Տիգրան Սարգսյանն այցելել է «Մանչո Գրուպ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ալյուրի, հրուշակեղենի, գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող «Մանչո Գրուպ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ընկերության տարբեր արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերին:
Տեղեկացվել է, որ մինչև 2012 թվականն ընկերությունն ալյուրի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ներդրել է 12 մլն դոլար, իսկ գինու, կոնյակի և մրգային օղիների արտադրություններում՝ 15 մլն դոլար: Նախատեսվում է ևս 8 մլն դոլար ներդնել սառնարանային տնտեսության և մրգային պահածոների գործարանի կառուցման համար:
Ընկերությունում աշխատում է 172 մարդ: 2013 թվականին նախատեսվում է աշխատատեղերի թիվն ավելացնել 100-ով:
«Մանչո Գրուպ»-ը զբաղվում է հացահատիկային բոլոր տեսակի կուլտուրաների` ցորենի, գարու, եգիպտացորենի խոշոր ներկրումով, ինչպես նաև տեղական արտադրանքի մթերումով և վերամշակումով, ալյուրի և հրուշակեղենի արտադրությամբ, մասնավորապես, ալյուր, սպիտակաձավար, մանրաձավար, ռահատ լոխում, վաֆլի, շոկոլադապատ թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, կեքս, էկլեր, թռչնի կաթ, սառնաշաքար, կարամել, քաղցրանուշ, գետնանուշ, քաղցր և աղի ձողիկներ, մարմելադ, սուֆլե, շոկոլադե սալիկներ, իրիս, կոնֆետների հավաքածու, սառը սուրճ և այլն: Ընկերության կողմից շահագործվում են 2 ալրաղացներ, որոնց արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա:
2008-2009թթ. «Մանչո Գրուպ»-ն ընդլայնել է իր արտադրությունը` կազմակերպելով նաև գինու և կոնյակի սպիրտի արտադրություն (հնեցում), խաղողի լավագույն տեսակներից դասական տեխնոլոգիայի միջոցով: Խաղողից ստացված գինու և կոնյակի հետ զուգահեռ ընկերությունը մթերում և արտադրում է բարձրորակ նռան գինի:
2011թ.-ից սկսած արտադրվում է նաև մրգային օղի, որը պատրաստվում է թթից, հոնից, ծիրանից, դեղձից և տանձից: 2012թ.-ի նոյեմբերից «Մանչո Գրուպ»-ի գինու, կոնյակի գործարանն իր տեսականիով ներկայացված է տեղական շուկայում:
Ընկերությունը 2012 թ. ՀՀ պետական բյուջե է փոխանցել շուրջ 586.5 մլն դրամ` զբաղեցնելով խոշոր հարկատուների ցանկի 159-րդ տեղը: