Աղվան Վարդանյան. «Մենք չենք հասկանում ամսի 9-ի Ոստիկանապետի հետ մոմավառությունը, Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը»
Ապրիլի 12-ին կայացած հերթական հանրահավաքում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին ապրիլի 19-ին հրավիրել էր միջոցառման, որը տեղի կունենա Անի հյուրանոցում: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, խոսելով այդ մասին, նշեց, թե Դաշնակցության համար դեռևս հստակ չէ, թե ի՞նչ է նախատեսվում անել Անի հյուրանոցում:
«Վերջին հանրահավաքին, որին մենք ներկա էինք, պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլորին հրավիրում է Անի հյուրանոց: Մի քիչ դժվար եմ պատկերացնում հանրահավաքին Անի հյուրանոց հրավիրելը: Հետո արդեն «Ժառանգության» տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ դա շարժումն ինստիտուցիոնալացնելու խնդիր ունի, նաև վերկուսակցական ինչ-որ մի կառավարման բան, «քաղաքացիական ֆորում» անունը հնչեց: Մեզ համար դեռևս անորոշ է: Ես վստահ եմ` եթե իրենք նախաձեռնել են այս հանդիպումը, կդիմեն քաղաքական ուժերին, այդ թվում` առաջին հերթին Դաշնակցությանը, և կասեն, թե ի՞նչ հանդիպում է և ի՞նչ են նախատեսում քննարկել»,- նշեց Աղվան Վարդանյանը` ավելացնելով, որ Դաշնակցությունը հրավերի դեպքում միշտ պատրաստ է մասնակցելու նման միջոցառումներին:
Միաժամանակ դաշնակցական գործիչը նշեց, որ ՀՅԴ-ն իր մոտեցումն այս շարժման վերաբերյալ հայտարարել է դեռ առաջին օրերից` ավելացնելով, որ այդ շարժումը բացառիկ կարևոր է երկրի խնդիրները լուծելու համար:
«Այս շարժումը ձևավորվել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, մենք շատ բարձր ենք գնահատում նրա դերակատարությունն այս շարժման մեջ, բայց մենք ունենք մեր մոտեցումները, որոնք շատ տեղերում տարբերվում են: Մենք գտնում ենք, որ, այո´, շարժումը պետք է կազմակերպել, ինստիտուցիոնալացնել, բայց սա պիտի լինի հստակ նպատակներով, հանգրվաններով: Ուզենք, թե չուզենք, նախագահական ընտրություններն ավարտվել են»,- ասաց նա:
Այս համատեքստում Աղվան Վարդանյանը դիտարկեց առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները, որոնք, ըստ նրա, ընդդիմության առաջին խնդիրը և հերթական հանգրվանն են:
«Ցավոք, որոշ հարցերում մենք տարբերություններ ենք տեսել, մեր մոտեցումները չեն ընկալվել: Նույն շարժման կազմակերպման, համակարգման առաջարկները մենք արել ենք առաջին օրվանից, ասել ենք` ինչպես ենք պատկերացնում, ասել ենք` ինչպես պիտի հզորանա այս շարժումը, որպեսզի իշխանությունները հարկադրված լինեն գնալ այնպիսի արմատական փոփոխությունների, որոնք մեր երկրում բան կփոխեն, մթնոլորտ կփոխեն, միակուսակցական համակարգը կվերացնեն,- շարունակեց Աղվան Վարդանյանը և ավելացրեց,- Մենք բացառիկ կարևորում ենք այս շարժումը, բացառիկ կարևորում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի անձի դերակատարությունը, բայց կան բաներ, որ մենք չենք հասկանում. մենք չենք հասկանում մի օրով Մոսկվա գնալը և «հայ ժողովրդի հաղթանակը» Մոսկվայից բերելը, մենք չենք հասկանում ամսի 9-ի Ոստիկանապետի հետ մոմավառությունը, մենք չենք հասկանում, օրինակ, ամսի 9-ին Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը: Որքան մենք գիտենք, Հիսուսը հարություն է առել»: