Բաժիններ՝

Ինչո՞ւ են տղամարդիկ վիրտուալ սեքսն առավել նախընտրում

Ըստ վիճակագրության՝ տարեցտարի շատանում են ինտերնետային այն կայքերը, որոնք հնարավորություն են ստեղծում վիրտուալ սեռական հարաբերությունների համար: Այդ վիտուալ հարաբերությունները, սակայն, կարող են որոշակի սեռական խանգարումների պատճառ դառնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Վերջինիս խոսքով՝ սեռական հարաբերությունների այս կերպն առավել նախընտրում են տղամարդիկ: Այդ տղամարդկանց մոտ կարող են առաջանալ զանազան ֆիզիոլոգիական խնդիրներ՝ սակավաշարժ կենսակերպ, բիոռիթմերի խախտում,  կոնքի խոռոչում արյան շրջանառության խանգարում, որը մասնավորապես հանգեցնում է շագանակագեղձի բորբոքման, պոտենցիայի խանգարումներ, սերմնահեղուկի քանակական և որակական  ցուցանիշների վատթարացում, սննդակարգի փոփոխություն:

MihrdatԿլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ նշեց, որ վիրտուալ աշխարհն այսօր գրավիչ է, քանի որ ապահովում է մի շարք պայմաններ՝ անանունություն, ժամանակի և տարածության կորուստ: Հոգեբանն ասաց նաև, որ ինքը գտել է նույնիսկ մի կայք, որտեղ նկարագրված են եղել վիրտուալ սեքսի կանոնները: «Մարդիկ վիրտուալ աշխարհում իրենց կարող են ներկայացնել կինոյի միջի տղայի կամ աղջկա կերպարով»,- ասաց նա: Հոգեբանի խոսքով՝ քանի որ վիրտուալ սեքսի դեպքում սեռական գործընկերը ևս անանուն է, մարդն իր երևակայության մեջ ստեղծում է այն կերպարին, որին ինքը միշտ երազել է: Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ շատ մարդկանց մոտ վիտուալ սեռական հարաբերություններով զբաղվելը դավաճանություն չի համարվում:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասաց, որ «Որպես այդպիսին՝ վիրտուալ սեքսի պատճառները շատ-շատ են: Սեքսոլոգիական առումով՝ հաճախ վիրտուալ սեքսի զոհեր կամ գերիներ են դառնում նրանք, ովքեր  հոգեսեռական զարգացման ընթացքում ունեցել են որոշակի խնդիրներ, սեռական դաստիարակության որոշակի սխալներ, բնավորությամբ ինքնամփոփ են, կասկածամիտ, տուժում է շփվողականությունը, ինչը հանգեցնում է նրան, որ իրենք չեն կարողանում ռեալ, իրական աշխարհում կապ հաստատել հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Դրան՝ որպես կոմպենսատոր, փոխարինող մեխանիզմ, ուղի, գալիս է վիրտուալ տարբերակը: Վիրտուալ սեքսի դիմում են ընտանեկան կյանքում հիասթափություն ապրած մարդիկ: Դրան դիմում են նաև այն մարդիկ, ովքեր իրենց կենսակերպով զօրուգիշեր աշխատում են»: Սեքսապաթոլոգն ասաց, որ վիրտուալ սեքսը՝ որպես այդպիսին, դավաճանություն չէ, այն շփման տարբերակ է, որը, սակայն, պետք է շտկվի. «Որքան խորանում է վիրտուալ շփման տեսակը, այնքան բարդ է անձին վերադարձնել բնական սեռական աշխարհ»:

Սեքսապաթոլոգն ասաց, որ վիրտուալ սեքսի հետևանքով խնդիրներ ունեցող անձանց դիմելիության հոսք չկա, բայց երբեմն լինում են զանգեր, ծնողների կողմից այցելություններ, որոնք իրենց երեխաների մոտ  նման խնդիր են նկատել:

Կարդացեք նաև

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասաց, որ սեռական հարաբերությունների այս ձևով զբաղվող անձինք, որպես կանոն, հետագայում դեպրեսիայով են հիվանդանում, մեկուսանում են աշխարհից: Հոգեբանի խոսքով՝ տեսակետը, թե վիրտուալ սեքսը ագրեսիայի նվազեցման պատճառ է դառնում, իրականությանը չի համապատասխանում: «Գուցե սկզբում իր մոտ ագրեսիայի նվազում լինի, բայց աստիճանաբար ագրեսիայի ալիքն աճում է, նա դառնում է ինքնամփոփ, գերնյարդային ու ագրեսիվ»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:

168.am-ի հարցին՝ ինչո՞վ են բացատրում այն հանգամանքը, որ սեռական հարաբերությունների այս տեսակն ավելի շատ նախընտրում են տղամարդիկ, սեքսապաթոլոգը պատասխանեց, որ դա պայմանավորված է տղամարդու՝ ամեն ինչին շուտ հասնելու ցանկությամբ. «Տղամարդիկ այս դեպքում փորձում են շատ արագ տեմպերով իրենց սեռական վիրտուալ ցանկությունները բավարարել: Կանայք, բնականաբար, ինտերնետային ծանոթություններին այդքան էլ կողմնակից չեն այս դեպքում, և, բացի այդ՝ վիրտուալ շփումը և վիրտուալ սեռական ցանկությունները տղամարդկանց մոտ բավարարման առումով ավելի ամուր հենք ունեն, իսկ տղամարդիկ ավելի ազատ են այս առումով: Կանայք, ելնելով իրենց զուտ կենցաղային և, միևնույն ժամանակ, սոցիալական որոշակի խնդիրներից, ավելի սահմանափակ են: Այստեղ մի առանձնահատկություն էլ կա: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ տղամարդու համար այս տարբերակը սոցիալապես ավելի ձեռնտու է, որովհետև, պարզ ասած, ծախսատար պրոցես չէ»:  Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ասաց, որ կնոջ սեռական կյանքն ավելի շատ հոգևորից է բխում. «Կինը պիտի շփվի, կինը պիտի սիրի, ինքը պիտի զգացմունք ունենա: Նույնիսկ, եթե կինը սեփական ամուսնու հետ տանը կոնֆլիկտ է ունեցել, երեկոյան այդ կոնֆլիկտից հետո դժվարանում է սեռական կյանքի մեջ մտնել: Իսկ տղամարդու համար սեռականը ֆիզիկականից է բխում: Ինքը դոմինանտությունը տալիս է ֆիզիկականին, ու ինքը կարող է անծանոթ կնոջ հետ սեռական կյանքով ապրել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս