
«Այս ընտրությունները շատ ավելի մոտ են ժողովրդավարական համարվելուն». ԵԽ ԽՎ-ում քննարկվեց ՀՀ նախագահական ընտրությունները

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում, որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը, ի թիվս արևելաեվրոպական մի քանի երկրներում կայացած ընտրությունների, քննարկվեցին նաև Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները և եվրոպական դիտորդական առաքելությունը:
Դանիան ներկայացնող Շտեֆան Շեննախը, ով Հայաստանում մասնակցել էր և´ նախընտրական դիտորդական առաքելությանը, և´ ներկա էր եղել փետրվարի 18-ին կայացած ընտրություններին, իր ելույթում ասաց. «Նախագահական ընտրություններն իսկապես առաջադիմության նշան էին Հայաստանի ժողովրդավարության համար»:
Նա նշեց, որ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը «աղետալի» է եղել, այնուհետև` 2012 թ. կայացած խորհրդականական ընտրությունները, Շ.Շեննախի խոսքերով, նույնպես դժվար էր նկարագրել որպես ազատ և արդար:
«Այս ընտրությունները շատ ավելի մոտ են ժողովրդավարական համարվելուն»,- ասաց դանիացի պատգամավորը, ով նշեց, թե իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի ստացած ձայները` 58 տոկոս, որը այնքան էլ մեծ առավելություն չէ, «նույնպես լավ նշան է»:
Միաժամանակ Շեննախը կարծիք հայտնեց Հայաստանի բնակչությունն ակնհայտորեն որոշակի աստիճանով կորցրել է վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ` մատնանշելով, որ քվեաթերթիկների շուրջ 5 տոկոսն անվավեր է ճանաչվել: Ամեն դեպքում, Շեննախը, ընդգծելով, որ ամեն ինչ կատարյալ չի եղել, այնուամենայնիվ ընտրությունները ընդհանուր առմամբ բնութագրեց որպես «ազատ և արդար»: