
Սաակաշվիլին պատրաստ է մեկնել թեկուզ Աֆղանստան, միայն թե մայիսի 26-ին Թբիլիսիում անցկացվի զորահանդես

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Անկախության օրը (մայիսի 26) մեկնել թեկուզ Աֆղանստան և դրանով իսկ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությանը հնարավորություն տալ անցկացնել զորահանդես.
«Բոլորին քաջ հայտնի է, որ ներկայիս կառավարությունը չի ցանկանում անցկացնել զորահանդես, որպեսզի ես չընդունեմ այն: Սակայն ես պատրաստ եմ օգնել նրանց դուրս գալ այդ դրությունից և մեկնել երկրից, իսկ զորահանդեսը թող ընդունի վրաց ժողովուրդը:
Զորահանդեսն անհրաժեշտ է երկրին, բանակին, ժողովրդին: Դա կարևոր գործոն է, պետության կարևոր բաղադրիչ, քանի որ մենք պետություն ենք և ոչ թե էթնոգրաֆիական միավոր: Անկախության օրը զորահանդես անցկացնելն անհրաժեշտ միջոցառում է»:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կարիք չկա մայիսի 26-ին զորահանդես անցկացնելու համար, քանի որ Վրաստանն այն երկիրը չէ, ով պետք է ի ցույց դնի իր զորեղությունը:
Չնայած դրան՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ մայիսի 26-ին անպայմանորեն կցուցադրվի ռազմական բաղադրիչ:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն հայտարարել էր, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի հրավիրվելու մայիսի 26-ին Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը: