Իշխանություններն անհանգստացա՞ծ են

«Ինձ համար չափազանց ծիծաղելի է, երբ լսում ես իշխանության ներկայացուցիչներին կամ սոցիոլոգներին, ովքեր ասում են, թե Երևանում 65 տոկոս ձայն կհավաքեն, բայց ընկած գզիրի նման մարզերում ձայներ են փնտրում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա հայտնեց, թե մարդկանց մարզերից Երևան են բերում, մարզպետներին տալիս են շտաբի տարածքներ. «Ես ստույգ ինֆորմացիա եմ հաղոդում, որ բոլոր մարզպետները հանձնարարություն են իջեցրել, իրենց հերթին, գյուղապետերին ու քաղաքապետերին, որ նրանք էլ իրենց հերթին՝ ներկայացնեն այն ազգականների ցուցակը, ովքեր Երևանում են բնակվում ու քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին: Իրականում մյուս կուսակցություններն այսպես են ձայն հավաքում: Մարզպետի պարտականությունը չէ՝ Տարոն Մարգարյանի համար ձայներ բերելու գործընթացի մասնակիցը դառնալ»: Ս. Սաֆարյանը նշեց, թե սա նաև ցույց է տալիս, թե որքան անհանգստացած է գործող իշխանությունն, ու որքան թույլ է նրա թեկնածուն, որը փորձում է վարչական լծակները կիրառել նաև գյուղերում բնակվող մարդկանց ազգականների քվեները Երևանում ստանալու համար:

Ըստ նրա՝ սա նորմալ գործընթաց չէ, այլ՝ անհավասարություն ստեղծող, ինչպես նաև օրենքի խախտում: Հանրապետական կուսակցությունը սրանով ցույց է տալիս, որ ձայն չունի Երևանում, որ, բացի այն, որ բացառված է մեծամասնության պարագան, կասկածելի է, որ կկարողանա հավաքել այն քառասունմեկ տոկոսը, որի արդյունքում միանձնյա կորոշի, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը»,- նշեց նա՝ համոզված լինելով, որ «Բարև, Երևան» դաշինքն ունի բոլոր հնարավորությունները հաղթելու համար:

Ս. Սաֆարյանը խոստովանեց, որ իրենց մտահոգում է, թե ինչպես է ընտրությունների շրջանակներում աշխատում Հանրապետական կուսակցությունը, ու հույս հայտնեց, որ իր մտահոգությունները կկիսի նաև Ոստիկանությունը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած հռչակագրին, Ս. Սաֆարյանը նշեց, որ իր համար այն ծրագրային ելույթ էր, իսկ այսօրվանից մեկնարկած մարզային հանդիպումները նպատակ ունեն երդմնակալությունից հետո հավատարիմ ու վճռական քաղաքացիների համակարգող օղակներ ձևավորել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս