
Պայթյունավտանգ իրավիճակ Պռոշյան գյուղում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, քանի որ մեծ թվով գյուղացիներ հավաքվել են գյուղապետարանի առջև և իրենց բողոքն են հայտնում՝ կապված ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով ձերբակալված նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյանների կալանավորման փաստով:
Ինչպես Պռոշյան գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 300-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանից ոտքով շարժվել են դեպի Աշտարակ-Երևան մայրուղին և սպառնում են փակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ եղբայրներն անհիմն են կալանավորվել:
Գյուղացիներին մի քիչ կարողացել է հանգստացնել եղբայրների փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, ով գյուղացիներին հայտնեց, որ այսօր՝ կեսօրին, վերաքննիչ դատարանը քննելու է իր միջնորդությունը՝ կապված եղբայրների՝ որպես խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը:
Տեղում են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, ովքեր նույնպես հսկում են, որպեսզի ճանապարհը չփակվի: