Բաժիններ՝

ՀՀ-ԵՄ ազատ առևտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ

Երևանում այսօր մեկնարկել է ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ, DCFTA) ստեղծման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը: Այս մասին տեղեկացնում է Banks.am-ը։
ՀՀ բանակցային թիմը գլխավորող ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ 5-րդ փուլի ընթացքում, որը կընթանա 2 օր, կշարունակվեն բանակցությունները ԽՀԱԱԳ բանակցային ուղղությունների տեքստերի շուրջ (վեճերի կարգավորում, ծագման կանոններ, ծառայություններ, մտավոր սեփականություն, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարիա և բուսասանիտարիա), ինչպես նաև կընթանան բանակցություններ մաքսատուրքերի դրույքաչափերի և ծառայությունների ազատականացման փոխադարձ առաջարկների շուրջ:

«Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից: Մաքսային դրույքաչափերի և պետական գնումների ոլորտին վերաբերող հարցերի շուրջ բանակցությունները, ըստ էության, արդեն ավարտված են, և բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել», – ասել է փոխնախարարը:

Եվրոպական պատվիրակության ղեկավար, գլխավոր բանակցող, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դևինյեն ևս գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ բանակցությունների ընթացքից և հույս հայտնել, որ Հայաստան-ԵՄ ԽՀԱԱԳ համաձայնագիրը կստորագրվի Արևելյան գործընկերության այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում:

Համաձայնագիրը ենթադրելու է Հայաստանի և ԵՄ միջև ապրանքների, կապիտալի և ծառայությունների ազատ փոխադարձ հոսք: Գործող բոլոր փոխադարձ մաքսատուրքերը պետք է զրոյացվեն, իսկ առանձին ապրանքատեսակների (հիմնականում՝ գյուղատնտեսական) համար սահմանվելու է մինչև 7 տարվա անցումային շրջան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս