Արմեն Ռուստամյան. Պետք է յոթ չափենք՝ մեկ կտրենք
Քիչ առաջ «Անի Պլազա» հյուրանոցում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած քաղաքացիական համաժողովին ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարություններն այն մասին, թե նախագահական ընտրություններից հետո ստեղծված հետընտրական շարժումը պետք է վերաիմաստավորվի ու վերադասավորվի:
Դա, ըստ Արմեն Ռուստամյանի, իրենք կկարողանան շարունակական դարձնել պայքարը: «Մեր կուսակցությունը չունի էլ ավելի մեծ ձգտում, քան հզորացնել ընդդիմադիր այս շարժումը: Առաջին պահից մենք պարզ տեսնում ենք, որ կան դժվարություններ, ոչ մի շարժում էլ Հայաստանում սահուն չի եղել: Ես ուրախ եմ՝ հենվելով այն սկզբունքի վրա, որ պետք է յոթ չափենք՝ մեկ կտրենք, նոր առաջ գնանք: Համոզված եմ, որ մեր չարիքների չարիքը, որից պետք է ազատվենք, միահեծան իշխանությունն է, որն այնքան օտարվեց ժողովրդից, որ մենք ունենք մի աներևակայելի վիճակ, որի մասին անկախության տարիներից պատկերացնել անգամ չէինք կարող»,- հայտարարեց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանի խոսքով, «պետությունը բոլորինն է, ձեռք է բերվել ժողովրդի զրկանքների գնով ու որևէ իշխանություն իրավունք չունի նույնացնել այն»:
Նա շեշտեց, թե իրենք չեն ուզում արյուն թափվի ու չեն տանի ժողովրդին այնպիսի ճանապարհով, որի արդյունքում «մեկի քթից անգամ արյուն կթափվի»:
Ներկաները բղավեցին՝ «բա Արմեն Մարտիրոսյա՞նը», ինչին ի պատասխան Ա. Ռուստամյանն ասաց. «Թող դրանով ավարտվի»:
Ըստ Ա. Ռուստամյանի՝ շարժումը տքնաջան, ամենօրյա աշխատանք է և պետք է ժողովուրդը պատրաստվի տևական պայքարի մշակույթին, որովհետև «ոչ մեկին էլ սկուտեղի վրա երբեք իր ուզածը չեն մատուցել»:
Նրա խոսքով, ժողովուրդը պետք է տեր կանգնի այս իշխանությանը, որ վերջինս ծառայի իր շահերին. «Սահմանադրության մեջ ինչ գրել են՝ թղթի վրա է մնացել, բայց տողերը իրականցնողը մենք ենք: Մեր նպատակը ժողովրդի իշխանությունը հաստատելն է, իսկ դրան պետք է գնանք հանգրվանային ճանապարհով: Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ է, երբ ասում է, որ հինգ տարի սպասել չի կարելի: Իսկ հինգ տարի չսպասելու առաջին ճանապարհը՝ պատճառների պատճառը վերացնելն է՝ վարչակարգին ծառայող համակարգը փոխելը, որից օգտվել են մեր երեք նախագահներն էլ: Պետք է հրաժարվել նախագահական այս համակարգից ու իշխանությունը մոտեցնել ժողովրդին: Պետք է արագորեն անցնել խորհրդարանական համակարգին, ձևավորվել նոր խորհրդարանական համակարգ ու հրաժարվել խայտառակ մեծամասնական ընտրակարգից, ստեղծել ընտրությունները վերահսկելու ընդդիմադիր մեխանիզմ»: