսքան տարի չի հաստատվում»,- ասում է Տ. Հայրապետյանը` մանրամասնելով, որ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը բացահայտ հայտարարել է, թե՝ «սա ի՞նչ գործ է, որ այսքան տարի պտտվում է դատարաններում»: Արամի 38 հասցեի նախկին բնակիչ Տիգրան Փիլոյանը վստահեցնում է, որ հակաօրինական դատավճիռն ընդունել է հենց Կ. Պետրոսյանը՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով Ֆինանսների նախարարության հետ.

«Գործն ընդունելիս նա Ֆինանսների նախարարությանը բացահայտ ասում էր, թե այս մարդիկ ճիշտ են ասում, Եվրոպական դատարանի վճիռներ կան, մենք ինչպե՞ս կարող ենք դրանք անտեսել, վախեցնելով, համոզելով այնպես արեց, որ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ընդունեց 6 մլն փոխհատուցումը:

Մինչդեռ վերջին պահին մերժեց մեր հայցը, բնականաբար, ի նկատի ունենալով Ֆինանսների նախարարության շահերի սպասարկումը, որն էլ` իր հերթին, մտահոգություն էր հայտնում հայցը բավարարելու դեպքում նախադեպ հաստատելու վերաբերյալ»: Ի դեպ, դատավոր Կ. Պետրոսյանի վարույթ ընդունվելուց առաջ նույն հայցը ևս մեկ անգամ անցել էր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի «բովով», որի արդյունքում ՀՀ Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելով` վճիռը բեկանել և գործը կրկին ուղարկել էր ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Տ. Հայրապետյանը վստահեցնում է, որ ընդհանուր իրավասության դատարանում նույնիսկ իրավաբանական վեճ չի եղել և վերոնշյալ անձանց փոխհատուցման իրավունքը մերժելու վերաբերյալ դատավորի կայացրած վճիռն ընդամենը կամայականություն է: Դատարանում անգամ նպատակահարմար չեն գտել հիմնավորել այդ մերժումը:

Այնուամենայնիվ, հայցվորները Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, կրկին բողոքարկել են Վերաքննիչ դատարան և այսօրվա նշանակված նիստի ընթացքում պարզ կլինի դատարանի դիրքորոշումը: Մենք կշարունակենք անդրադառնալ այս խնդրին` արդեն մանրամասնելով ուշագրավ փաստեր՝ դատարանների իրարամերժ, հակաօրինական, հակասահմանադրական գործողություններից: Իսկ մինչ այդ, փաստաբան Տ. Հայրապետյանը գոնե այս մեկ օրինակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացնում է, որ դատական համակարգի բացթողումը ոչ թե իրավական ակտերի ժամկետների ձգձգումն է, այլ՝ արդարադատության բացակայությունը:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս