
ՀՀ վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստը, որը վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկվել են օրակարգային երկու հարցեր՝ կառավարության ձևավորման և ավագանու ընտրությունների հետ կապված խնդիրները:
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։
Խորհրդի նիստում, նրա խոսքով, միաձայն որոշվեց և ՀՀԿ-ն երաշխավորեց, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացվի Տիգրան Սարգսյանը:
Պաշտպանության նախարարի պաշտոնում երաշխավորվեց Սեյրան Օհանյանի, իսկ ԱԳ նախարարի պաշտոնում Էդուարդ Նալբանդյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց կառավարության հրաժարականը: