Բաժիններ՝

«Անալիտիկ երկխոսությունից ճշմարտություններ են ծնվում»

Նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանը համարում է, որ պատմության մեջ ամրագրվում են հայտնագործողները: Թերևս մի երևույթ, որն այսօր շատ է պակասում ինչպես` հայաստանյան իրականության մեջ, այնպես էլ՝ աշխարհում:

Նա հիշեցնում է, որ Սեզանը ոչ մի լուրջ ցուցահանդեսի չի մասնակցել, համարվել է չվաճառվող նկարիչ, բայց պատմության մեջ նա մնացել է` որպես կուբիզմի կերտող: «Նյութը դարձել է առաջնորդող»,- ասում է Ե. Մարտիրոսյանը՝ հավաստիացնելով, որ մարդն այնքան է հոգևոր դաշտից հեռացել, որ իր բնական բոլոր պահանջմունքները կոմպենսացնում է նյութեղենով, որի արդյունքն արժեքային համակարգի խեղաթյուրումն է: Նա հիմա պատրաստվում է իրականացնել բավականին հետաքրքիր «Գունային դաշտեր» խորագրով մի նախագիծ: Ի դեպ, գունային դաշտեր նկարչական ուղղությունն ի հայտ եկավ էքսպրեսիվ աբստրակցիոնիստներից հետո, որի շեշտադրումը, ինտենսիվությունը գույնն է, այլ կերպ ասած՝ գույնն ինքնուրույնություն, էություն է:

Evgeni (7)

«Դալան» գալերեայում առաջիկայում իրականացվող այդ ցուցահանդեսին կմասնակցեն այն նկարիչները, որոնց նկարչական ինտենսիվությունը գույնով վերապրումն ու հեռանկար ստանալն է: «Pop-art»-ից անցումն աբստրակցիոնիզմ նկարչուհի Ե. Մարտիրոսյանի մոտ որքան` նկարչական լեզվի բախում, նույնքան էլ՝ մի ուղղությունից մյուսի անցման ներդաշնակ շարունակություն են արձանագրում: Թեև նա վաղուց «Pop-art» ուղղությունից դուրս է եկել, այդուհանդերձ, մեզ համար իսկական բացահայտում էր Ե. Մարտիրոսյանի այդ աշխատանքները, որոնք կարծես հիշողության փաստագրում, պատմությունների քրոնիկոն լինեն: Նկարչական ուղղությունների այս շրջապտույտը նա համարում է ինքն իրեն գտնելու խմորում, իսկ աբստրակցիայում գաղափարների որսը կշարունակվի այնքան, մինչև չնկարված գործերը նկարվեն: Այնուամենայնիվ, նա հիմա աբստրակցիայի միջոցով փորձում է գունային հպում, ակնարկ, տրամադրություն ու էներգիա արձակել:

Կարդացեք նաև

Evgeni (1)

Անդրադառնալով ցուցադրման կուլտուրային՝ նա մի քանի դիտարկումներ անելով` փորձում է ներկայացնել ժամանակակից արվեստի գաղափարների «իրացման» ձևաչափի և այն հասարակությանը հասցնելու արդյունավետ մոդելի օրինակները. «Նկարիչը պարտավոր է ցուցահանդեսը բացելուց առաջ հանրությանը ներկայացնել իր կոնցեպցիան՝ այդպիսով իրազեկելով իր նկատակների, իդեաների մասին: Հակառակ դեպքում՝ նպատակը դառնում է նկարները պատերին փակցնելն ու հանելը: Շատ կարևոր է ցուցահանդեսին արվեստի գիտակների մասնակցությունը: Նկարիչը պետք է պատրաստ լինի տարակարծությանն ու հիմնավորված քննադատությանը: Հայաստանում անալիտիկ միտքը շատ է պակասում, մինչդեռ հենց դա է առաջ մղողը: Մեզ մոտ առհասարակ բացակայում են պրոցեսները, ընդ որում` այդ դիալոգներից ճշմարտություններ են ծնվում»:

Վերջին տարիներին Երևան քաղաքի փոքրաթիվ պատկերասրահներում կամ Ժամանակակից արվեստի թանգարանում իրականացվող բոլոր ցուցահանդեսներին մենք նկատում ենք մի երևույթ, երբ դրանք բացվում և փակվում են միևնույն մարդկանց մասնակցությամբ: Այլ կերպ ասած՝ դրանք բացվում են հեղինակի ընկերների, նկարիչների մասնակցությամբ, որոնք շնորհավորում են, ծափահարում են, բայց երբեք ոչ մի նկատառում, բացասական կարծիք կամ քննադատություն չեն հնչեցնում: Չկա երկխոսություն, բանավեճ, հակառակ կարծիքների բախում, ինչի հետևանքն անաղմուկ, «սուսիկ-փուսիկ» իրականացվող ցուցահանդեսներն են, որոնց իրականացման մասին ինֆորմացիան այդպես էլ չի հասնում շարքային մարդուն:

– Իսկապես վերլուծությունների, քննադատությունների պակաս կա, որը շարժիչ ուժ պետք է լիներ արվեստագետի համար: Այս իմաստով շատ մեծ աշխատանք է կատարում Նազարեթ Կարոյանը, ով ստեղծեց կուրատորական դպրոց: Հայաստանում նկարիչներ, հումք շատ կա, բայց այն ներկայացնող չկա: Նազարեթը կարողացավ այդ դպրոցը ստեղծել, և առաջիկայում, կարծում եմ՝ մեր իրականության մեջ շատ բան փոփոխության կենթարկվի: Արվեստաբան Վարդան Ազատյանն էլ Գեղարվեստի ակադեմիայում դասավանդում է, ու ուսանողները շատ մեծ պոտենցիալ ունեն: Ի դեպ, մենք շատ մեղք էինք սովորելու տարիներին, որովհետև իմպրեսիոնիզմից հետո արվեստի պատմության թեորիան շատ թույլ էր, ավանգարդ արվեստ ընդհանրապես չէր դասավանդվում:

Evgeni (2)

Հիմա Վ. Ազատյանի շնորհիվ` շատ լավ երեխաներ են կրթվում, շատ գրագետ վերլուծություններ են անում: Իսկ ընդհանրապես ցուցահանդես այցելելու կուլտուրան պետք է ներմուծել նախ` երեխաների մեջ: Մանկուց պետք է երեխային նկար նայել սովորեցնել, տանը նկար կախել, իսկ եթե նկար գնելու հնարավորություն չկա՝ պետք է ռեպրոդուկցիաներ կախել: Երեխան փոքրուց պետք է Լեոնարդո, Սարյան տեսնի, որովհետև այդ վիզուալն իր գիտակցականի մեջ ամրագրվում է:

Այնուհետև դպրոցը պետք է կրթի և, եթե նորմալ դպրոց է, ապա պետք է աշակերտներին պարբերաբար պատկերասրահ տանի: Արվեստի դպրոցների առկայությունը շատ արդյունավետ է, և աշխարհում այն շատ զարգացած է: Շատ կարևոր է երեխային նկարչությամբ կրթել, քանի որ այն հետագայում կարող է նաև դիզայնի վերածվել: Այսօր ամբողջ Երևանն անճաշակություն է, որովհետև դա չկրթվելու հետևանք է: Քաղաքը ոճ չունի:

Evgeni (5)

– Փաստորեն, մենք հարկադրված «ընկալում» ենք այն անգրագետ գեղագիտությունը, որը վերարտադրվում է քաղաքը կառուցողների կամ քաղաքի ոճը կազմակերպողների կողմից:

– Անշուշտ, սկսած շինություններից` մինչև ցուցանակներ, որոնց դիզայնը անգրագիտության հետևանք է: ԱՄՆ-ում ես եղա հայկական մի հանրակրթական դպրոցում, որտեղ երեխաները լինոգրաֆիա էին սովորում: Նրանք փոքրուց արդեն գիտեն՝ ինչ բան է մինիմալ արվեստը, էքսպրեսիվ աբստրակցիոնիզմը, լիրիկական աբստրակցիան, և ապագայում նրանք կունենան գեղարվեստական բարձր ճաշակ: Մինչդեռ մեր երեխաները տարրական գիտելիքներ չունեն նկարչության մասին, և ապագայում նույնպես քաղաքում շատ տգեղ շաուրմայի ցուցանակներ կունենանք:

– Հայաստանյան մի քանի բուհեր տարեկան մեծ թվով արվեստաբաններ են «արտադրում», բայց դժբախտաբար նրանք չեն իրացվում:

– Իսկապես չկան այն հաստատությունները, կառույցները, որտեղ պրոֆեսիոնալ արվեստաբաններն իրենց գիտելիքները կիրացնեն: Օրինակ՝ գալերեաներում կարող են վալանտյորներ աշխատել, որպեսզի այդ փուլից հետո առաջիկայում պատրաստված «գալերեյշիկներ» լինեն: Ցավոք, նրանց համար ճանապարհներ չեն բացվում: Ընդհանրապես ներկա իրավիճակում, հատկապես` արվեստում, շատ պակասում է քննադատությունը: Նկարիչներն էլ իրենք պետք է պատրաստ լինեն քննադատություն լսելուն՝ հասկանալով, որ դա ոչ թե մարդու դեմ է, այլ արվեստի զարգացման մեխանիզմ է: Շատ դեպքերում իսկական արվեստագետը, նկարիչը կարող է դառնալ ձևավորող: Օրինակ՝ Մարկ Ռոդկոն ռեստորանի համար ձևավորում արեց, այնուհետև շատ ծանր դեպրեսիա ապրեց: Դա նաև ինքնասպանության պատճառ կարող է լինել. նկարը չպետք է դեկորացիա դառնա:

Evgeni (1)

– Շուտով ավագանու ընտրություններն են. հետաքրքիր է՝ արվեստագետներին հետաքրքրո՞ւմ է այն հանգամանքը, թե տվյալ թեկնածուն նախընտրական ծրագրում արվեստի ոլորտի համար ի՞նչ է խոստանում:

– Մենք սոցիալական երկիր ենք, սոցիումի, սոցիալական բարեկեցության մասին մտածելն է առաջնահերթություն: Ես չեմ նկատել, որ որևէ թեկնածուի նախընտրական ծրագրում արվեստի ոլորտին հատկացված բաժին լինի: Շատ կարևոր է, որ թեկնածուներն իրենք փորձեն արվեստագետներից այս դաշտի խնդիրները լսել, ինչը բացակայում է: Օրինակ՝ բոլորը խոսում են աղբատար մեքենաների, ասֆալտապատման, վերելակների մասին, բայց թեկնածուները պետք է գիտակցեն շատ կարևոր մի հանգամանք. մենք գտնվում ենք աղետի գոտում և այս բարձրահարկերն ընդհանրապես պետք է վերացնել: Հակոբ Հակոբյանը շատ էր ասում, որ քաղաքի առաջնահերթությունը բարձրահարկ շենքերի ոչնչացումն է:

Evgeni (6)

Մենք այնքան շուտ ենք մոռանում մեր ողբերգությունը, որի վտանգը միշտ կա: Անդրադառնալով արվեստին՝ նշեմ, որ, օրինակ, որևէ թեկնածու նույնիսկ նպատակահարմար չի գտնում շոշափելու այն հարցը, թե «Modern-art»-ի շենքն առաջիկա տարիներին նո՞ւյնպես տեղակայված է լինելու բազմահարկ շենքի ներքնահարկում, որտեղի կոյուղաջրերը հոսում են նկարների վրա, թե՞… Ընդ որում, թանգարանի վերնահարկի բնակարանն ավելի քիչ գումար կարժենա, քան այն նկարը, որի վրա այդ բնակարանի կոյուղաջուրն է թափվում: 350.000 դոլար արժեցող մի քանի հատ զուգարանի փոխարեն` կարելի էր թանգարանի շենք գնել, բայց…

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս