Տարոնի լռության հովանավորները
Եթե փորձենք ընդհանրացնել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքի խճանկարը, ապա կարելի է արձանագրել, որ գոնե քարոզչական հարթությունում պայքարն ավելի շատ ընթանում է ոչ իշխանական ուժերի, քան ընդդիմության և իշխանության միջև: Իհարկե, իշխանության թեկնածու Տարոն Մարգարյանին բոլորն էլ քննադատում են, բայց, մեծ հաշվով, այդ քննադատությունը տեղավորվել է ստանդարտ, «ավանդական նախընտրական քննադատության» տրամաբանության մեջ:
Ընտրությանը մասնակցող ոչ իշխանական ուժերը Տարոնին քննադատում են ոչ այնքան՝ որպես ընտրական մրցակից, կոնկրետ նպատակով՝ ընտրությանը ձայն ստանալու համար, այլ ընդհանուր առմամբ՝ որպես քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ, որպես իշխանության մենաշնորհը մարմնավորող, և այլն: Այդ ամենն, իհարկե, ճիշտ է, բայց նորություն չէ: Եվ այնպես չէ, որ Տարոնի քաղաքական ծագումնաբանության բացահայտումը նվազեցնելու է նրա ձայները: Այսպես թե այնպես, նրա համար աշխատելու է ամենազորեղ թաղային ակտիվն ու վարչական մեքենան, որի իմաստը չեն կարողանում հասկանալ նույնիսկ ամենաիմաստուն եվրոպացիները:
Այնքան չեն հասկանում, որ Դավիթ Հարությունյանը, նախընտրական բան ու գործը թողած, ստրասբուրգներում նրանց բացատրում է, թե «որը որից հետո է»: Դա՝ իմիջիայլոց:
Նախընտրական քարոզարշավի խտացված պատկերն, այսպիսով, հետևյալն է. ՀԱԿ-ը քննադատում կամ հեգնում է «Ժառանգությանը», վերջինս՝ «բարիով» պատասխանում է ՀԱԿ-ին, Ստեփան Սաֆարյանը բացահայտում է Երևանում տեղադրված նստարանների մեջ ՀՅԴ-ի «փայը», վերջինս բացահայտում է Ստեփան Սաֆարյանի հոգեկերտվածքի առանձնահատկությունները, և այդպես շարունակ: Այս ողջ շղթայի մեջ ամենահետաքրքիր վիճակում հայտնվել է ԲՀԿ-ն:
Վերջինս, լայն իմաստով, չի քննադատում ո՛չ «Ժառանգությանը», ո՛չ, բնականաբար, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին, վերջիններս էլ՝ իրենց հնարավորությունների չափով, գիտագործնական աջակցություն են ցուցաբերում ԲՀԿ-ի քաղաքական կշռի ավելացմանը: Ու մինչ ավազակապետության դեմ բարու և չարի դաշտում պայքարող «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, պայքարի «ավանդական» ձևն ընտրած ՀՅԴ-ն էլ՝ վրադիր, զբաղված են միմյանց դիմակների բացահայտմամբ, հասարակության առաջ է հառնում ԲՀԿ-ի «ընդդիմադիր» կերպարը:
«Բարգավաճ Հայաստանում» խոսքի ազատության մակարդակը բարձրացել է այն աստիճան, որ այդ ուժի ներկայացուցիչներն այլևս «ընդդիմություն» արտահայտությունը ոչ միայն բարձրաձայն արտաբերելու, այլ անգամ ֆեյսբուքի սեփական պատերին զետեղելու, այդպիսին դառնալու առաջարկ ներկայացնելու ազատություն են ստացել: Վարդան Օսկանյանն այնպես է առաջարկում սեպտեմբերից դառնալ «ընդդիմություն», կարծես խոսքը բուսակերների ակումբի անդամ դառնալու առաջարկի մասին է: Բայց «մանրուք» է, որը հասարակությունը հազիվ թե հիշի: Չէ՞ որ ԲՀԿ-ի քաղաքագիտական և ավանդական գործընկերները ջանք չեն խնայում ԲՀԿ-ի առանցքն ամրացնելու համար:
Սցենարն, իհարկե, պարզ է՝ պարզունակության մակարդակի. ԲՀԿ-ն դառնում է ընդդիմության առանցք՝ իր շուրջը համախմբելով ընդդիմադիր «ցողուններին»: Դա և՛ քաղաքականապես, և՛ ֆինանսապես շահավետ տարբերակ է ինչպես՝ ԲՀԿ-ի, այնպես էլ՝ ՀՅԴ-ի համար: Բայց այս հարցում կա մի «տեխնիկական» նրբերանգ:
Իսկ եթե հանկարծ վերջում պարզվի, որ ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն դեմ չէ նաև իշխանությո՞ւնը, ով չի կարողանում ուշքի գալ «Ժառանգության» տապալումից հետո:
Ոչ իշխանական ուժերի այս պայքարից, բնականաբար, առաջին հերթին՝ շահելու է իշխանությունը, տվյալ դեպքում՝ Տարոն Մարգարյանը, ում զենքն այս ընտրություններում, լայն իմաստով, լռությունն է: Իմաստո՞ւն, թե՞ անիմաստ՝ երկրորդական նշանակություն ունի: