Համագործակցությունը շարունակվում է
Այսօր ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսին:
Հանդիպման ընթացքում Ս. Ռոպերսը հայտնեց, որ այս տարվա հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունենալու անվտանգության հարցերին նվիրված նիստ: Նա առաջարկեց, համագործակցության շրջանակներում, ՀՀ ԱԻՆ երեք ներկայացուցիչների այցելել Ֆրանսիա, իսկ ֆրանսիացի փորձագետներին գործուղել Հայաստան` իրենց փորձն ուսումնասիրելու համար:
Քննարկվեցին նաև ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովման աշխատանքներին ԱԻ նախարարության ներգրավվածությունը։ Սրա վերաբերյալ Հ. Հակոբյանը մասնավորապես ասաց, որ 2012 թ. ԱԻ նախարարությունում հիմնվել է «911» արագ արձագանքման ծառայությունը, որը մեկ տարվա կտրվածքով ավելի քան մեկ միլիոն ահազանգ է ստացել քաղաքացիներից: Նա նշեց նաև, որ դա ժողովրդի վստահության և արձագանքման բարձր որակի արդյունքն է:
Հանդիպման ավարտին Ս. Ռոպերսը նշեց, որ իրեն շատ է գոհացնում համագործակցության ներկայիս մակարդակը, և որ նման հանդիպումներն այն ավելի արդյունավետ են դարձնում: