Ի՞նչ են խոսել Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը 2007 թ. հուլիսին (տեսանյութ)

Այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Բարև, Երևան» դաշինքը, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր հերթական հանդիպումն անցկացրեց ընտրողների հետ: Ի թիվս մի շարք գործիչների` Պրահայի այգում ելույթ ունեցավ նաև «Ժառանգության» անդամ, «Բարև, Երևանի» ցուցակի 2-րդ համար Անահիտ Բախշյանը, ով իր ելույթը սկսեց պատմական ակնարկով:

Անահհիտ Բախշյանը, ով եղել է ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատմեց 2007 թ. հուլիսին ՀՀ կառավարությունում այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած մի հանդիպման մասին:

«2007թ. հուլիսին, երբ մենք արդեն խորհրդարանում էինք և արդեն որոշեցինք գնալ նիստերի, հինգշաբթի մի օր պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է կառավարություն` երկու րոպե ուշացումով, ուղղակի բոլորը նստում են, Սերժ Սարգսյանը դեռ վարչապետն է: Դուռը բացում է, Սերժ Սարգսյանն ասում է. «Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ, պարոն Հովհաննիսյան»: Ինքն ասում է. «Ես, որպես ԱԺ պատգամավոր, իրավունք ունեմ ներկա լինել կառավարության նիստերին»: Չորս կողմն է նայում, ուզում է տեսնի` ճի՞շտ է ասում, թե՞ չէ, կողքից մի հատ ծերուկ կա` 80 տարեկան, ամեն ինչ գիտի, գլխով սենց ա անում, ասում ա. «հա, ճիշտ ա ասում»: «Դե որ ճիշտ եք ասում, բա ինչի՞ եք ուշացել»,- (հարցնում է Սերժ Սարգսյանը): Րաֆֆին ասաց` «ներողություն», բայց դիտավորյալ, որ այդ երկխոսությունը լինի»,- պատմեց Անահիտ Բախշյանը` նշելով, որ այդ օրվանից հիմք դրվեց, որպեսզի «Ժառանգության» պատգամավորները մշտապես լինեն կառավարության նիստերին 5 տարի շարունակ, ինչն իրականում նախատեսվում է ԱԺ կանոնակարգ օրենքով:

Այս պատմությունը տիկին Բախշյանը հիշեցրեց այն նպատակով, որպեսզի ցույտ տա, որ Երևանի մասին օրենքում նույնպես կա նմանատիպ կարևոր օրենք, ըստ որի` Երևանի ավագանու երևանցիներն իրավունք ունեն այս կամ այն հարցը հանրաքվեի դնել:

Ա. Բախշյանն ասաց, որ վերջերս մի բանավեճի ժամանակ հարցրել է Երևանի ավագանու անդամներից մեկին, թե ինչո՞ւ չեն օգտագործում այդ օրենքը, ինչին ի պատասխան ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանել է, որ դրա նախադեպը չկա:

«Հիմա ես ասում եմ` «Բարև, Երևան» դաշինքը գնում է ավագանի և ստեղծելու է հերթական նախադեպը, բոլոր այն խնդիրները, որոնք կծագեն Երևանում և երևանցիները կբարձրաձայնեն, գոնե «Ժառանգության» ավագանու անդամներս, խոստանում ենք, անպայման պահանջել հանրաքվե»,- շեշտեց Անահիտ Բախշյանը:

Տեսանյութեր

Լրահոս