Շվեդ պատգամավորի ելույթը` ԵԽ ԽՎ-ում. «Եթե ցանկանում եք օգնել ՀՀ քաղաքացիներին, պետք է ճիշտը խոսել»
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) գարնանային նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին նաև Հայաստանի 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, և ներկայացվեցին դրանց մասնակցած եվրոպացի դիտորդների զեկույցները:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ, ռումինացի Քրիստիան Պրեդան նույնպես վերջին ընտրություններն արձանագրեց որպես առաջընթաց` կրկին 2008թ. «աղետալի» ընտրությունների համեմատությամբ:
Իսկ ֆրանսիացի սոցիալիստ Մ. Ռոկեն, ով նույնպես որպես դիտորդ ներկա է եղել փետրվարի 18-ին ՀՀ-ում կայացած ընտրություններին, նախ մեջբերեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ Հայաստանին օդի ու ջրի պես պետք է անցկացնել ազատ և արդար ընտրություններ` նշելով, որ այս ընտրություններն իսկապես ստուգատես էին` հայկական ժողովրդավարության համար:
Ֆրանսիացի պատգամավորը նույնպես իր հերթին չմոռացավ վերջին ընտրությունները համեմատել 2008 թ. նախագահական ընտրությունների հետ: «Կարծում եմ` սա մարտահրավեր էր, որին Հայաստանը դիմագրավեց հաջողությամբ»,- նշեց Մ.Ռոկեն:
Բացի այդ, նա նկատեց, որ այս ընտրությունների ընթացքում լրատվական դաշտն ավելի ազատ է եղել: Միաժամանակ Մ.Ռոկեն հիշեցրեց, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ և նշեց, որ երկիրն ունի տնտեսական լուրջ խնդիրներ, իսկ բնակչության ավելի քան 36 տոկոսն աղքատության շեմից ցածր է ապրում:
«Ուստի, անշուշտ, դեռ շատ աշխատանք պետք է կատարվի` հատկապես վարչական ռեսուրսների կիրառման տեսանկյունից: Սա քաղաքական կամքի խնդիր է: Համոզված եմ, որ մեր հայ գործընկերներն ունեն այդ կամքը և գիտակցում են, որ դրանք ծառայություն են բոլորի համար: Երբ Հայաստանը հաջողի այդ հարցում, դա կլինի խորհրդանշական»,- ասաց նա:
Վերոնշյալ զեկուցողներից ակնհայտորեն տարբերվեց ԵԺԿ անդամ, Շվեդիան ներկայացնող տիկին Մարիետտա Փյուրբեյ-Լունդինի զեկույցը: Շվեդ պատգամավորը նախ անդրադարձավ 2008 թ. ընտրություններին` հիշեցնելով դրանց ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների և Մարտի 1-ի 10 զոհերի մասին և նշելով, որ դրանց պատասխանատուները դեռևս չեն կանգնել արդարադատության առջև:
«2013 թ. նախագահական ընտրություններում ես տեսնում եմ բարելավում, բայց, միևնույն է, ես այս զեկույցը համարում եմ չափազանց դրական, քանի որ այն ամբողջությամբ չի արտացոլում ընտրությունների պատկերը»,- նշեց նա:
Փյուրբեյ-Լունդինը մատնանշեց մի քանի ցայտուն ընտրախախտումներ, որոնց ականատես է եղել Հայաստանում և նշեց, որ ընտրական հանձնաժողովների անդամները շատ հաճախ չէին ստուգում ընտրողների ինքնությունը, շատ հազվադեպ էին ստուգում անձնագրերի վերջին էջում առկա կնիքը:
«Այդ թանաքն ուղղակի խեղկատակություն է, դու կարող էիր մատով դիպչել և ջնջել այդ կնիքը, ես ինքս եմ փորձել: Բացի այդ` ընտրատեղամասերում կային մարդիկ, ովքեր ստուգում էին, թե ովքեր են քվեարկել, իսկ ով ոչ: Մի տեղամասում ես տեսա մի մարդու, ով վերցրեց քվեարկողների ցուցակի երկու էջ և դուրս եկավ»,- ասաց Փյուրբեյ-Լունդինը:
«Եվ իհարկե ընտրությունների հաջորդ օրը մենք բոլորս տեղեկացանք, որ ընտրատեղամասերի շուրջը եղել են բազմաթիվ մարդիկ` սև հագուստով և սև մեքենաներով, ովքեր փորձում էին ճնշում գործադրել մարդկանց վրա: Ես կասեի`այնքան էլ գեղեցիկ երևույթ չէր»,- նշեց շվեդ պատգամավորը` կոչ ուղղելով ԵԽ ԽՎ պատվիրակներին. «Եթե ցանկանում եք օգնել Հայաստանի քաղաքացիներին` անցկացնելու ժողովրդավարական ընտրություններ`պետք է ճիշտը խոսել»:
Իսկ անգլիացի պատգամավոր պրն Գայլն էլ նշեց, որ չի եղել դիտորդական առաքելության անդամ, բայց կարծիք հայտնեց, որ «այդ հրաշալի երկիրը ևս մի քայլ կատարեց դեպի ժողովրդավարություն»: