Հայաստան գերադասում են ներկրել մինչև 5000 դոլար արժողությամբ մեքենաներ
Հայաստան ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների քանակը 2012թ. կտրվածքով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 16 տոկոսով: Այս մասին հաղորդում է galatv.am կայքը:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով` ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների մեջ գերակշռում են մինչև 5 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենաները, որոնց ընդհանուր քանակը կազմել է 20592 կամ` ընդհանուրի շուրջ 60 տոկոսը:
Նախորդ տարվա համեմատ` մինչև 5 հազար դոլար արժեքով մեքենաների ներմուծման թիվն ավելացել է 23 տոկոսով: Մինչ 2008թ. ճգնաժամը Հայաստանում գերադասում էին 5 հազար և ավելի ԱՄՆ դոլար արժողությամբ ավտոմեքենաները, սակայն վերջին 4 տարիներին ներմուծվող ավտոմեքենաների գնային սանդղակը շարունակում է իջնել:
Երկրորդ տեղում են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաները` 7949 մեքենա: Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել գնային առումով ավելի բարձր`15-30 հազար դոլար գնահատվող ավտոմեքենաներին`1755:
Ինչ վերաբերում է թանկարժեք ավտոմեքենաներին, ապա 30 հազար և ավելի դոլար արժողությամբ մեքենաների նկատմամբ պահանջարկը 2011թ. համեմատ 2012թ. նույն ժամանակահատվածում աճել է 9 տոկոսով` 1567 ավտոմեքենա:
2012թ. Հայաստան է ներկրվել 34683 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 34 մլրդ 683 մլն դրամ: