Նոր համակարգում քաղաքացիները, բիզնեսը, գործարարները ավելի ազատ շնչելու հնարավորություն կունենան

Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ շանս են՝ փոխելու իրավիճակը երկրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Վերջինս ներկայացրեց 6 խնդիր, որոնք, ըստ նրա, կլուծի ընդդիմությունը, եթե հաղթի Երևանի ավագանու ընտրություններին:

Ըստ Լ. Զուրաբյանի՝ ընդդիմության հաղթանակն էապես կթուլացնի ռեժիմի հնարավորությունները՝ վերահսկելու քաղաքական գործընթացները: Երկրորդ խնդիրը, Լ. Զուրաբյանի խոսքով, իշխանությունը քաղաքացուն վերադարձնելն է, ավազակապետական ռեժիմից ազատվելը:

Պետական կառավարման համակարգում՝ ընդդիմության հաղթանակով, ՀԱԿԿ փոխնախագահի հավաստմամբ, կստեղծվի հակակշիռների համակարգ, որից կօգտվի հասարակությունը:

«Եթե հիմա կառավարումը լրիվ ենթարկվում է Սերժ Սարգսյանին, ապա հետո քաղաքապետարանում կսկսեն գործել իշխանության կառավարման համակարգի կարգավորման լրիվ այլ մեխանիզմներ: Եվ քաղաքապետարանը կկառավարվի օրենքներով, ոչ թե Սերժ Սարգսյանի կամայականություններով»,- նշեց նա՝ ավելացնելով, որ չորրորդ խնդիրը, որը հաղթելու դեպքում կլուծի ընդդիմությունը՝ կլինի կոռուպցիայի նվազումը, կառաջանա իշխանության և ընդդիմությունը միջև մրցակցելու անհրաժեշտություն:

«Քաղաքական պայքարը Հայաստանում կտեղափոխվի նաև ավելի քաղաքակիրթ մրցակցության դաշտ, որովհետև ընդդիմությունը և իշխանությունը ստիպված են լինելու իրար հետ խոսել կոնկրետ փաստերով ու կառաջանա ոչ թե խոսքի, այլ գործի կռիվ: Ստեղծված այս նոր համակարգում քաղաքացիները, բիզնեսը, գործարարները ավելի ազատ շնչելու հնարավորություն կունենան»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս