Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Տորոնտոյում
Ապրիլի 21-ին Տորոնտոյի հայկական համայնքի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ: Հայկական համայնքային կենտրոնում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր Կանադայի հայկական համայնքի ավելի քան վեց հարյուր ներկայացուցիչ, ինչպես նաև՝ Կանադայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Միջոցառմանը մասնակցում էին Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանը, Կանադայում Կիպրոսի Հանրապետության գլխավոր հյուպատոս Իակովոս Գիրագոսյանը, Կանադայի կառավարության տարբեր մակարդակների գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին պաշտոնյաներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերը և Քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենին իրենց ողջույնի և կարեկցանքի խոսքն էին ուղարկել հայ համայնքին:
Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկավ Կանադայի Կրթության, քոլեջների և համալսարանների նախարար Բրեդ Դուգուիդը և փոխանցեց Օնտարիո նահանգի ղեկավար Քեթլին ՈՒիննի ողջույնի խոսքը:
Տորոնտոյի տարածքային ուսուցման խորհրդի ավագանու անդամ Հարութ Մանուգյանն իր ելույթում նշեց, որ 2013թ. մարտի 6-ին խորհուրդը որոշում է կայացրել, որով ապրիլ ամիսը հայտարարվում է «Ցեղասպանության իրազեկման ամիս»:
Կանադայի հայ համայնքի վաղեմի բարեկամ, Օնտարիոյի Օրենսդիր ժողովի նախկին նախագահ պարոն Դեյվիդ ՈՒորները կարդաց Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ իր կողմից գրված բանաստեղծությունը:
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանն իր խոսքում նշեց, որ Կանադայում Ցեղասպանության ժխտումն անթույլատրելի է, և Թուրքիան իրավունք չունի միջնորդել Կանադայի կառավարությանը՝ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու նպատակով:
Իրենց ելույթում տարբեր մակարդակի պաշտոնյաները նշում էին, թե ինչ խոչընդոտների և հակազդեցության են հանդիպել դեպի Ցեղասպանության ճանաչում՝ իրենց ճանապարհին: Հակառակ Թուրքիայի կողմից տարբեր մակարդակների ճնշումներին, 2004թ. Կանադայի խորհրդարանը քվեարկեց 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի կոտորածը Ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ օրինագծի օգտին:
Հարկ է նշել, որ հատկապես վերջին շրջանում Թուրքիայի կառավարությունը տարբեր մակարդակներով ակտիվ քաղաքականություն է վարում՝ փորձելով Կանադայի կառավարությանը համոզել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Բոլորովին վերջերս Կանադական մամուլում հայտնվեց Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալիի կոչը Կանադական կառավարությանը՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից և քայլ կատարել Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ընդ որում, տարբեր պարբերականներում և թերթերում հայտնվում էին նույն կոնտեքստով հոդվածներ, ինչը նշանակում է, որ ակնհայտորեն Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ ակտիվ քաղաքականություն է սկսել՝ Կանադայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու ուղղությամբ:
Մասնավորապես, ապրիլի 8-ին կանադական «Մետրո Նյուզ» պարբերականում տպագրված հոդվածը, որը վերնագրված էր «Թուրքիան պնդում է, որ Ցեղասպանության պիտակավորումն աղավաղում է առևտրային բանակցությունները Կանադայի հետ», անդրադարձ էր կատարել Թուրքիայի դեսպանի հայտարարություններին: Մեջբերելով «Կանադական Մամուլ» պարբերականին դեսպան Բաբալիի տված լայնածավալ ասուլիսը, պարբերականը նշում է, որ, ըստ Թուրքիայի դեսպանի՝ Կանադան և Թուրքիան շատ բան ունեն միմյանց տալու, և Կանադայի կողմից առևտրային հարաբերությունների դանդաղ զարգացմանը խոչընդոտում է Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի սպանդը «որպես Ցեղասպանություն պիտակավորելը»:
Մինչ Թուրքիայի կառավարությունը հսկայական միջոցներ է ծախսում Հայոց ցեղասպանության ճանաչման բնականոն գործընթացը արհեստականորեն զսպելու ուղղությամբ, Կանադայի հայկական համայնքը, լինելով աշխարհում ամենակազմակերպված համայնքներից մեկը, ամեն անգամվա պես՝ այս տարի նույնպես պատրաստվում է ապրիլի 24-ին խաղաղ երթով քայլել դեպի Օտտավայում Թուրքիայի դեսպանատուն՝ մեկ անգամ ևս հիշեցնելու այն, ինչը պարտադրվել է ջնջել Թուրքիայի պատմության դասագրքերից:
Կամո Մայիլյան
Տորոնտո-Երևան
հատուկ «168 Ժամի» համար