![](/banners/BeFunky-design.jpg)
Դեղորայքի շուկայում չարաշահումների փաստերով Լոռու մարզում քրեական գործ է հարուցվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/F619A4ED-6016-41E1-A968-5B9F08EAE283_w640_r1_s.jpg)
Տաշիրի բժշկական կենտրոնում հայտնաբերված չարաշահման դեպքերի առիթով Լոռու մարզի նորանշանակ դատախազ Հակոբ Ղարախանյանը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«308 հոդվածը պատասխանատվություն է սահմանում պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, 314 հոդվածը` պաշտոնեական կեղծիքի համար», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է Ղարախանյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անցած տարի հրապարակել էր դեղորայքի շուկայում արձանագրված չարաշահումների փաստեր: Մայրաքաղաքում և մարզերում գործող բուժհաստատություններից շատերը խախտել էին «Գնումների մասին» օրենքի պահանջները` դեղորայքը ձեռք բերելով առանց մրցույթներ հայտարարելու, սեփական հայեցողությամբ: Արդյունքում դեղորայքը գնվել է որոշ դեպքերում շուկայականից երեք անգամ թանկ գներով:
Նշված բուժհաստատություններից է Տաշիրի բժշկական կենտրոնը: Ըստ Լոռու մարզի դատախազության քննչական բաժնում նախապատրաստված նյութերի, 2009 թվականի փետրվարի 10-ին կենտրոնը պայմանագիր է կնքել «Նատալի Ֆարմ» ընկերության հետ` դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարման մասին: Ըստ նույն պայմանագրի ընկերությունը մասնակցել է դեղորայքի ձեռք բերման մրցույթին ու հաղթող է ճանաչվել: Մրցույթի անցկացման մասին արձանագրությունը, մինչդեռ, կազմվել է 2009 թվականի փետրվարի 13-ին, իսկ արդյունքներն ամփոփվել են փետրվարի 14-ին, այն է` պայմանագիրը կնքելուց չորս օր անց:
Նախաքննական մարմինը հետաքննում է խախտումների այլ փաստեր ևս:
Հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու Տաշիրի բժշկական կենտրո՞նը, թե՞ «Նատալի Ֆարմ» ընկերությունը, Լոռու մարզի դատախազը պատասխանել է. – «Ով ուզում է լինի: Մեղավորը պատժվելու է: Կատարվում է քննություն, պարզելու ենք, թե որ պաշտոնատար անձն է չարաշահել իր լիազորությունները, ինչպես են կատարվել կեղծիքները, մեղավոր անձինք պատժվելու են: Ես խոստացա, որ նախաքննության ավարտին ավելի մասրամասն տեղեկատվություն կտամ»: